Լրահոս
Օրվա լրահոսը

«Բանակցություններ են ընթանում հնարավորինս սեղմ ժամկետներում Լաչինի միջանցքը վերագործարկելու ուղղությամբ»․ Տիգրան Աբրահամյան

Սեպտեմբեր 12,2023 13:57

Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով դեպի Ստեփանակերտ ռուսական բեռների տեղափոխման հարցին։ Արցախի տեղեկատվական շտաբը տեղեկացրել է, որ սեպտեմբերի 12-ին Ասկերան քաղաքով Արցախի Հանրապետություն է մուտք գործել ռուսական Կարմիր խաչի մեկ բեռնատար մեքենա՝ բեռնավորված ռուսական արտադրության հումանիտար բեռներով:

Տիգրան Աբրահամյանն ասաց, որ ադրբեջանական կողմը երկար ժամանակ պնդում էր, որ այս ճանապարհով Արցախ պետք է մուտք գործի ոչ թե ռուսական մեքենան, այլ ադրբեջանական «Կարմիր մահիկի» մեքենաները։ «Եվ նրա պնդումները, որոնք գրեթե մեկ շաբաթ փորձում էր շանտաժի տաբեր էլեմենտներով առաջնորդվել, այս փուլում հնարավոր է եղել կանխել։ Եկեք չմոռանանք, որ 44-օրյա պատերազմից հետո Կարմիր շուկայով եւ Շուշիի հատվածով ադրբեջանական շարասյուներ էին մուտք գործում Արցախի Հանրապետության տարածք եւ այնտեղից մուտք գործում Շուշիի տարածք։ Այսօր դա չկա, ես սա ասում եմ այն տեսակետից, որ դժվար է ասել, թե սա նախադեպ է եւ մշտական բնույթի պրոցես է լինելու։ Երրորդ, ուզում եմ անդրադառնալ նաեւ այն թեմային, որ առավոտյան Ակնա-Ստեփանակերտ ուղղությամբ ռուսական «Կարմիր խաչի» բեռնատարի մուտք գործելուց հետո նաեւ տեղեկություններ էին տարածվում, որ դա միայն վերմակ է պարունակում։ Դա ծաղրի առիթ էր դարձել, եւ ես ուզում եմ շատ հստակ ասել, որ ռուսական բեռնատարը, որը մուտք է գործել Արցախի Հանրապետության տարածք, իր մեջ պարունակում է առաջին անհրաժեշտության մեծ թվով ապրանքներ։ Այնտեղ եղել են տարբեր սննդատեսակներ, եղել են նաեւ փոքր քանակի ձմռան համար նախատեսված ապրանքատեսակներ»,- ասաց Աբրահամյանը։

Տիգրան Աբրահամյան

Նա նշեց, որ Ասկերան-Ստեփանակերտ ուղղությամբ Արցախ մուտքը ենթադրում է կարճ ժամանակ հետո նաեւ Լաչինի միջանցքի վերագործարկում։ «Թե ինչպե՞ս պետք է տեղի ունենա վերագործարկումը, ի՞նչ դետալներով պետք է իրականացվի, որովհետեւ միայն վերագործարկում ասելը բավարար չէ, կա բանակցային փաթեթ, որը, որքանով ես եմ տեղյակ, այս պահին էլ քննարկվում է։ Եվ փորձում են հնարավորինս ընդլայնված ձեւով նաեւ իրականացնել Լաչինի վերագործարկումը։ Ես տեղյակ եմ, որ խոսք է գնում շատ մոտ ժամանակահատվածում վերագործարկման մասին։ Ես այս պահին դժվարանում եմ ասել՝ դա կլինի 12 ժամվա ընթացքում, թե՞ 24 ժամվա ընթացքում, բայց այս պահին էլ ինտենսիվ աշխատանք է իրականացվում՝ հնարավորինս սեղմ ժամկետներում այն վերագործարկելու ուղղությամբ»,- ասաց Աբրահամյանը։

Ըստ նրա՝ բանակցությունները մի կողմից ընթանում են Արցախի եւ ռուսական կողմի, մյուս կողմից՝ ռուսական կողմի եւ Ադրբեջանի միջեւ։ Նաեւ արցախյան իշխանությունը մի քանի օր թույլ չի տվել ռուսական «Կարմիր խաչի» մեքենայի մուտքը Արցախի տարածք, քանի որ Ադրբեջանն արել էր հայտարարություններ, որոնք հակասում էին ռուսական նախաձեռնության շուրջ ձեռք բերված նախնական պայմանավորվածություններին։

Պատգամավորն անդրադարձավ այն հարցադրմանը, թե՝ իսկ ի՞նչ կլինի, եթե Ադրբեջանն իր սովորության համաձայն խախտի պայմանավորվածությունը, եւ Լաչինի միջանցքի երթուղին չգործարկվի։ Նա ասաց, որ եթե Ադրբեջանն այս փուլում պայմանավորվածությունը չպահի, ապա նրա նկատմամբ միջազգային ճնշումները կլինեն շատ մեծ։ «Վերջին շրջանում հայտարարություններ են հնչում աշխարհաքաղաքական բոլոր խոշոր կենտրոններից՝ ԵՄ-ից, ԱՄՆ-ից, ՌԴ-ից, որի հիմքն այն է, որ Լաչինի միջանցքը պետք է գործարկվի։ Միջազգային դերակատարների համար չկա կասկած այն հարցում, որ Լաչինի միջանցքը դա առանցքն է, իսկ մնացած ուղիները չեն կարող դառնալ Ադրբեջանի կողմից իրականացվող որեւէ պրոցեսի հիմնական մաս։ Այսինքն՝ արձանագրված է, որ Արցախի հիմնական սնուցման ուղին պետք է լինի Լաչինի միջանցքով։ Եթե Ադրբեջանը կարճ ժամանակում այս քայլերը չիրականացնի, բնականաբար, շատ ավելի համոզիչ կդառնան արցախյան կողմի այն պնդումները, որ ստեղծված իրավիճակում Ադրբեջանն է, որ ապակառուցողական դիրք է ընդունել, Ադրբեջանն է, որ այս իրավիճակում ագրեսոր է, եւ Ադրբեջանն է, որ փորձում է օգտագործել ցանկացած իրավիճակ՝ ուժի կիրառումը որոշիչ գործոն դարձնելու համար»,- ընդգծեց նա։

Տիգրան Աբրահամյանն անդրադարձավ նաեւ այն տեղեկություններին, թե Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով ռուսական բեռնատարն Արցախ մտցնելու համար Արցախի իշխանությունների կողմից ուժ է գործադրվել ճանապարհի փակած արցախցիների նկատմամբ։ «Ստեղծված իրավիճակում Արցախի իշխանությունները մի քանի անգամ տեղում՝ հենց Ասկերանում խոսել են քաղաքացիների հետ, որոնք ունեցել են մեծ թվով հարցեր։ Ընդհանուր առմամբ Արցախի այս որոշումն ունի քաղաքական դաշտում հիմնական ուժերի կոնսենսուսը եւ համաձայնությունը։ Եվ սրա հիմքում նաեւ Արցախում ստեղծված ծանր իրավիճակն է։ Կոնկրետ այսօր որեւէ ուժի կիրառում չի եղել, սկզբնական շրջանում այնտեղ հավաքված մարդիկ փորձել են ստանալ հարցերի պատասխանները, սակայն ուժի կիրառում չի եղել, մարդանց իրավիճակը ներկայացրել են, եւ մարդիկ կարճ ժամանակ հետո ճանապարհը բացել են։ Եթե ուժի միջոցով բացված լիներ, ես կարծում եմ՝ նաեւ տեսանյութեր, լուսանկարներ կլինեին»,- նշեց նա։

 

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930