Լրահոս
Օրվա լրահոսը

Ապաստարաններում հանդիպում էինք կանանց, որոնց ամուսինները կամ որդիները գտնվում էին ռազմաճակատում․ պատերազմը լուսաբանած լրագրողի վերհուշը

Հուլիս 26,2023 18:20

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 25-ի ասուլիսի ընթացքում անդրադարձել է նաև 44-օրյա պատերազմի ընթացքում Ստեփանակերտում գտնվող անձանց թվին։

Նա մասնավորապես ասել է. «Երբ իմ կինը Ղարաբաղում էր, և նկուղներում ծվարած տարեցներին ուտելիք հասցնելու գործով էր ուզում զբաղվել, էդ ժամանակ Ստեփանակերտում շատ չէր կանանց և տղամարդկանց թիվը»։

44-օրյա պատերազմի ընթացքում Aravot.am-ի թիմը գտնվում էր Արցախում, այդ թվում՝ նաև Ստեփանակերտում։ 2020 թվականի հոկտեմբերի 2-ին Շուշիի Երզնիկ Մոզյան արհեստագործական ուսումնարանում ներկա էինք գտնվել Աննա Հակոբյանի այցին։ Այդ օրը Աննա Հակոբյանին ապաստարաններում ուղեկցում էր որդին՝ Աշոտ Փաշինյանը։

Պատերազմի առաջին կեսի ընթացքում Aravot.am-ի թիմը բնակվում էր Ստեփանակերտում։ Եվ անհրաժեշտության դեպքում պատսպարվում էինք շենքերի նկուղներում՝ ապաստարաններում, որոնք երբեք դատարկ չէին լինում։

Պատերազմի ընթացքում շատ ենք ներկայացրել ապաստարաններում հանդիպած մարդկանց պատմությունները, որոնք պնդում էին, որ չեն լքելու Արցախը։ Նրանք նաև պատմում էին, որ ապաստարաններում ամեն ինչ ունեն, և երբեմն հրաժարվում էին օգնությունից՝ մտածելով, որ զինվորները դրա կարիքը ավելի շատ ունեն։

Մարդիկ ապաստարանները կահավորել էին ըստ առաջին անհրաժեշտության պարագաների։ Ապաստարաններում միշտ ուտելիք կար, անկողին և մնացած այն պայմանները, որոնք անհրաժեշտ կլինեն տագնապի ազդանշանի դեպքում։

Ապաստարաններում նաև երեխաներ կային, որոնց ծնողները փորձում էին հնարավորինս քիչ սթրեսի ենթարկել իրենց երեխաներին։ Մարիա Կարապետյանին հանդիպեցինք Շուշիում՝ մինչ Աննա Հակոբյանի այցը։ Նա ապաստարանում էր երկու երեխաների հետ, և օրվա ընթացքում ուներ հստակ գրաֆիկ՝ ուսման, խաղերի և հանգստի համար։ Իսկ Ստեփանակերտի երեխաների խնամքի և պաշտպանության թիվ մեկ գիշերօթիկ հաստատության սաները ևս ապաստարաններում էին։ Եվ հենց ապաստարանում էին հասցրել էին նշել երեխաներից մեկի ծննդյան օրը։

Ապաստարաններում հիմնականում բնակվում էին տեղահանվածները, որոնք պարզապես այլ տեղ չունեին գնալու։ Իսկ մնացած բնակիչները նախընտրում էին ապաստանել իրենց տներում և բնակարաններում, ապաստարան էին գալիս տագնապի ազդանշանի դեպքում, ոմանք էլ նախընտրում էին գիշերել ապաստարաններում։

Ապաստարաններում հիմնականում հանդիպում էինք կանանց, որոնց ամուսինները կամ որդիները գտնվում էին ռազմաճակատում։ Եվ այդպես ապաստարանները դարձել էին նաև տեղեկատվական կենտրոն, որտեղ կանայք կիսվում էին իրենց ստացված տեղեկատվությամբ, համեմատում հարևանների տեղեկատվության հետ և առցանց հետևելով պատարագներին՝ աղոթում։

Պատերազմը լուսաբանելու ընթացքում պատսպարվել ենք մի քանի տասնյակ ապաստարաններում։ Այնտեղ հանդիպել ենք հարյուրավոր քաղաքացիների, որոնցից ընդամենը մի մասի պատմությունն ենք հասցրել ներկայացնել մեր ընթերցողներին։

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31