Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյան․ «Այլեւս չտեսնեմ, որ պետական հիմնարկում մեկը լոբի, բրինձ է տվել, մեկը գնացել դա Վինչիի օրիգինալ նկարը բերել՝ ուսուցչանոցում կախել է»

Ապրիլ 06,2023 13:08

«Դադարեցնում ենք լոբի-բրինձ տրամաբանությունը։ Այլեւս երբեք որեւէ պետական հիմնարկում ես չտեսնեմ, որ մեկը լոբի է տվել, մեկը՝ բրինձ, մեկը գնացել, Լեոնարդո դա Վինչիի օրիգինալ նկարը բերել, ասենք, ուսուցչանոցում կախել է»,-այս մասին այսօր գործադիրի նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով պետական հիմնարկներում բարեգործություններին։

«3-րդ հանրապետության ընթացքում անընդհատ այս խնդիրը շատ արդի է եղել եւ հիմա էլ պետք է այս հարցում վերջնական կողմնորոշվենք։ Պետք է դադարեցնել այն պրակտիկան, երբ պետական ձեռնարկությունները դառնում են մեր պատկերացրած ավանդական բարեգործության օբյեկտ։ Ասենք չորս հատ աթոռ կամ հեռուստացույց, չգիտեմ ինչ․․․ Ի վերջո Հայաստանի Հանրապետությունն ի վիճակի է, եթե խնդիրը աթոռի մասին է, աթոռ, հեռուստացույց գնել»։

Կան ընկերություններ, մարդիկ, ովքեր ուզում են ներգրավված լինել բարեգործության մեջ, այստեղ, ըստ Փաշինյանի, պետք է բովանդակային փոփոխություններ անել․ «Բոլոր բարեգործական ծրագրերը պետք է տեղավորվեն կառավարության ռազմավարությունների շրջանակում»։

Փաշինյանի ներկայացմամբ՝ ովքեր ցանկանում են մասնակցել բարեգործությանը, օրինակ՝ նոր կառուցվող դպրոցի կամ մանկապարտեզի գույքն են ցանկանում գնել, ապա կառավարությունը կարող է հատուկ հաշվեհամար բացել, բարերարը կարող է հասցեական նշել՝ կոնկրետ կրթահամալիրի գույքն է ուզում գնել, գումարը փոխանցի․ «Բարերարները չեն կարող գնահատել, թե այնտեղի գույքն ինչ արժե, թող ասեն՝ մենք գումար ենք տալիս եւ խնդրում ենք սա օգտագործել այդ գույքը գնելու համար»։

Վարչապետի խոսքով․ «Մարզային շրջագայությունների ընթացքում մեկ էլ մտնում ես մի դպրոց, մի ինչ-որ սոցիալական նշանակության օբյեկտ եւ տեսնում ես՝ մի հատ բան է կախված պատից, չգիտեմ, ասենք՝ ռոկոկո, ասենք Լեոնարդո դա Վինչիի բանը․․․ ասում ես՝ էս ի՞նչ է, ընդ որում՝ միջավայրը կիսաավեր, ասում են՝ բարեգործություն է, նվեր են տվել, վերցրել ենք։ Էդ նվերի վրա էլ երեւի մի 60 ժամ ֆիլմ են նկարել, մի 25 հատ հեռուստատեսային ռեպորտաժ, մի 85 հատ պլակատ, թե ինչպես մեծ բարեգործություն տեղի ունեցավ։ Սա պետք է դադարեցվի։ Կառավարության, պետության ֆինանսավորման որեւէ հիմնարկությանն արգելում եմ որեւէ բարեգործություն․․․ էդ բրինձ, լոբի, տրամաբանությունը դադարեցնել։ Ով ուզում է անել բարեգործություն անել, մասնակցել կառավարության ռազմավարական ծրագրերին, թող դիմեն նախարարություն, որը կասի, թե որտեղ կարող են էդ փողը․․․մեկ էլ հատուկ բարեգործական աթոռներ կան, նկարում են, հենց ռեպորտաժը պրծնում է, նստում ես՝ կոտրվում է էդ աթոռը։ Էն ՊՈԱԿ-ների ղեկավարները, որոնք էս հանձնարարականից դուրս կգան, խիստ եւ անհետաձգելի միջոցներ են ձեռնարկվելու։ Այստեղ էլ գիտենք, թե ինչ շահագրգռություններ կան։

Դադարեցնում ենք լոբի- բրինձ տրամաբանությունը։ Այլեւս երբեք որեւէ պետական հիմնարկում ես չտեսնեմ, որ մեկը լոբի է տվել, մեկը՝ բրինձ, մեկը գնացել Լեոնարդո դա Վինչիի օրիգինալ նկարը բերել ուսուցչանոցում կախել է»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930