Լրահոս
Օրվա լրահոսը

Ես Հայաստանի Հանրապետության վարչապետն եմ, հետևաբար առաջնորդում եմ անկախության պաշտպանության շարժումը․ Նիկոլ Փաշինյանի ուղերձն՝ ամբողջությամբ

Սեպտեմբեր 24,2023 15:02

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձն Անկախության մասին

Սիրելի՛ ժողովուրդ, սիրելի՛ հայրենակիցներ,

Վերջին տարիներին տեղի ունեցած մի շարք իրադարձություններ մեզ բոլորիս իրադրությունը գնահատելու, վերագնահատելու, հետևություններ անելու հրամայականի առաջ են կանգնեցրել: Ի՞նչ է տեղի ունեցել Հայաստանում, ի՞նչ է տեղի ունենում և ի՞նչ պետք է տեղի ունենա: Սրանք են այն հարցերը, որոնց պատասխանը ռազմավարական է ապագայի համար:

Վերջին տարիներին Հայաստանի Հանրապետության դեմ Ադրբեջանի ձեռնարկած հարձակումներն ակնհայտ եզրակացության են բերում, որ արտաքին անվտանգության այն համակարգերը, որոնցում ներգրավված ենք, արդյունավետ չեն Հայաստանի Հանրապետության պետական շահերի և անվտանգության տեսակետից: Սա երևաց թե՛ 44-օրյա պատերազմի ընթացքում, թե՛ 2021թ. մայիսի ու նոյեմբերի իրադարձությունների ժամանակ, թե՛ 2022թ. սեպտեմբերին, և ցանկը դեռ կարելի է շարունակել:

2020թ. դեկտեմբերին Լեռնային Ղարաբաղի Խծաբերդի և Հին Թաղերի գրավումն ու 60-ից ավելի հայ զինծառայողների գերեվարումը, Փառուխի դեպքերը, Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության ահաբեկման բազմաթիվ արտահայտությունները, Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը, սեպտեմբերի 19-ի ադրբեջանական հարձակումը Լեռնային Ղարաբաղի վրա՝ լրջագույն հարցեր են բարձրացնում նաև Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի գործունեության նպատակների և մոտիվների մասին:

Ի հեճուկս 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության՝ Լեռնային Ղարաբաղի հայությունն այսօր էլ էթնիկ զտումների վտանգի առաջ է: Վերջին օրերին Լեռնային Ղարաբաղ հումանիտար բեռների մուտք է տեղի ունեցել, բայց դա իրադրությունը չի փոխում: Եվ եթե Լեռնային Ղարաբաղի հայերի՝ իրենց տներում ապրելու իրական պայմաններ և էթնիկ զտումներից պաշտպանության գործուն մեխանիզմներ չստեղծվեն, հավանականությունը, որ Լեռնային Ղարաբաղի հայերն իրենց կյանքն ու ինքնությունը փրկելու միակ միջոց կտեսնեն հեռացումն իրենց հայրենիքից, չափազանց մեծանում է:

Իրադարձությունների նման զարգացման պատասխանատվությունն ամբողջությամբ կընկնի էթնիկ զտումների քաղաքականությունը որդեգրած Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի վրա: Իհարկե, Հայաստանի կառավարությունը միջազգային գործընկերների հետ աշխատում է Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության ապահովման միջազգային մեխանիզմների ձևավորման վրա: Բայց եթե այդ ջանքերը կոնկրետ արդյունքներ չտան, Կառավարությունը Լեռնային Ղարաբաղի մեր քույրերին և եղբայրներին ամենայն հոգատարությամբ կընդունի Հայաստանի Հանրապետությունում:

Սրանով սակայն, վերը հիշատակված հարցերը ոչ միայն չեն հասցեագրվի, այլև ավելի կսրվեն: Հայաստանի Հանրապետությունն իր դաշնակցային պարտավորություններից երբեք չի հրաժարվել և իր դաշնակիցներին երբեք չի դավաճանել: Բայց իրադարձությունների վերլուծությունը ցույց է տալիս, որ անվտանգության այն համակարգերը և այն դաշնակիցները, որոնց վրա երկար տարիներ մենք հույս ենք դրել՝ մեր խոցելիություններն ի ցույց դնելու և հայ ժողովրդի անկախ պետություն ունենալու անհնարինությունը հիմնավորելու խնդիր են դրել: Ընդ որում, նման քաղաքականությունն ամենևին էլ կապ չունի 2018թ. Հայաստանում տեղի ունեցած ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությամբ հաստատված Կառավարության հետ, և այդ քաղաքականության դրսևորումները մենք պարբերաբար տեսել ենք վերջին տասնամյակներում: Այդ քաղաքականության արտահայտություն էր նաև 2016թ. չորսօրյա պատերազմը, 2014-2015թթ. տեղի ունեցած սահմանային լարումները և այլն:

Մենք Հայաստանի անկախությունը կասկածի տակ դնող ձևակերպումներին երբեք չենք համաձայնվել: Բայց մտահոգիչ է այն, որ անկախ, ինքնիշխան, ազատ և ժողովրդավարական պետություն ունենալու մեր կամքին ականջալուր լինելու փոխարեն մեր որոշ գործընկերներ անվտանգության ոլորտում մեր խոցելիություններն ի ցույց դնելու գործում ավելի ու ավելի մեծ ջանքեր են գործադրում՝ հիմա արդեն հարվածի տակ դնելով ոչ միայն մեր արտաքին, այլև ներքին անվտանգությունն ու կայունությունն՝ այս ընթացքում խախտելով դիվանագիտական, միջպետական հարաբերությունների էթիկային, կոռեկտության բոլոր նորմերը՝ ընդհուպ պայմանագրերով ստանձնած պարտավորությունները:

Այս քայլերին ի պատասխան մենք կոչ ենք անում և հորդորում ենք մեր գործընկերներին հարգել մեր պետությունն ու ինքնիշխանությունը, և մեր վճռական կամքն ենք արտահայտում ուժեղացնելու մեր պետականությունը, ինքնիշխանությունը, ժողովրդավարությունը, արտաքին և ներքին անվտանգությունը: Միջազգային հանրությանը կոչ ենք անում անսասան աջակցություն հայտնել Հայաստանի անկախությանը, ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանն ու ժողովրդավարությանը: Մենք ձեռնարկելու ենք բոլոր միջոցները մեր անկախությունը պաշտպանելու համար: Այս առումով անհրաժեշտ է վերափոխել, լրացնել, հարստացնել Հայաստանի Հանրապետության արտաքին և ներքին անվտանգության գործիքները՝ համագործակցելով փոխշահավետ քայլերի պատրաստ բոլոր գործընկերների հետ: Մենք այս շարքում ենք դիտում ոչ միայն բանակի և անվտանգության ուժերի խորը և համապարփակ բարեփոխումները, այլև 2022 թվականի հոկտեմբերի 6-ի Պրահայի և 2023 թվականի մայիսի 14-ի Բրյուսելի պայմանավորվածությունների դե յուրե արձանագրումը, որով Խորհրդային Հայաստանի վարչական սահմանները դե յուրե ձևակերպվում են որպես Հայաստանի Հանրապետության պետական սահման: Մենք այս շարքում ենք դիտում նաև Հռոմի ստատուտի վավերացումը, որը Հայաստանի Հանրապետությանը հնարավորություն կտա արտաքին անվտանգության ապահովման գործում օգտվել նաև Միջազգային քրեական դատարանի հնարավորություններից: Հռոմի ստատուտը վավերացնելու որոշումը մենք կայացրեցինք 2022 թվականի դեկտեմբերին, երբ բոլորիս համար ակնհայտ դարձավ, որ ՀԱՊԿ և հայ-ռուսական ռազմավարական գործընկերության գործիքները բավարար չեն Հայաստանի արտաքին անվտանգությունն ապահովելու համար, և այդ որոշումը որևէ կերպ ուղղված չէ ՀԱՊԿ-ի կամ Ռուսաստանի Դաշնության դեմ: Դա բխում է մեր արտաքին անվտանգության շահերից, և նման որոշում կայացնելը մեր սուվերեն իրավունքն է:

Սիրելի՛ ժողովուրդ, սիրելի՛ հայրենակիցներ,

Հայաստանը պետք է լինի խաղաղ, զարգացած, երջանիկ, ազատ և ժողովրդավարական պետություն: Բայց այս ճանապարհին անհրաժեշտ է վերահաստատել ազատ և ինքնիշխան պետություն լինելու մեր կամքը, և մենք գնում ենք այդ ճանապարհով՝ հարգելով մեր բոլոր գործընկերներին, բայց և նույնպիսի հարգանք ակնկալելով մեր ժողովրդի, մեր պետության, մեր ինքնիշխանության, մեր ազատության նկատմամբ: Վերջին տարիներին և այսօր էլ մեզ հետ տեղի ունեցող իրադարձությունների խորքային իմաստը հենց սա է՝ Հայաստանը լինելու է ինքնիշխան, ազատ, ժողովրդավարական պետությո՞ւն, թե՞ վախվորած ծայրագավառ: Արդեն գրեթե բաց և թափանցիկ այս ընտրությունն է դրվում Հայաստանի ներքաղաքական դաշտում: Եվ ամեն քաղաքացի պետք է ընտրություն կատարի՝ ինքն անկախությա՞ն պաշտպանության շարժման մասնակից է, թե՞ ծայրագավառային հնազանդության:

Ես Հայաստանի Հանրապետության վարչապետն եմ, հետևաբար առաջնորդում եմ անկախության պաշտպանության շարժումը: Եթե չլինեի վարչապետ, որպես քաղաքացի կգնայի Հայաստանի անկախության պաշտպանության շարժումն  առաջնորդող վարչապետի հետևից ՝ իմանալով, որ հեշտ չի լինելու, բայց լինելու է, որովհետև Հայաստանի ապագան կախված է մեկ մարդուց և այդ մեկ մարդը ես եմ, Հայաստանի ապագան կախված է մեկ մարդուց և այդ մեկ մարդը դու ես:

Հայաստանի Հանրապետության քաղաքացին չի կորցրել և չի կորցնի իր հպարտությունը ու հաստատակամությունը և Հայաստանի Հանրապետության քաղաքացին կհաղթի անկախության, ինքնիշխանության, ժողովրդավարության, երջանկության և ազատության համար մղվող այս պայքարում:

Փա՛ռք նահատակներին և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը:

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930