Լրահոս
Օրվա լրահոսը

Չավարտվող պարտությունների փոսում խեղդվող պետություն

Ապրիլ 21,2023 12:00

Ո՞ր երկիրը լուրջ կընդունի այսպիսի իշխանությանը, ո՞ր թշնամու ախորժակը չի մեծանա այսպիսի իշխանությունների առկայության պայմաններում

Ազգային ժողովում ապրիլի 18-ին Նիկոլ Փաշինյանի ելույթին Ալիեւն ընդամենը մի քանի ժամ անց արձագանքեց: Պարզվեց, Ալիեւին այդքան էլ դուր չեն եկել Փաշինյանի ելույթի ոչ հստակ ձեւակերպումները…

Ու թեեւ Փաշինյանի ելույթն ամբողջությամբ ձախողված երկրի ղեկավարի ելույթ էր, հակառակորդ պետության թելադրած պայմաններին անվերապահորեն համաձայնվող իշխանության մի «փայլուն» ելույթ էր, Ալիեւը որոշել է ստորացնել Հայաստան պետությունը` որքան նրան դա թույլ կտան: Ալիեւն անմիջապես «հակադարձեց», որ Փաշինյանի հայտարարությունները բավարար չեն:

Պարզվեց, Ալիեւը Հայաստանից պահանջում է հստակ հայտարարել, որ «Ղարաբաղը Ադրբեջան է», թեեւ Փաշինյանի ելույթը հենց դրա մասին էր: Հիշեցնելով Փաշինյանի՝ «Արցախը Հայաստան է եւ վերջ» հայտարարությունը, Ալիեւը պնդում է, թե ժամանակն է, որ Հայաստանի ղեկավարն իր հայտարարությունը խմբագրի։ «Հայաստանը, որն ասում էր՝ «Ղարաբաղը Հայաստան է եւ վերջ, այսօր պետք է կրկնի մեր ասածը՝ «Ղարաբաղը Ադրբեջան է եւ բացականչական նշան»։ Այսինքն, եթե «Ա»-ն ասել է, «Բ»-ն էլ պետք է ասի», հրահանգեց Ալիեւը:

Ադրբեջանի պետական հեռուստաընկերությանը տված Ալիեւի հարցազրույցը կրկին համեմված էր սպառնալիքներով, վիրավորական խոսքերով Հայաստանի, հայերի հասցեին: Նա հիշեցրել է, որ Բաքուն հզորացնում է բանակը, որպեսզի պատրաստ լինի ցանկացած իրավիճակի. «Ճիշտ է, մենք ջախջախեցինք թշնամու գլուխը եւ մեծ հաղթանակ տարանք Ղարաբաղյան երկրորդ պատերազմում։ Սակայն, Հայաստանում կրկին ակտիվանում են ռեւանշիստական ուժերը, մենք պետք է պատրաստ լինենք ցանկացած իրավիճակի»։

Նշելով, որ Բաքուն է առաջարկել Երեւանին հաշտության պայմանագիր կնքել, Ալիեւը հարկ է համարել նշել, որ Հայաստանը պետք է համաձայնի` ուզած թե չուզած. «Վերջին երկու տարիներին հայկական կողմի դիրքորոշումներում տարբեր վայրիվերումներ են եղել, տարբեր փոփոխություններ։ Արդյունքում մեզ թվում է, որ Հայաստանը սկզբունքորեն համաձայն է մեր մոտեցմանը։ Որովհետեւ այլ տարբերակ չկա»։ Ընդ որում, նա ընդգծել է, որ` «Երեւանը Պրահայում պաշտոնապես ճանաչել է» Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, հետեւաբար, ըստ Ալիեւի՝ «Ղարաբաղը իրենց ներքին խնդիրն է»:

Ալիեւի մատուցմամբ` Հայաստանը սկզբունքորեն համաձայն է խաղաղ պայմանագրի հարցում ադրբեջանական մոտեցմանը. «Որովհետեւ այլ տարբերակ չկա։ Այդ իսկ պատճառով Հայաստանը պաշտոնապես ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը անցյալ տարվա հոկտեմբերին Պրահայում եւ Սոչիում կայացած հանդիպումներում։ Այսինքն՝ համաձայնել է, որ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ սահմանները պետք է որոշվեն 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա»։

Ինչ վերաբերում է Արցախի ժողովրդին, Ալիեւն ինտեգրացիոն գործընթացներին չի էլ անդրադարձել, նա ընդամենը նշել է` «կա՛մ պետք է ընդունեն Ադրբեջանի քաղաքացիություն, կա՛մ այլ բնակավայր գտնեն»։ «Այստեղ լիակատար ազատություն է, առաջարկվում են բոլոր ժողովրդավարական հիմքերը։ Այս հարցը պետք է լուծվի մարդու իրավունքների հիման վրա։ Մենք բազմիցս հայտարարել ենք, որ ոչ մի երկրի հետ չենք քննարկելու մեր ներքին գործերը։ Ղարաբաղը մեր ներքին գործն է», հավելել է նա։

Ալիեւի վերջին ելույթը թշնամանքի ու ատելության մի նոր դրսեւորում էր: Նա կրկին հիշեց նախկիններին. «Անջատողականները պետք է իմանան, որ երկու ընտրություն ունեն՝ կա՛մ ապրելու են Ադրբեջանի դրոշի ներքո, կա՛մ հեռանալու են։ Մենք …. ծնկի ենք բերել սեպարատիստների գլխավոր ներկայացուցիչներին՝ Սերժիկ Սարգսյանին, Ռոբերտ Քոչարյանին, Սեյրան Օհանյանին։ Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ եկել էին Ղարաբաղ՝ իբր մեր դեմ կռվելու։ Երեքն էլ նապաստակի պես փախան մեր տարածքներից, ու հիմա նրանցից ոչ ոք չի կարող նույնիսկ քիթը խոթել Խանքենդի կամ այլ տեղ»։ Ալիեւը չի խնայել նաեւ Արցախի իշխանությունների հասցեին՝ նրանց անվանելով «ծաղրածուների խմբակ» եւ հորդորել չխաղալ Բաքվի համբերության հետ։

Սպառնալիքներով լի հայտարարությունների հետ միասին Ալիեւը հարկ է համարել շեշտել, որ ադրբեջանական բանակը պատերազմից հետո ավելի է ուժեղացել, եւ անգամ հիմա բանակաշինությունն ու պաշտպանական ներուժի հզորացումը շարունակում են մնալ առաջնահերթություն Ադրբեջանի համար։

Միամիտ կլինի կարծել, թե Փաշինյանի ելույթին Ադրբեջանի նախագահի ներկայացրած պահանջներն են միայն Բաքվի ակնկալիքները: Ապրիլի 18-ին Փաշինյանի ելույթից ժամեր անց ադրբեջանական իշխանական քարոզչական միջոցները տարածեցին հայկական կողմին ուղղված պահանջների մի ամբողջ ցուցակ` հավելելով, որպեսզի պաշտոնական Բաքուն «լուրջ ընդունի Փաշինյանի» նշյալ ելույթը, ապա հայկական կողմը անհրաժեշտ է, որպեսզի հետեւյալ քայլերն էլ իրականացնի: Թվենք դրանք. «Հայաստանի կողմից Ղարաբաղի միանշանակ գրավոր ճանաչումը որպես Ադրբեջանի տարածք», «հայկական տեղանունների օգտագործման պրակտիկայի մերժում», Արցախի իշխանությունների ֆինանսավորման դադարեցում, ՀՀ զինված ուժերի դուրսբերում, «հայկական կողմից Լաչինի շրջանի հետ սահմանին անցակետի տեղադրում», Հայաստանում «Արցախի ներկայացուցչության» փակում, եւ անօրինական ռեժիմի հետ ցանկացած քաղաքական շփումների դադարեցում», «Զանգեզուրի միջանցքի տրամադրում Եռակողմ հայտարարության պայմաններին համապատասխան», «Սահմանադրությունից Անկախության հռչակագրի հղումի հեռացում, որտեղ ամրագրված էին տարածքային պահանջները Ղարաբաղի նկատմամբ»: Իսկ վերջում չէին մոռացել նաեւ նշել, որ Ադրբեջանի վերոնշյալ «օրինական ակնկալիքների իրագործումից հրաժարվելը կնշանակի», որ Փաշինյանը կրկին փորձում է «ժամանակ շահել»։

Այս վիճակին է հասցրել Հայաստան պետությանը ներկայիս իշխանությունը: Աշխարհաքաղաքական այս բարդ մթնոլորտում անգամ, երբ հայկական կողմը մանեւրելու, գործընկերների հետ աշխատելու հնարավորություններ ուներ, Հայաստանի ապաշնորհ իշխանությունները նույնիսկ Ադրբեջանին հակադրվելու հարցում նշաձող չունեն, որպեսզի կարողանային դրանից երբեմն-երբեմն օգտվել, որպեսզի ստիպված չլինեն գիշեր-ցերեկ լսել Ալիեւի հրահանգներն ու պահանջները Հայաստանից: Ադրբեջանն արդեն ազատ ելումուտ է անում ՀՀ ինքնիշխան տարածքում` տեսնելով, որ որեւէ արգելք չկա: Իսկ հայկական կողմն ուներ ժամանակ ամրանալու այն բոլոր հատվածներում, որտեղ այսօր ադրբեջանական կողմն իրեն ազատ է զգում: Թե՞ դեպքերի նման ընթացքը կանխատեսելի չէր:

Ի վերջո, այս իշխանությունները դեռեւս հայ ժողովրդին մատչելի լեզվով հարկ էլ չեն համարում բացատրել` որոշել են նախ սահմանազատում-սահմանագծում իրականացնե՞լ Ադրբեջանի հետ, հետո՞ խաղաղության համաձայնագիր ստորագրել… Եթե` այո, ապա ինչո՞ւ չեն դրան նախապատրաստվել, որպեսզի Ադրբեջանը չգծի իր պատկերացրած «սահմանները»: Թե՞ կարծում են՝ «խաղաղության համաձայնագիր» ստորագրելուց հետո Ադրբեջանն անմիջապես հեռանալու է:

Պատերազմում պարտված Հայաստանը շարունակ նսեմացնելու, ամբողջ աշխարհին մեր պետության կողմից ռազմավարական մշակման տեսանկյունից անգործությունն ու անկարողությունն ի ցույց դնելու հարցում Հայաստանի ներկայիս իշխանությունները մի փայլուն օրինակ են, թե ինչպես է պետությունը խեղդվում շարունակական պարտությունների փոսում, բայց որի իշխանությունը զբաղված է բացառապես մեկ բանով` սեփական անգործության ու անկարողության հետեւանքով բոլոր ձախողումներն արդարացնելու ճանապարհին մեղավոր կարգել բոլորին` բացի իրենից:

Ո՞ր երկիրը լուրջ կընդունի այսպիսի իշխանությանը, ո՞ր թշնամու ախորժակը չի մեծանա այսպիսի իշխանությունների առկայության պայմաններում:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 20.04.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930