Լրահոս
Օրվա լրահոսը

«Բերձորի ճանապարհի բացման հարցում բեկում մտցնելու համար անհրաժեշտ է, որպեսզի Փաշինյանը հրաժարվի իր ապօրինի եւ ազգադավ հայտարարությունից»․ Իշխան Սաղաթելյան

Սեպտեմբեր 02,2023 18:59

Ազատության հրապարակում ընդդիմության հանրահավաքից առաջ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանն անդրադարձավ հարցին, թե կհաջողվի՞ իրենց գործողություններով բեկում մտցնել այսօր ստեղծված իրավիճակում։ «Մենք միշտ հավատում ենք այդ հնարավորությանը եւ ամեն ինչ անելու ենք, որ այդ հնարավորությունը ստեղծվի։ Այսօրվա Արցախի Հանրապետության հռչակման օրվա առթիվ աշխարհի շուրջ երկու տասնյակ երկրներում, 30 քաղաքներում տեղի են ունենալու ցույցեր, բողոքի ակցիաներ՝ ի պաշտպանություն Արցախի։ Եվ այսօր հայ ժողովրդի համազգային ու համասփյուռ ձայնի հնչեցումը շատ կարեւոր է, կարեւոր է նաեւ Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության վերականգնման ուղղությամբ»,- ասաց նա։

Իշխան Սաղաթելյանն անդրադարձավ Փաշինյանի՝ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու մասին հայտարարություններին, ասաց, որ Բերձորի ճանապարհը փակողներից մեկը եղել է նաեւ Նիկոլ Փաշինյանը՝ իր այդ հայտարարությամբ։ «Ակնհայտ է, որ ճանապարհը բացելու բանալիներից մեկը գտնվում է նաեւ Նիկոլ Փաշինյանի ձեռքին։ Այս իմաստով, այո, բեկում մտցնելու համար շատ անհրաժեշտ է, որպեսզի Նիկոլ Փաշինյանը հրաժարվի իր այդ ոչ լեգիտիմ, ապօրինի եւ ազգադավ հայտարարությունից»։ Ըստ նրա՝ Նիկոլ Փաշինյանը չի արտահայտում հայ ժողովրդի հավաքական կամքը, իր գլխավոր հենարանը ոչ թե ժողովուրդն է, այլ ուժային կառույցները։

«Նա չի ներկայացնում մեր ժողովրդին, եւ եթե կարողանայինք շարունակել մեր թիվը, ճնշումն ավելացնել, Նիկոլի չլինելը կֆիքսվեր նաեւ դե յուրե։ Հենց այստեղ է մեր դժբախտությունը, որ Նիկոլ Փաշինյանը շարունակում է ներկայացնել Հայաստանի Հանրապետությունը եւ իր գործունեությամբ երկիրը բերել հասցրել է այս իրավիճակին»,- ասաց նա։

Հարցին, թե ե՞րբ են Նիկոլ Փաշինյանին հեռացնելու, Իշխան Սաղաթելյանը պատասխանեց․ «Մենք անդադար պայքարելու ենք եւ ամեն ինչ անելու ենք, որ այդ օրն իրականություն դառնա։ Մենք հետ չենք կանգնելու, շարունակելու ենք պայքարել, չենք լռելու, չենք համակերպվելու, սա լինել-չլինելու պայքար է, եւ այս պայքարը շարունակելու ենք։ Վերջնական արդյունքի հասնելու համար անհրաժեշտ է մեր ժողովրդի լայն զանգվածների, մեր ժողովրդի անհաղթահարելի ուժի ներկայությունը Երեւանի փողոցներում ու հրապարակներում»։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930