Լրահոս
Օրվա լրահոսը

«Մայր Հայաստան» դաշինքը կօգնի Հայկ Մարությանին ձայներ հավաքել, եթե վերջինս կողմ է Հայաստանում ամբողջական իշխանափոխության. Անդրանիկ Թեւանյան

Սեպտեմբեր 18,2023 17:17

«Մենք ունենք սկզբունքներ, որոնց շրջանակներում պատրաստ ենք համագործակցել այլ ուժերի հետ, դրանք երեքն են. այդ ուժը պետք է հստակ գնահատական տա Նիկոլ Փաշինյանի իշխանությանը, պետք է որեւէ պարագայում հնարավոր չհամարի ՔՊ-ի հետ համագործակցությունը եւ պետք է կիսի ամբողջական իշխանափոխության մեր ծրագիրը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թեւանյանը:

Անդրանիկ Թեւանյանը տեղեկացրեց, որ որեւէ ուժի հետ կոալիցիա կազմելու բանակցություններ չկան, իրենք դա կանեն իրենց հռչակած սկզբունքների շրջանակներում:

Հիշեցնենք, միավորման առաջարկ հնչել էր «Հանրային ձայն» կուսակցությունից:

Ինչ վերաբերվում է «Ազգային առաջընթաց» կուսակցության եւ Հայկ Մարությանի հետ համագործակցությանը՝ քաղաքապետի պաշտոնում դիտարկելով Հայկ Մարությանի թեկնածությունը, Անդրանիկ Թեւանյանն ասաց՝ կարող են օգնել Հայկ Մարությանին, որպեսզի նա ձայներ հավաքի՝ պայմանով, եթե նա կիսում է ամբողջական իշխանափոխության մասին դաշինքի սկզբունքը:

Եթե հնարավոր համագործակցությունը տեղի ունենա, դաշինքը չի պատրաստվում պաշտոններ կամ վերահսկողական պաշտոններ վերցնել:

«Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թեւանյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ամփոփեց երեկ կայացած Երեւանի ավագանու ընտրությունները եւ ներկայացրեց դաշինքի հետագա անելիքները: Նրա համոզմամբ դաշինքի օգտին քվեարկած քաղաքացիներն առաջին լուրջ հարվածն են հասցրել իշխանական համակարգին, իսկ իրենց թիմն այժմ վերլուծում է այն պատճառները, որոնք նպաստեցին ընտրողների ցածր մասնակցության տոկոսին: Իր դիտարկմամբ, այս ընտրություններին մասնակցած ընտրողները լեգիտիմացրեցին իշխանության պարտությունը՝ ապացուցելով, որ երկմտել պետք չէր, պետք էր ակտիվ մասնակցել ավագանու ընտրություններին:

Հիշեցնենք, ըստ պաշտոնական տվյալների, ընտրությունների մասնակցողների թիվը կազմել է 28,5 տոկոս:

Դաշինքի ծրագրերը՝ Հայաստանում մինչեւ տարեվերջ հասնել իշխանափոխության, ձեւավորել ժամանակավոր կառավարություն, որը ոչ ուշ, քան մեկ տարվա ընթացքում կազմակերպելու է արտահերթ ընտրություններ, ուժի մեջ են մնում:

«Մեր հասարակության խնդիրն է՝ կոնսոլիդացված ապահովել ամբողջական իշխանազրկումը»,- հայտարարեց Անդրանիկ Թեւանյանը՝ հավելելով, որ մինչեւ տարեվերջ Հայաստանի եւ Արցախի հետ կապված դրամատիկ իրադարձություններ են սպասվում՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների համատեքստում եւ եթե գործող իշխանությունը մնա՝ ապա, մինչեւ տարեվերջ հնարավոր է այնպիսի գործընթացներ գնան, որոնք անշրջելի կլինեն:

Ինչ վերաբերվում են ընտրակեղծիքներին, դրանք դեռ ուսումնասիրվում են, արդյունքները եւ դրանց հիման վրա նախատեսվող քայլերը կներկայացվեն ավելի ուշ:

 

Այլ մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930