Լրահոս
Օրվա լրահոսը

Գնել Սանոսյանը վստահեցրեց՝ Իլհամ Ալիևը սեղանի շուրջ ամբողջովին այլ բան է խոսում

Մայիս 29,2023 17:44

«Ադրբեջանի նախագահին ոչ արձագանքողը, ոչ պատասխանողը կամ էլ պատասխան որոշողը ես չեմ։ Դա իմ տիրույթում չէ»,- լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը՝ անդրադառնալով լրագրողների այն հարցադրումներին, թե Ադրբեջանի նախագահը սպառնում է Արցախի նախագահին, խորհրդարանին հատուկ գործողություններ կիրառել, իսկ իրենց քաղաքական թիմի ղեկավարը Իլհամ Ալիևի հետ ուզում է խաղաղության պայմանագիր կնքել։

Նախարարը հայտնեց՝ կա գործընթաց և շարունակեց․ «Ընդ որում, բավականին ակտիվ, և սեղանի շուրջ նույն Ադրբեջանի նախագահը ամբողջովին այլ բան է խոսում։ Ոչ միայն իմ, այլև մեր ու բոլորիս համար կարևոր են բանակցությունները, թե կողմը բանակցությունների սեղանի շուրջ ինչ է խոսում, ինչ դիրքորոշում է արտահայտում, իսկ թե մեր կողմն ինչ է խոսում, բավականին պարզ երկրի ղեկավարի կամ ԱԳ նախարարի շուրթերից լսել եք»։

Լրագրողները հիշեցրին՝ անկլավների հարց է քննարկվում, և եթե պայմանագիր ստորագրվի, նաև անկլավներն են Ադրբեջանին զիջելու կամ փոխանակելու, ուստի ստացվում է՝ ՀՀ տարածքից նաև իր պատասխանատվության գոտում գտնվող տարածքներ են տալու թշնամուն, ուստի ինչպե՞ս կարձագանքի, Գնել Սանոսյանն ասաց․ «Այս ուղղությամբ նույնպես բանակցություններ ու քննարկումներ կան և տարբեր սցենարներ։ Ակնհայտ է, որ երբ այդ գործընթացը հասունանա, կարևոր դերակատարություն կունենան դրանում իրավական փաստաթղթերը։ Այսինքն՝ որևէ տարածք որևէ կարգավորում ունենալու համար գոյություն ունեն իրավական հիմքեր։ Կտեսնենք, թե որ տարածքը ինչ իրավական հիմք ունի։ Մի բան ակնհայտ է․ նման տարածքներ երկու կողմում էլ կան, մենք ևս ունենք նման հատվածներ, ինչպես նաև 1990 -ի պատերազմից հետո Տավուշի մարզում տարածքներ կան, որոնք հիմա Ադրբեջանի տիրապետության տակ են, և այդ ամենը մեկ ընդհանուր փաթեթի մեջ կդիտարկվի»։

Հարցին՝ հստակ որոշում կա՞ որ Ադրբեջանին տարածքներ չեն հանձնվելու, Գնել Սանոսյանն ասաց․ «Կան տարբեր սցենարներ։ Մեր մի շարք բնակավայրերի հարակից տարածքներ են վարչական սահմանների, որոնք ժամանակին խախտվել են, և, իհարկե, Արծվաշենը։ Մանրամասները չեմ կարող ասել։ Հանձնելու հետ կապված՝ ինչի՞ եք գիշեր-ցերեկ հանձնելուց խոսում»։

Լրագրողները ահազանգեցին՝ տարածքներ հանձնելու դեպքում Բաղանիսի ու Ոսկեպարի բնակիչները լուրջ խնդիրների առաջ են կանգնելու, վտանգվելու է դեպի Վրաստան միջպետական ճանապարհը, Գնել Սանոսյանն արձագանքեց․ «Բոլոր սցենարների դեպքում կգտնենք լուծումներ։ Ինչպես Սյունիքում եղավ խնդիր, գտանք լուծումներ, և կան ճանապարհներ, որոնք փոխարինում են այն ճանապարհներին, որոնց հետ կապված խնդիրներ կան։ Այսինքն՝ ամեն ինչից առաջ մի ընկեք, կան քննարկումներ, բանակցություններ։ Ինչպիսի իրավիճակ կլինի, ըստ դրա էլ մեր անելիքները կորոշենք»։

Լրագրողները հիշեցրին՝ Արաքսի ջրամբարի հետ կապված խնդիր կա․ Թուրքիան մեծ ամբարտակներ է կառուցում ու հարցրին՝ դա ի՞նչ վնաս է տալիս գետին, հնարավո՞ր է ՀՀ եկող հատվածը ցամաքի, Գնել Սանոսյանը պատասխանեց․ «Իհարկե, ամբողջովին չի ցամաքի, որոշակի կարգավորումներ կան էկոլոգիական, բայց և′ Արաքսում, և′ Ախուրյանի ջրամբարում մեծ ծավալով ջուր է պակաս, քան նախորդ տարի։ Այդ նույն խնդիրը մեր բոլոր ջրամբարներին և գետերին է վերաբերվում։ Մենք լուրջ խնդիր ունենք Սևանի ավազանում, Ապարանի ջրամբարից սնվող հատվածում և Ախուրյան-Արաքս հատվածում։ Հիմա փորձում ենք ոռոգման ծավալների փոփոխություններով կառավարել ստեղծված իրավիճակը, բայց, ցավոք, Սևանից հավելյալ ջուր վերցնելու խնդրի առաջ կանգնելու ենք»։ Հարցին՝ թուրքական կողմի հետ բանակցո՞ւմ են, թողունակության հարցն էր քննարկվում, Գնել Սանոսյանն այս առիթով ասաց․ «Քննարկումներ ունենք, նաև կարգավորումներ ունենք Ախուրյանի ջրամբարի մասով, որ եղած ջրի պաշարները 50/50 տոկոսային հարաբերակցությամբ են օգտագործվում։ Մասնագիտական որոշակի քննարկումներ ևս կան»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031