Լրահոս
Օրվա լրահոսը

Դպրոցական աղջիկներն ու տղաները պարտադիր կմասնակցեն  մարզառազմական ճամբարների․ ԿԳՄՍՆ ներկայացուցիչ

Փետրվար 15,2023 17:38

2023-2024 ուսումնական տարվանից սկսած՝ մարզառազմական ճամբարները պարտադիր կդառնան բոլոր դպրոցների ավագ դասարանների համար:

Մեդիա կենտրոնում այդ թեմայով կայացած կայացած քննարկման ժամանակ ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը հիշեցրեց, որ 2021 թ․ Կառավարության կողմից ընդունվել են Հանրակրթության պետական նոր չափորոշիչները, եւ դրանց հիման վրա նաեւ մշակվել ու այժմ  Տավուշի մարզում փորձարկվում  են առարկայական ծրագրերն ու չափորոշիչները։

«Առարկայական ծրագրերն ու չափորոշիչները, ինչպես նշեցի, փոխվում են, եւ այդ առումով բացառություն չի կազմում նաեւ Նախնական զինվորական պատրաստություն (ՆԶՊ) առարկան։ Մասնագիտական հանձնաժողով է ձեւավորվել, վերանայվել են առարկայական չափորոշիչը եւ ծրագիրը։ Նոր չափորոշիչներով ՆԶՊ առարկայի գործնական մասին բավականին մեծ ուշադրություն է դարձվում։ 8-րդ, 9-րդ եւ 10-րդ դասարաններում ստացած գիտելիքները գործնական աշխատանքներով ավելի ամրապնդելու, հմտությունները կատարելագործելու հնարավորություն է ստեղծվում»,-նշեց Արսեն Բաղդասարյանը։ Նրա խոսքով․ «Բոլոր աշակերտները՝ աղջիկներն ու տղաները, պարտադիր պետք է անցնեն մարզառազմական ճամբարով»։

 «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի չափորոշչի հեղինակային խմբի նախագահ, Մոնթե Մելքոնյանի անվան վարժարանի փոխտնօրեն Արթուր Կարապետյանի խոսքով․ «Մարզառազմական ճամբարը ՆԶՊ առարկայի բաղադրիչ եւ կարեւորագույն մասերից մեկն է։ Շատ հետաքրքիր դիտարկումներ կան, որոնք ժամանակին  հաշվի չէին առել, հիմա արդեն ԿԳՄՍ նախարարությունը հաշվի է առել։ ՆԶՊ առարկան այժմ  դրվում է գործնական հիմքերի վրա, թեեւ ամբողջությամբ դուրս չենք գալիս լսարանային պարապմունքներից, բայց 70%/30% հարաբերակցություն է լինելու, այսինքն 70%-ը գործնական պարապմունքներն են կազմելու»։

Մոնթե Մելքոնյանի անվան վարժարանի փոխտնօրենը հավելեց, որ գործնական պարապմունքներն իրենց քաղաքականության մշակման ուղենիշն էին, կարեւորվել է մարզառազմական ճամբարների դերակատարությունը։  Նա նկատեց, որ ՆԶՊ առարկայի շրջանակում ուսումնական հաստատությունների ներսում գործնական պարապմունքներ կատարելով հնարավոր չէ լիարժեք հմտություններ ձեւավորել, դա կարող են իրականացնել մարզառազմական ճամբարները։

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728