Լրահոս
Օրվա լրահոսը

Անահիտ Ավանեսյան․«Առողջության համապարփակ ապահովագրությունն ամեն ինչ չի փակելու եւ չի էլ կարող»

Փետրվար 15,2023 16:23

Առողջապահության նախարարությունը առողջության համապարփակ ապահովագրության ներդրմանը զուգահեռ մշակում է բժշկական ծառայությունների գործելակարգեր, որոնք նախատեսում են հիվանդության բուժման նույնանման սխեմաներ։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։  Գործելակարգերի մշակման նպատակը, ինչպես նախարարն ասաց, այն է, որ հիվանդը, լինի դա Մեղրիի, Գյումրու կամ Երեւանի բուժհիմնարկում, տվյալ հիվանդացության դեպքում ստանա նույնանման բուժում։

«Ունենք բազմաթիվ ուղեցույցեր, որոնք գործում են, եւ տարբեր հիվանդանոցներ կիրառում են դրանք։ Բայց ընդհանուր, որպես նորմատիվային ակտ, պարտադիր հետեւելու առումով բացեր ունենք։ Այս տարի մեր առաջ խնդիր ենք դրել մոտ երեք հարյուր գործելակարգեր, որոնք փակում են բժշկական ծառայությունների մեծ մասը, այս տարվա ընթացքում մշակենք, ներդրենք, եւ դրանք դառնան կիրառելի ու պարտադիր բուժհաստատությունների համար»,-ասաց նախարարը։

Նրա խոսքով՝ այդ գործելակարգերը հաստափոր ուղեցույցերից ծաղկաքաղ են արվել, դրանք վերաբերում են կարեւոր հետազոտություններին եւ բուժման սխեմաներին․«Մենք ապահովելու ենք, որպեսզի համակարգի ներդրման ժամանակ ունենանք այդ բոլոր հիմնական ուղղությունների մասով մշակված ներդրված գործելակարգեր։ 2024 թվականից դրանք պարտադիր կլինեն»։

Հարցին՝ բժիշկները  դժգոհություններ ունեն, որ մի շարք թանկարժեք վիրահատությունների շատ քիչ տոկոսն է փակելու ապահովագրավճարը, դրանց մեջ են նաեւ ուռուցքային հիվանդությունները, մտավախություն կա, որ բժիշկները կխուսափեն ապահովագրավճարով ծառայություն մատուցել, նախարարը պատասխանեց․ «Ապահովագրական համակարգը ամեն ինչ չի փակելու եւ չի էլ կարող։ Մեզ համար կան առաջնային խնդիրներ, որ պետք է լուծենք, եւ մեր տնտեսության, երկրի զարգացմանը զուգընթաց պետք է ընդգրկենք նորանոր ծառայություններ։ Այս պահին  գործող ծառայությունների մեծամասնությունն ընդգրկված է ապահովագրական փաթեթի մեջ, դրանք նաեւ թանկարժեք վիրահատություններն են, միջամտություներն են, դեղորայքային բուժումն ու հետազոտությունները։ Սակայն այսօր էլ մեծամասամբ չեն վճարվում թանկարժեք վիրահատությունները, բայց մի մասը փակում է պետպատվերը։ Հիմա մեր նպատակն այն է,  որ այդ պետական պատվերը վերածվի ապահովագրական փաթեթի՝ ավելի լայն ծառայություններով։ Բայց միշտ էլ կմնան որոշ ծառայություններ, որոնք չեն ներառվի, օրինակ՝ պլաստիկ վիրահատությունները»։  Բայց, օրինակ, կրծքագեղձի քաղցկեղի վիրահատությունից հետո, երբ կուրծքը հեռացված է, եւ կարիք կա պլաստիկ վիրահատության,  ապահովագրության փաթեթում այս տեսակ վիրահատությունը ներառված չէ։

Իմունաթերապիան, ըստ նախարարի, այս պահին ապահովագրական փաթեթում նույնպես ներառված  չէ․«Մեր նպատակն է, որ  առաջին անհրաժեշտության փաթեթը լինի իրատեսական, հաշվարկված լինի իրատեսական գներով եւ հասանելի լինի մեր բնակչությանը։ Քիմիաթերապեւտիկ դեղերի առումով այսօր գործող պետական ծրագրերից նվազեցումներ չեն լինելու, հակառակը, լինելու է ավելացում»։

Տնտեսագետները մտահոգություններ են հայտնել փաթեթի ծավալը սահմանելու հաշվարկների առնչությամբ, ինչպես նաեւ հարցադրումներ հնչեցրել, թե ինչու է պետական հիմնադրամն իրականացնելու ապահովագրության համակարգի գործառույթները։

Այս առնչությամբ Ավանեսյանն ասաց՝ հայեցակարգը հիմնվել է շատ խորը ակտուարական հաշվարկների վրա, դրա մշակումը մի քանի տարի է տեւել․«Մանրակրկիտ հաշվարկներ են իրականացվել՝ ծառայությունների, բովանդակության ծավալի, գների եւ այլն, եւ  ոչ միայն  մեր թիմի, այլեւ միջազգային փորձագետների հետ, Համաշխարհային բանկի օգնությամբ, ՀՀ կենտրոնական բանկն ու ֆինանսների նախարարությունը, բոլոր կառույցները ներգրավված են եղել։ Մենք ունենք մեթոդաբանություն, որի հիման վրա կթարմացվեն հաշվարկները, որոնց շեղման հետ կապված էլ ունենք մոտավոր պատկերացում, այդ շեղումն այնպիսին չի լինի, որ սկզբունքային փոփոխություն արվի հայեցակարգում»։

Ավանեսյանը վստահեցրեց՝ այսօր քաղաքացին հետազոտությունների եւ մեկ ոչ թանկարժեք վիրահատության համար վճարում է կրկնակի, եռակի անգամ ավելին, քան տարեկան ապահովագրավճարն է լինելու։

Ինչ վերաբերում է մասնավոր ապահովագրական ընկերություններին՝ ապա նախարարն ասաց․«Երկար դեբատների միջով ենք անցել թե՛ տնտեսագետների, թե՛ առողջապահական ոլորտի մասնագետների հետ՝ հաշվի առնելով լավ համակարգեր ունեցող երկրների փորձը։ Հայաստանի համար այս պահին օպտիմալ տարբերակը պետական մեկ ապահովագրական ֆոնդն է,  որովհետեւ մենք պետք է հասկանանք՝ որքան մասնատված են ռիսկերը, այնքան ավելի պետության եւ քաղաքացու համար ծախսը մեծանում է։ Վրաստանում  համակարգը սկզբում գնաց մասնավոր ապահովագրական ընկերությունների միջոցով, այնտեղ մեծ մասը մասնավոր բուժհաստատություններ են, եւ առողջապահական ծախսերն արագ ավելացան։ Հիմա նրանք ռեֆորմը վերանայում են»։

Նախարարը վստահեցրեց՝ համակարգը մրցակցային պայմանները չի խաթարի, ասաց՝ մրցակցությունը շարունակվելու է, քանի որ մասնավոր բուժհիմնարկների թիվը պետականից ավելին է, եւ  որակյալ ծառայություններ մատուցելու առումով մրցակցություն պետք է լինի։

Եթե աշխատող քաղաքացին  վճարում է ապահովագրության փաթեթի համար, սակայն որոշ ժամանակ հետո կորցնում աշխատանքը, ապա, ըստ նախարարի,  նրա փաթեթը որոշակի ժամկետով կգործի, ժամկետը դեռ չեն որոշել, դիտարկում են  3-6 ամիս։

Ուսանողները եւս կընդգրկվեն փաթեթում՝ ապահովավճարի դիմաց, պետության սուբսիդավորման չափը դեռ որոշված չէ։

Իսկ եթե, ասենք, քաղաքացին մեկ տարի ապահովավճար է կատարում ու այդ ընթացքում չի օգտվում ծառայություններից, ապա գումարի վերադարձ կամ փոխանցում մյուս տարվա վրա չի նախատեսվում։

Մինչեւ 18  տարեկան երեխաներին ապահովագրելու է պետությունը, այսինքն, նրանք այսօր պետպատվերի շահառուներ են, ուստի ավտոմատ կդառնան պետության կողմից ապահովագրված խումբ։

Մասնավոր ապահովագրական ընկերությունները, ինչպես նշեց նախարարը, շարունակելու են աշխատել՝ հավելյալ ծառայությունների փաթեթներ առաջարկելով։

Նախատեսվում է, որ 2025-ին համակարգում  կներառվեն բոլոր թոշակառուները՝  պետության կողմից ապահովագրվելու ձեւով։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728