Լրահոս
Օրվա լրահոսը

«Պատկերացնո՞ւմ եք, թե Լուկաշենկոն ինչեր է ասում, երբ տեսախցիկներ չկան». Մամիջանյանը հիշեցնում է Լուկաշենկոյի եւ Սերժ Սարգսյանի ձայնագրությունը

Փետրվար 08,2022 17:57

Այսօր ԱԺ հայտարարությունների ժամին «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանն անդրադարձավ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ Վլադիմիր Սոլովյովին տված հարցազրույցին, որտեղ նա ասել էր, թե Բելառուսի և Ռուսաստանի Միութենական պետությանը կարող են միանալ հետխորհրդային տարածության նաև այլ հանրապետություններ, և մեծ հավանականությամբ՝ Հայաստանը, որովհետև «ոչ մեկին պետք չէ»:

Մամիջանյանը հորդորեց հիշել, թե Լուկաշենկոն ինչպես էր խոսում Սերժ Սարգսյանի հետ, այն էլ՝ տեսախցիկներից դուրս. «Բոլորս վրդովված ենք Բելառուսի նախագահի խոսքից, բայց գուցե փորձենք հասկանալ դրա պատճառները: Պատճառները հասկանալու համար խորհուրդ կտամ նորից լսել Լուկաշենկոյի եւ Սերժ Սարգսյանի ձայնագրությունն ու տարբերել, թե ինչպես էին մինչեւ 2018-ը խոսում մեր երկրի ղեկավարի հետ առանց տեսախցիկների ու ինչպես են խոսում հիմա Փաշինյանի հետ տեսախցիկների առաջ: Պատկերացնո՞ւմ եք, թե ինչեր են ասում, երբ տեսախցիկներ չկան»:

Նա անթույլատրելի համարեց Լուկաշենկոյի հայտարարությունները ու ասաց՝ Հայաստանը գնալու տեղ ունի, ավելին՝ նպատակներ ունի. «Հայաստանն ու Արցախը եղել ու շարունակելու են մնալ քրիստոնյա աշխարհի  դարպասը: ՀՀ-ն շարունակելու է լինել Արցախի ժողովրդի արդար ինքնորոշման երաշխավորն ու աջակիցը: Մեր երկիրը ոտքի է կանգնելու եւ ազատվելու է կապիտուլյացիայից ու դրա պատճառը հանդիսացող խմբակի վերընտրելու խայտառակ խարանից»:

Դիմելով Լուկաշենկոյին՝ Մամիջանյանն ասաց. «Մի՛ նույնականացրեք Հայաստանն ու Նիկոլ Փաշինյանին, մի կարծեք, թե Հայաստանի հետ կարող եք խոսել այն նույն ձեւով, ինչպես խոսում եք Փաշինյանի հետ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28