Լրահոս
Օրվա լրահոսը

OWI-ի և ՀՀ Էկոնոմիկայի նախարարության համագործակցությամբ Նյու Յորքում մեկնարկել է Orion Summit 2023 գագաթնաժողովը

Հունիս 20,2023 18:04

Orion Worldwide Innovations-ի և ՀՀ Էկոնոմիկայի նախարարության համագործակցությամբ Նյու Յորքում մեկնարկել է Orion Summit 2023 ներդրումային գագաթնաժողովը:

Գագաթնաժողովի բացումը կատարել են Orion Worldwide Innovations-ի հիմնադիր Էմմա Առաքելյանը, բացման ելույթով հանդես է եկել ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

Bank of America-ի Գլոբալ կորպորատիվ ռազմավարության, ռազմավարական ներդրումների տնօրեն Ռենե Նալբանդյանն անցկացրել է հանդիպում՝ ռազմավարական կորպորատիվ ներդրումների թեմայով:

Միջոցառման առաջին օրը մասնակիցներն այցելել են Jacobs Technion-Cornell Institute at Cornell Tech համալսարան, քննարկումներ են ունեցել  նորարարությունների և ներդրումների մասին: Ռուզվելտ կղզու առաջատար այս համալսարանում շրջայցը գլխավորել է Runway and Spinouts ծրագրի տնօրեն Ֆերնանդո Գոմես-Բաքուերոն: Նրա հետազոտությունները կենտրոնացած են էներգիայի պահպանման կիրառման համար առաջադեմ նանոնյութերի, նանոտեխնոլոգիաների տնտեսական ազդեցության և տեխնոլոգիական ձեռներեցության վրա: Jacobs-ը հիմնադրվել է Technion-Israel տեխնոլոգիական ինստիտուտի և ամերիկյան Cornell University-ի կողմից, որը  20-րդն է համալսարանների համաշխարհային վարկանիշում:

«Մենք շատ բարձր ենք գնահատում կառավարության ջանքերը՝ ամրապնդելու Հայաստանի դիրքը որպես ներդրումային բարենպաստ ու հեռանկարային երկիր, ինչպես նաև խրախուսելու ներդրումները ստարտափներում և նորարարության մեջ: Մեր հերթին, մշտապես առաջարկներ ենք ներկայացնում կառավարությանը և մասնավոր հատվածին՝ հայաստանյան ներդրումային դաշտն առաջադեմ կարգավորումներին համահունչ զարգացնելու նպատակով»,- նշել է Orion Worldwide Innovations-ի հիմնադիր, Covenant Venture Capital-ի վենչուրային գործընկեր Էմմա Առաքելյանը:

«
Կառավարության և առաջատար ընկերությունների մասնակցությունը գագաթնաժողովին՝ էականորեն կմեծացնի վենչուրային ընկերությունների հետաքրքրությունը Հայաստանի ու հայկական ստարտափների նկատմամբ, կամրապնդի մեր դիրքը միջազգային ներդրումային ընկերությունների, վենչուրային ֆոնդերի ու հրեշտակ ներդրողների հետ աշխատանքում»,- նշել է Orion Worldwide Innovations Armenia-ի համահիմնադիր Դիանա Արզումանյանը:

«Այս խոշոր միջոցառման անցկացումը կարևոր է նաև տարբեր խնդիրների շուրջ կարծիքներ փոխանակելու և գլոբալ խնդիրները համատեղ քննարկելու տեսանկյունից։ Կարծում եմ անհրաժեշտ է մեծ ջանքեր և ժամանակ ներդնել, որպեսզի կարողանանք աշխարհի ֆինանսական մայրաքաղաքից ներդրումների ավելի մեծ հոսք ներգրավել դեպի Հայաստան», – նշել է ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

​​Orion Summit 2023-ը կտևի 4 օր:

«Orion»-ի մասին

«Օրիոնը» (Orion Worldwide Innovations) ստարտափների աճի և փոխկապակցված էկոհամակարգի զարգացման հանգույց է, որն առաջարկում է ծառայությունների ամբողջական փաթեթ: «Օրիոնը» ներդրումների ենթակա ընկերությունների համար ստեղծում է ԱՄՆ մուտք գործելու հնարավորություններ, բարելավում այդ ընկերությունների՝ հաճախորդներ ձեռք բերելու ռազմավարությունները, օգնում մնալ մրցունակ և պաշտպանում իրենց նորարարությունները։ «Օրիոնը» հիմնադրվել է 2017 թ., ԱՄՆ-ում։ Ընկերությունը գրասենյակներ ունի Նյու Յորքում և Երևանում, համագործակցում է աշխարհի տարբեր երկրներում գործող ընկերությունների և ներդրողների ցանցերի հետ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930