Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք ճնշում, որպես ճակատ, նախագահի նկատմամբ, որ ինքը պետք է հրաժարական տա, կյանքում չենք արել, դա սուտ է». Ռուբեն Վարդանյան

Սեպտեմբեր 09,2023 12:24 Share

«Արցախի անվտանգության եւ զարգացման ճակատ» հանրային շարժումն արդեն 100 օր է՝ գործում է: Այդ առիթով այսօր կազմակերպված «Ստեփանակերտ-Երեւան. ճակատագրական հանգրվան» թեմայով տեսակամրջի քննարկման ժամանակ հասարակական-քաղաքական գործիչ, «Արցախի անվտանգության եւ զարգացման ճակատ» հանրային շարժման համակարգող Ռուբեն Վարդանյանն ասաց. «Գիշերը մենք տեղեկություններ ունեինք, որ մեծ կուտակումներ է արել մեր թշնամին եւ սպառնում է մեզ: Այսօր շատ կարեւոր է, որ մենք անցնենք Արցախի նախագահի ընտրությունները եւ շարունակենք այդ ճանապարհը՝ Արցախի պետական ուժերի կառուցման: Հույս ունեմ, որ մեծամասնությունն այդ գաղափարի շուրջ համախմբվել է»:

«Արցախի անվտանգության եւ զարգացման ճակատ» հանրային շարժման գործադիր կոմիտեի անդամ Նարինե Աղաբալյանը, անդրադառնալով ճակատի գործունեությանը, ասաց, որ մեծ աշխատանք է կատարվել. «Հիմնական աշխատանքը այս ճգնաժամի, պաշարման մարտահրավերներին դիմակայելն է, մարդկանց հոգսերի թեթեւացմանն ուղղված մի շարք ծրագրերի իրականացումը, նաեւ ճնշումը կառավարության վրա: Մեր ներդրումն ունենք նրանում, որ այսօր կարողանում ենք անցնցում՝ սահմանադրական կարգով իշխանություն փոխանցել նոր ղեկավարությանը: Այն ծրագրերը, որ իրականացվել են այս 100 օրերի ընթացքում ուղղված է նրան, որ խնդիրներին, որոնք ստեղծվել էին պաշարման ընթացքում, լուծենք, մարդկանց հնարավորություն տանք պայքարելու, չհուսահատվելու, հավատով նայելու ապագային»:

Ռուբեն Վարդանյանը,խոսելով իր առաքելության մասին՝ ասաց. «Մի տարուց ավելի է՝ ես Արցախում եմ: Մեկ տարվա մեջ եղել եմ պետնախարար, հիմա շարժման համակարգողն եմ, եղել եմ նաեւ որպես անձ, որը եկել էր Արցախ ու ուզում էր գործունեություն անել՝ որպես «Մենք ենք, մեր սարերի» համահիմնադիր: Պաշտոնից դուրս գալուց հետո մենք սկսեցինք քննարկումները ապագայի հետ կապված: Եթե դու վստահ եք, որ դու զինվոր ես, որը եկել է պաշտպանի հայրենիքը, կապ չունի, թե ինչ դերում, որ պաշտոնին դու կանես քո գործը»: Նա ասաց, որ այս 100 օրվա մեջ իրենք ունեցել են 100 հանդիպում աշխատանքային 8 խմբերով, որոնց մասնակցել են հարյուրավոր մարդիկ, որոնք միացել են աշխարհի տարբեր երկրներից ու փորձել են օգնել:

Հարցին՝ ճակատը պահանջում էր Արայիկ Հարությունյանի հրաժարականը եւ ասում, որ կարմիր գիծ է Ակնայի ճանապարհի բացումը իրենց համար, Սամվել Բաբայանն ասել էր, որ Արցախի նախագահի թեկնածու Շահրամանյանը խմբակցությունների անդամների հետ հանդիպումների ժամանակ նույնպես նշել է, որ Աղդամի ճանապարհի բացումն անխուսափելի է, Եվլախում ադրբեջանցիների հետ հանդիպումը անխուսափելի է, այդ դեպքում կարմիր գծերն ի՞նչ եղան՝ Ռուբեն Վարդանյանը պատասխանեց. «Նախ՝ մենք ճնշում, որպես ճակատ, նախագահի նկատմամբ, որ ինքը պետք է հրաժարական տա, կյանքում չենք արել: Դա սուտ է: Մեր պահանջը եղել է հետեւյալը՝ իշխանության ղեկավարը պետք է հստակ որոշում կայացնի, ոչ թե առավոտը մի բան ասի, երեկոյան՝ մի բան ու այդ որոշումների փոփոխությունը անվստահություն է բերում: Երկրորդը՝ այդ որոշումը պետք է մտածված լինի եւ բոլոր այն հետեւանքները, որ լինելու են, պետք է ճիշտ հաշվարկվի: Որոշում կայացնողը պետք է հասկանա, որ դա ոչ թե մի հարց է լուծում, այլ՝ ռազմավարական լուծում է դա: Եվ երրորդը՝ մարդիկ պետք է ունենան հստակ ինֆորմացիա, վստահություն, թե այդ որոշումը ոնց է իրականացվելու: Մենք ունենք կարմիր գիծ ուրիշ հարցով՝ դա անցակետն է, Լաչինի միջանցքի բացումը: Որպես ճակատ, մեր համար կարմիր գծերը չեն փոխվելու»:

Հարցին՝ եթե Ստեփանակերտում ձեւավորվի վարչակազմ, որն ընդդիմախոսում է Երեւանի վարչակազմին, արդյոք որոշակի վտանգներ չե՞ն առաջանա՝ Ռուբեն Վարդանյանը պատասխանեց. «Արցախում, ինձ թվում է, 95%-ն են Հայաստանի իշխանության դեմ: 4 կուսակցություն են առաջարկել Շահրամանյանի թեկնածությունը: Մենք ունենք լուրջ խնդիր՝ Արցախի իշխանությունն ասում է, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, իսկ Հայաստանի իշխանությունն ասում է, որ կարող է լինել: Դա ընդհանուր մոտեցման տարբերություն է: Դա անընդունելի է ընդհանուր հայկական աշխարհի, Հայաստանի եւ Արցախի ապագայի համար: Լուրջ հարցով չեն կարող տարբեր ուղղությամբ տանել այդ քարոզը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930