Լրահոս
Օրվա լրահոսը

Ես շատ վատ եմ վերաբերվում այն մարդկանց, որոնք, Արցախի խնդիրը շահարկելով, Երեւանի ընտրություններին փորձում են ձայն հավաքել. Դավիթ Խաժակյան

Սեպտեմբեր 03,2023 18:09

Քարոզարշավից առաջ Aravot.am-ը «Լուսավոր Հայաստան» կուսակցության քաղաքապետի թեկնածու Դավիթ Խաժակյանին նաեւ քարոզարշավից դուրս հարցեր տվեց։

-Դուք ձեզ համարում եք ընդդիմադի՞ր ուժ, թե՞ իշխանամետ։

-Յուրաքանչյուր ուժ, որը իշխանության մեջ ընդգրկված չէ, ընդդիմադիր է։ Մենք իշխանության մեջ ընդգրկված չենք։ Իսկ քաղաքային մակարդակում մենք մշտապես ունեցել ենք տարաձայնություններ եւ հիմա էլ դրանք ունենք, սկսած հենց համատիրությունների վերացման ծրագրից, որը չի կիսում իշխանությունը։ Ուստի այս առումով ակնհայտ են տարբերությունները։

-Այսինքն, ուզում եք ասել, որ ձեր քաղաքական ուժի լիդերը իշխանության մեջ չէ եւ ընդդիմադի՞ր է։

-Էդմոն Մարուքյանը իշխանության մեջ չէ։ Նա հանդիսանում է հատուկ հանձնարարություններով դեսպան եւ մասնագիտական ունակություններով փորձում է առավելագույնս ծառայել մեր պետության շահին։ Դա անգամ չի ենթադրում իշխանական կարգավիճակ։ Եվ ակնհայտ է, որ մենք իշխանական լծակներ չունենք կառավարությունում։

-Ձեր քաղաքական ուժի լիդերը համաձա՞յն է Արցախը Ադրբեջանի կազմ ճանաչելու իշխանության գաղափարախոսությանը, թե՞ այլ դիրքորոշում ունի։

-Եթե հանդիպեք Էդմոն Մարուքյանին, խնդրում եմ, այդ հարցն իրեն ուղղեք։

-Իսկ անձամբ Դո՞ւք։

-Ես՝ որպես քաղաքապետի թեկնածու, ձեռնպահ եմ մնում այդ խնդրի մասին խոսելուց այն պարզ պատճառով, որ ինչ էլ ասեմ` կդառնա շահարկման առարկա։ Ես շատ վատ եմ վերաբերվում այն մարդկանց, որոնք Արցախի խնդիրը շահարկելով Երեւանի ընտրություններին փորձում են ձայն հավաքել։ Մինչեւ ընտրությունների մեկնարկը ես ակտիվ խոսել եմ Արցախի խնդրի մասին, հնարավոր բոլոր եթերներում որեւէ հրավեր չեմ մերժել եւ սեպտեմբերի 18-ից սկսած պատրաստ եմ կրկին այդ մասին խոսել։ Բայց հիմա եթե ես խոսեմ եւ փորձեմ ներկայացնել Արցախի խնդրի մասին իմ տեսլականը, կստացվի, որ Արցախի հարցը շահարկելով, ես փորձում եմ քաղաքային ընտրություններին ձայն կորզել։

-Երեկվա հանրահավաքի մասին ի՞նչ կասեք ժողովրդի մասնակցության առումով։

-Միայն տեսա, որ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն այնտեղ էին եւ ըստ այդմ ենթադրեցի, որ կազմակերպիչներն իրենք էին եւ ամեն ինչ պարզ էր Իսկ ժողովուրդը, կարծում եմ, իրենց հրավերով էր գնացել։

-Երեւանն ու Ստեփանակերտը քույր քաղաքներ են։ Եթե դուք դառնաք քաղաքապետ, Ստեփանակերտի հետ կապված ծրագրեր ունե՞ք։

-Երեւանը ունեցած բոլոր միջոցներով Ստեփանակերտին մշտապես ցուցաբերել է հնարավոր բոլոր աջակցությունները։ Մենք որպես ավագանու անդամներ բոլոր նման նախագծերին կողմ ենք քվեարկել։ Եվ այդ գործընթացը, բնականաբար, պետք է շարունակել։

-Այն ժամանակ այլ կարգավիճակ է եղել։

-Ստեփանակերտի նկատմամբ կարգավիճակային փոփոխություն մենք չենք արձանագրել։ Այն ինչպես եղել է մեր երկրորդ մայրաքաղաքը, եթե կարելի է այդպես ասել, այդպես էլ շարունակում է լինել։ Մեզ համար կարգավիճակ չի փոխվել։

-Այսինքն, եթե դառնաք Երեւանի քաղաքապետ, կգնա՞ք Ստեփանակերտ։

-Ինչպես տեղյակ եք, այս տարեսկզբին Լաչինի միջանցքը վերջնականապես փակվեց եւ կա ֆիզիկապես Ստեփանակերտ այցելելու օբյեկտիվ խոչընդոտ։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930