Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում ամեն օր մարդ է զոհվում՝ ճանապարհատրանսպորտային վթարներից. «Ապրելու երկիրը» այս զարհուրելի թվերը խոստանում է փոխել՝ զրո մահացությամբ

Սեպտեմբեր 04,2023 23:50

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր «Ապրելու երկիր» կուսակցությունը ներկայացրեց ապահով Երեւանին հասնելու ծրագրերից մեկը՝ «Vision Zero» հայեցակարգի ներդրման անհրաժեշտությունը: Այս հայեցակարգը միջազգայնորեն ընդունված, ամենաարդյունավետ ծրագրերից է:

«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանն ասաց. «Ապահով Երեւանը այն 8 արժեքներից մեկն է, որոնցով մենք շարժվում ենք: Ինձ համար սա ամենասպասված գործերից մեկն է, որ պիտի անենք սեպտեմբերի 18-ից, որովհետեւ այն մարդկանց մասին է: Վիճակագրությունը, որը մեզ դրդել է այս գործով զբաղվել, շատ ծանր է ու շատ ցավալի: Հայաստանում անցյալ տարի ճանապարհատրանսպորտային մոտ 4300 վթար է տեղի ունեցել, որից 321-ը՝ մահացու ելքով: Դրա նախորդ տարի՝ 361: Այս զարհուրելի թվերը խոսում են այն մասին, որ Հայաստանում ամեն օր մարդ է զոհվում՝ ճանապարհատրանսպորտային վթարների հետեւանքով: Եթե մենք հաշվի առնենք, որ տասնամյակներով այս խնդիրն առկա է եւ եթե նկատի ունենանք, որ 2000 թվից այս կողմ ընթացիկ 23 տարիներին նույնքան մարդ է ճանապարհատրանսպորտային վթարներից մահանում Հայատանում, որքան մարդ է ապրում, օրինակ, Վայոց ձորի մարզկենտրոն Եղեգնաձորում, ավելի շատ մարդ է զոհվել այս ընթացքում վթարներից, քան մարդ է ապրում Ջերմուկ քաղաքում, Թալինում, Մարալիկում, սա զարհուրելի է, երբ վերածում ենք ահա այսպիսի պատկերի: Պատկերացրեք սրա հետեւանքները ինչքան ողբերգական են, թեկուզ մենք դա չենք տեսնում: Փաստորեն, անտեսանելի պատերազմ է ընթանում ճանապարհների եւ Հայաստանի միջեւ: Եթե իմանաք, որ մինչեւ 100 մարդ մահանում է Երեւանում տարեկան ճանապարհատրանսպորտային վթարներից, դուք կհասկանաք, թե ինչի համար ենք մենք սա անում եւ կզարմանաք, թե ինչու տարիներ շարունակ սա չի արվել, որովհետեւ մարդու կյանքը արժեք չի ունեցել, իսկ այն արժեքավոր է: Մեզ համար արժեքավոր է յուրաքանչյուր հայ մարդու կյանք: Եվ «Vision Zero»-ն այն մասին է, թե ինչի է պետք ձգտել եւ ինչ է պետք անել, որ ճանապարհատրանսպորտային պատահարներից մարդիկ չմահանան կամ ծանր վնասներ չկրեն: Դեպի դրան ձգտելը բերելու է այն լուծումներին, որոնցով կյանքեր ենք փրկելու: Բազմաթիվ եվրոպական երկրներ սա ներդնելով՝ կիսով չափ բարելավել են վիճակը»:

Մանե Թանդիլյանը Կոպենհագենի օրինակը բերեց, այնտեղ 300 հազարով ավելի շատ բնակիչ է ապրում, քան Երեւանում եւ մահացության թիվը ՃՏՊ-ներից հասցրել են 10-ի. «Մարդը սխալական է եւ կարող է սխալվել երթեւեկության ժամանակ, կարող է վրիպել, կարող է վատառողջ լինել, չնկատել, ճանապարհը պիտի լինի այնպիսին, որ մարդուն չպատժի այդ բացթողումների համար: Իհարկե, ամբողջությամբ ապահովագրել դժվար է, ամեն բան արվում է, որ միշտ ամրագոտիներ կապված լինեն, որ միշտ զգոն լինեն ղեկին, բայց իրավիճակները տարբեր են, եւ մարդիկ չպիտի պատժվեն իրենց կյանքով՝ փոքր բացթողումների համար: «Vision Zero»-ն սրա մասին է, որ ճանապարհները փոքր սխալների նկատմամբ լինեն ներողամիտ: Քաղաքապետարանի, պատկան մարմինների վերաբերմունքով պետք է օգնենք մարդկանց, որպեսզի նրանք կարողանան ապահով ու անվտանգ երթեւեկեն մեր ճանապարհներին՝ լինելով վարորդ, թե հետիոտն: Ճանապարհատրանսպորտային ճիշտ ճարտարապետություն է պետք»:

Մանե Թանդիլյանը Դուբայում գործող «4E Road Safety & Transport Consultants» առաջատար ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն Թավաբ Քազեմիի հետ կնքեց հուշագիր պարտավորություն ստանձնելով այդ լուծումները բերել Երեւան:

Լրագրողների հետ զրույցում հարցին՝ «սուպերքաղաքապե՞տ» եք պատրաստվում դառնալ, արդյոք վթարների հարցով զբաղվելով՝ այլ ոլորտ չե՞ք մտնում՝ Մանե Թանդիլյանը պատասխանեց. «Իրականում շատ մասնակիցներ կան այս ծրագրում, ներառյալ համայնքապետարանը, ոստիկանությունը, նաեւ առողջապահությունն է ներգրավված: Ես չեմ կարծում, որ կա մեկը, ով մտածում է՝ Հայաստանում պիտի ամեն օր մարդ մահանա ճանապարհատրանսպորտային վթարներից: Այն վիճակագրությունը, որը ես ներկայացրեցի, ամեն տարի մեզ հետապնդում է: Դրանք թվեր չեն, մարդիկ են: Տեսեք ինչ վնաս ենք մենք կրում՝մարդկային կյանքերի հարցում: Մենք սա կներդնենք Երեւանում այնքանով, որքանով մեր տիրույթում է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930