Լրահոս
Օրվա լրահոսը

Նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանի կողմից առանձնապես խոշոր չափերով գույքը վատնելու դեպքով` նրա և 2 անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է

Օգոստոս 17,2023 12:35

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է Երևանի նախկին քաղաքապետի, քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության նախկին պետի կողմից կատարված չարաշահումների գործից՝ վերջիններիս և ևս մեկ անձի վերաբերյալ անջատված մասով նախաքննությունը:

Քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային մեծածավալ գործողությունների արդյունքում ձեռք բերված տվյալներով պարզվել և հիմնավորվել է, որ Ե. Զախարյանը, 2003-2009թթ. ընթացքում զբաղեցնելով Երևանի քաղաքապետի պաշտոնը,  անցել է պաշտոնեական լիազորությունները, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, ինչպես նաև պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ վատնման եղանակով հափշտակել է ՀՀ հողային օրենսգրքով և «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքով իրեն վստահված պետության՝ առանձնապես խոշոր չափերով գույքը։

Մասնավորապես, Երևան քաղաքի Արաբկիր թաղային համայնքի նախկին ղեկավար Հ.Շ.-ն, նպատակ ունենալով իր սանիկ Ա.Ե.-ի օժանդակությամբ Երևանի քաղաքապետարանից հանցավոր ճանապարհով ձեռք բերել և օրինականացնել ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողերի ցանկում ընդգրկված՝ «Արաբկիր» զբոսայգու տարածքից 1500 քմ մակերեսով հողատարածքը և դրա վրա կառուցված 89.5 քմ ընդհանուր մակերեսով շինությունը, Ա.Ե.-ի հետ նախապես պայմանավորվել է Երևանի քաղաքապետարանի գույքային ֆոնդից ակնհայտ հանցավոր ճանապարհով դուրս բերել նշված գույքը և փաստացի ներառել իր, իսկ իրավաբանորեն՝ Ա.Ե.-ի գույքային ֆոնդ՝ գույքի իրական պատկանելիությունը, հանցավոր ծագման աղբյուրը թաքցնելու նպատակով դրա նկատմամբ ձեռքբերվելիք սեփականության իրավունքը ձևականորեն գրանցելով Ա.Ե.-ի անվամբ:

Նշված հանցավոր մտադրությունն իրականացնելու նպատակով Արաբկիր թաղային համայնքի նախկին ղեկավարը 2007թ. գրությամբ դիմել է Երևանի քաղաքապետ Ե.Զախարյանին՝ հայտնելով, որ «Արաբկիր» զբոսայգու տարածքում առկա է մոտ 1500 ք.մ. տարածք, որը նպատակահարմար է օգտագործել բազմաֆունկցիոնալ շենքի կառուցման համար և խնդրել նշված տարածքը զբոսայգու գլխավոր հատակագծից հանել, նրա նկատմամբ հողօգտագործման իրավունքը դադարեցնել և կառուցապատման նպատակով ներկայացնել մրցութային հանձնաժողովի քննարկմանը։ Բացի այդ, համայնքի նախկին ղեկավարը մեկ այլ գրությամբ կրկին դիմել է Երևանի քաղաքապետին՝ խնդրելով «Արաբկիր»  զբոսայգու զբաղեցրած հողատարածքից 1500 քմ մակերեսով տարածքը որպես առանձին գույքային միավոր առանձնացնելուց հետո` հանձնարարել համապատասխան ծառայությանը Երևանի քաղաքապետի՝ 2003թ. հունիսի 12-ի որոշման մեջ կատարել փոփոխություն և մնացած 2.82 հա մակերեսով հողատարածքն անհատույց մշտական օգտագործման իրավունքով թողնել «Արաբկիր թաղային համայնքի ղեկավարի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկին։

Հաշվի առնելով նշված հարցերի վերաբերյալ Երևանի գլխավոր ճարտարապետի կողմից տրված համապատասխան գրությունները՝ Երևանի քաղաքապետ Ե. Զախարյանի՝ 2007թ. ապրիլի 3-ի որոշմամբ, դադարեցվել է Արաբկիրի թաղապետարանի հողօգտագործման իրավունքը Երևան քաղաքի Փափազյան փողոցի վերջնամասում, «Արաբկիր» զբոսայգու զբաղեցրած 2.97 հա մակերեսով հողամասից 0.15 հա մակերեսով հողամասի նկատմամբ և համապատասխան փոփոխություն կատարվել Երևանի քաղաքապետի՝ 2003թ. հունիսի 12-ի որոշման մեջ:

Այնուհետև, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ Ա.Լ.-ն, պաշտոնեական դիրքն օգտագործելով ծառայության շահերին հակառակ, 2007թ. ապրիլի 25-ին ստորագրել և տրամադրել է պաշտոնական շրջանառության ենթակա մասնագիտական եզրակացություն, որի մեջ ներառել է ակնհայտ կեղծ տեղեկություններ այն մասին, որ Երևան քաղաքի Փափազյան փողոցի վերջնամասում՝ «Արաբկիր» զբոսայգում գտնվող 1 հարկանի քարե շինություն-սրճարանն ինքնակամ կառուցվել է Արաբկիր համայնքի ղեկավարի սանիկ Ա.Ե.-ի կողմից (այն դեպքում, երբ շինությունը կառուցված է եղել դեռևս խորհրդային տարիներին, իսկ վերջինս իրականում դրա հետ որևէ առնչություն չի ունեցել), նշված կառույցը համապատասխանում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված օրինականացման պայմաններին, իսկ կառույցով զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ՝ 1500 քմ մակերեսով, բնակավայրերի նպատակային նշանակության հողամասն ընդգրկված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումներում, ենթակա է օտարման, ուստի առաջարկել է ճանաչել շինության նկատմամբ պետության սեփականության իրավունքը՝ հետագայում օրինական ճանաչելու և կառուցապատողին օտարելու հնարավորությամբ:

2007թ. հուլիսի 30-ին Երևանի քաղաքապետ Ե. Զախարյանը, հաշվի առնելով հիշյալ եզրակացությունը, որոշում է կայացրել, որով հիշյալ 1500 քմ մակերեսով հողամասում առկա ինքնակամ կառուցված շինությունը (սրճարանը) ճանաչվել է պետական սեփականություն՝ հանձինս Երևանի քաղաքապետարանի: Այնուհետև, վերջինս, կրկին հիմնվելով նշված եզրակացության վրա, դիտավորությամբ ակնհայտորեն դուրս գալով իր լիազորությունների շրջանակից, 2007թ. սեպտեմբերի 28-ին կայացրել է որոշում, որով հիշյալ ինքնակամ կառույցը ճանաչվել է օրինական, որը 3.302.550 ՀՀ դրամ կադաստրային արժեքով, իսկ նշված կառույցի համար առանձնացված և 1500 քմ մակերեսով հողամասը՝ 16.065.000 ՀՀ դրամ կադաստրային արժեքով (այն դեպքում, երբ նշված հողամասի և կառույցի շուկայական արժեքն այդ օրվա դրությամբ կազմել է 142.000.000 ՀՀ դրամ) օտարել է Արաբկիր թաղային համայնքի ղեկավար Հ. Շ.-ի սանիկ Ա.Ե.-ին՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով վատնելով պետության՝ 3.302.550 ՀՀ դրամ արժողությամբ գույքը, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ:

Հետագայում Ա.Ե.-ն իր, Հ.Շ.-ի և Երևանի քաղաքապետարանի հիշյալ պաշտոնատար անձանց կողմից կատարված հանցավոր գործողությունների արդյունքում հանցավոր ճանապարհով ձեռք բերված և ձևականորեն իր անվամբ գրանցված, սակայն փաստացի Հ.Շ.-ին սեփականության իրավունքով պատկանող 1500 քմ մակերեսով հողատարածքը և դրա վրա կառուցված 89․5 քմ ընդհանուր մակերեսով շինությունն առանց խոչընդոտների օրինականացնելու նպատակով, 2008թ. ապրիլի 8-ին նշված անշարժ գույքը առուվաճառքի պայմանագրով օտարել է մեկ այլ անձի: Նույն օրն անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրի հիման վրա գրանցվել է հիշյալ անձի սեփականության իրավունքը նշված անշարժ գույքի նկատմամբ: Ընդ որում, գույքի օտարումից առաջացած իրական եկամուտները չարտացոլելու նպատակով անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրում խեղաթյուրվել է վաճառքի արժեքը և որպես վաճառված գույքի արժեք՝ նշվել է 184․200․000 ՀՀ դրամը, սակայն գործարքի դիմաց, փոխադարձ պայմանավորվածության համաձայն, փաստացի վճարվել է 750.000 ԱՄՆ դոլարին համարժեք 269.100.000 ՀՀ դրամ, որն Ա.Ե.-ի կողմից փոխանցվել է Արաբկիր համայնքի նախկին թաղապետին:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Երևանի նախկին քաղաքապետ Ե. Զախարյանին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 441-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 5-րդ կետերով:  Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության նախկին պետին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով և 445-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ Ա.Ե.-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 46-296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը:

Հիշյալ երեք մեղադրյալների վերաբերյալ մասն անջատվել է առանձին վարույթ, նախաքննությունն ավարտվել է, քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031