Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«Գնում, լուռումունջ ցույց եք անում Ադրբեջանի դեսպանության առաջ, գալիս եք՝ ՀՀ-ի դեսպանության դիմաց ձեր տղամարդկությունը բռնո՞ւմ է»․ Կանադայում ՀՀ դեսպանը՝ ցույց անող դաշնակցական երիտասարդներին

Հոկտեմբեր 17,2023 19:33

«Կարծում եմ ամենաշատը ՀՀ-ի շահերին և նրա անվտանգությանը վնասում են այսօր մեր պետությունը ներկայացնողների քայլերը, հայտարարությունները։ Մի տեսակ  արդար չէ դրա հետևանքների համար մեղադրել մարդկանց, որոնք բողոքում են այդ ամենի դեմ։ Դա պատասխանատվության սլաքների շեղում է»,-Aravot.am-ի հարցին՝ Տորոնտոյում  դաշնակցական երիտասարդների կողմից Կանադայում ՀՀ դեսպան Անահիտ Հարությունյանի՝ Հայաստան համահայկական հիմնադրամի Տորոնտոյի վարչության հանգանակային ճաշկերույթին մասնակցելուն խոչընդոտելը չի՞ վնասում ՀՀ-ին և արցախահայությանը, այսպես պատասխանեց ՀՀ ԱԺ դաշնակցական պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։

Երբ երիտասարդները թույլ չէին տալիս դեսպանին մուտք գործել շենք, նա հայտարարեց․ «Եթե մենք չենք գիտակցում, որ առանց ամուր ՀՀ-ի մենք չենք կարող փրկել սփյուռքը ուծացումից, ուրեմն մենք էլի չենք ունենալու հաղթանակ։ Մենք, կարևորելով մեր յուրաքանչյուրի անելիքները, փոքր քայլերը, պիտի աջակցենք Մկրտիչի պես հայրենասեր մարդկանց»։

Նա բոլորին խնդրեց՝ ներս գնալ, անել հանգանակություն, որովհետև արցախահայության բարոյահոգեբանական իրավիճակն այն աստիճան է, որ մենք չպիտի տրվենք այս անախորժություններին ու հույզերին․ «Հարգանքով հանդերձ ափսոսում եմ, որ ձեզ մոտ դիմացինի, հայի նկատմամբ, մարդու տարած աշխատանքի նկատմամբ այդ փոքրիկ հարգանքը չկա։ Դուք դեռ ունեք ժամանակ սթափվելու և հասկանալու՝ ինչ է նշանակում պետություն ու պետականություն։ Այսօր սա հարված է ոչ միայն արցախահայությանը, այլ ՀՀ պետական սահմանը պահող մեր որդիներին։ Մենք դրա իրավունքը չունենք»։ Երիտասարդները հակադարձեցին՝ բացարձակապես սխալ է ասել, որ մենք արցախահայության դեմ ենք։

Դեսպանն արձագանքեց․ «Որևէ մեկը մյուսի հայրենասիրությունը խնդրում եմ կասկածի տակ չդնի։ Հետևաբար, երբ ինչ-որ կեցվածք եք ունենում, ողջունում եմ ձեր կապվածությունը Արցախի, ՀՀ-ի նկատմամբ, բայց լինելով  ՀՀ ներկայացուցիչ՝ յուրաքանչյուրիդ կոչ եմ անում՝ դարձեք ՀՀ քաղաքացի, համալրեք մեր բանակը, օգնեք մեզ մեր երկիրը ոտքի կանգնեցնել։ Շատ ավելի հեշտ է այստեղ ցույց անել, քան ունենալ սահմանին կանգնած տղա։ Արցախահայությունն այսօր մեր կարիքն ունի, մենք պիտի ոտքի կանգնենք, որ կարողանանք նրանց ոտքի կանգնեցնել»։

Նա նշեց, որ ցույց անող երիտասարդները փախչում են ՀՀ-ից․ «Հեշտ է լինել Կանադայում և թույլ չտալ՝ ՀՀ դեսպանը մուտք գործի։ Գնացեք ՀՀ, դարձեք մեր մի մասնիկը և քվեարկեք։ ՀՀ-ն ընտրել է այս իշխանություններին և չի կարող Կանադայի քաղաքացին ինչ-որ դժգոհություն ունենալ․ սիրում եք իշխանությանը կամ չեք սիրում։ Այսինքն՝ ինչպե՞ս կարող եք մի բան պահանջել՝ չլինելով այդ երկրի մասնիկը»։

Անահիտ Հարությունյանը երիտասարդներին հորդորեց զբաղվել իրենց շահերի պաշտպանությամբ, հայապահպանությամբ, մշակութային ժառանգության պահպանությամբ․ «Ցավում եմ, որ ձեր ամբողջ հայրենասիրությունն ուղղվում է սխալ նպատակների։ Գնում, լուռումունջ ցույց եք անում Ադրբեջանի դեսպանության առաջ, գալիս եք՝ ՀՀ-ի դեսպանության դիմաց ձեր տղամարդկությունը բռնո՞ւմ է․ ամբողջ շենքը ներկ եք անում։ Դա՞ է հայրենասիրությունը, որ ՀՀ դեսպանություն ցուցատախտակը ամբողջությամբ կարմրացնում եք։ Այդ դեսպանությունը եղել է 1995-ից և շարունակելու է լինել»։

Պատգամավոր Քրիստինե Վարդանյանը, անդրադառնալով դեսպանի այն դիտարկումներին, թե այսպիսի գործողությունները հարված են ոչ միայն արցախահայությանը, այլ ՀՀ պետական սահմանը պահող մեր որդիներին, ասաց․ «Հարց ունեմ  բոլոր այդպիսի պնդում անողներին՝ ի՞նչ  են ակնկալում, որ Արցախի հանձնումը, երկրի տարածքային նոր զիջումները պիտի առանց ցույցերի, դժգոհության ալիքի՞ ուղեկցվեն, պիտի ծափողջույններո՞վ դիմավորեն այդ քաղաքականության վերջնարդյունքի համար պատասխանատուներին՝ այդ թվում նաև դեսպանություններին։ Իսկ որտե՞ղ պիտի հայերն արտահայտեն և ինչպե՞ս պիտի հայերն արտահայտեն իրենց զգացմունքները։ Պիտի միայն ծափողջույններով դիմավորե՞ն ու գովեստի խոսքեր շռայլե՞ն մարդկանց հասցեին, որոնք երկիրը նման իրավիճակի են հասցրել։ Մենք կարծես չենք հասկանում՝ ինչ աղետի ենք բախվել, և ոչ միայն բնական է այդպիսի արձագանքը։ Կանադայում, Եվրոպայում, արևմտյան այլ երկրներում պարզապես մի կենդանու սպանության դեպքում կարող է շատ ավելի կտրուկ բողոքի ակցիա տեղի ունենալ, քան այս ամիսներին տեղի ունեցածը։

Հայկական տարբեր համայնքներում այս օրերին տեղի են ունենում բողոքի  գործողություններ, դժգոհության արտահայտում, և դա ամենաբնական բանն է, որ կարող է տեղի ունենալ, և պիտի իշխանություններն ու իրենց ներկայացուցիչները սպասեն դրան։ Կներեք՝ ավելի շատ պետությունը ներկայացնող  անձանց հակապետական ու հակասահմանադրական հայտարարություններն են վնասում և տեղի ունեցածի մեջ մարդկանց մեղադրելը, որոնք բողոքում են այդ քաղաքականության հետևանքների դեմ։ Ես միայն իմ պարտքն եմ համարում ասել, որ օրինակ նույն կանադահայ համայնքի ներկայացուցիչ Քրիստափոր Արթինը նահատակվել է 44-օրյա պատերազմում, և այդ մեղադրանքները կեղծ են, պաթետիկ և քաղքենի, որ ներկայացվում է  սփյուռքին, թե դուք իրավունք չունեք բողոքելու, քանի որ դուք ՀՀ-ի հետ կապ չունեք։

Սփյուռքահայերն իրենց հնարավորության չափով, համայնքները մասնակցում են բոլոր նախաձեռնություններին, որոնք ուղղված են հայրենիքի պաշտպանությանը, բազմաթիվ են դեպքերը, երբ անձամբ են ներկայանում, մասնակցում նաև տարբեր նախաձեռնությունների, գործողությունների, որոնց միակ նպատակը հայրենիքի պաշտպանությունն է, այն հայրենիքի, որը միայն ՀՀ-ում ապրողներինը չէ, այլ ամբողջ աշխարհում ապրող հայերինն է։ Եվ այստեղ է նաև գործող իշխանությունների և մտածողությամբ հայերի կոնցեպտուալ տարբերություններից մեկը։ Հայաստանը աշխարհի բոլոր հայերի հայրենիքն է, Երևանը բոլոր հայերի մայրաքաղաքն է, ու այո, այդ որոշումները, որ  այսօր են կայացվում, այն ամենը, ինչ հիմա է տեղի ունենում, ազդում է ոչ միայն այստեղ ապրող 3 միլիոն հայի, այլև դրսում ապրող միլիոնավոր այլ հայերի ճակատագրի վրա, հետևաբար այդ մարդիկ ունեն իրավունք իրենց տեսակետն արտահայտելու»։

Քրիստինե Վարդանյանը փաստեց՝ Կանադան ամենակազմակերպված հայ համայնքներից մեկն է, որտեղ երիտասարդությունը միշտ է ակտիվ եղել։ Նա հայտնեց, որ բողոքի ցույցի շարքերում եղել են ոչ միայն դաշնակցական երիտասարդներ, այլև Կանադայի հայ համայնքի երիտասարդներ։

Այս միջադեպի առիթով հայտարարություն տարածեց նաև ՀՅԴ Կանադայի Սիմոն Զավարյան երիտասարդական կառույցը, որում մասնավորապես ամրագրված է․ «Մենք Տիկին Յարութիւնեանի անձին դէմ ոչ մէկ խնդիր ունինք, բայց ան կը ներկայացնէ այսօրուան իշխանութիւնը, որ Արցախը յանձնեց, 5000է աւելի երիտասարդի նահատակութեան պատճառ դարձ աւ, 120.000 Արցախահայու տեղահանութեան մեղսակից է, եւ սփիւռքահայ երիտասարդ մեր ընկերներու Հայաստան մուտքը կ՚արգիլէ։ Ուրեմն, դաւաճան իշխանութիւններու եւ իրենց պաշտօնեաներու մուտքը այս կեդրոն թոյլատրելի չէ: Այս կեդրոնը նահատակ տուած է այն հողին որ իրենք յանձնեցին թուրքին»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարները՝ Varazh Stephen-ի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Մեր Կեդրոններէն՝ ԴՈ՛ՒՐՍ:

    Տարինե՜ր առաջ արդէն իրենց երկիրը լքած, դասալիք, զինծառայութենէն փախած, հակաազգային եւ արցախատեաց, մեր երկիրներուն մէջ բացառապէս իրենց անհատական բարօրութիւն փնտռող, փաշինյանիսթ հայաստանցիները, բարոյական իրաւունքը չունի՛ն մուտք գործելու մեր, Աւանդական Սփիւռքի համայնքային դաշնակցական կեդրոններուն մէջ:

    Մինչ, ի դէպ, իրենց կառավարութեան յանցանքով, անասելի լկտիութեան պատճառով, ՀՅԴ Բիւրոյի անդամ մը այժմ կը գտնուի թուրքերուն ձեռքը:

    Եթէ արդէն արժանապատւութեան եւ ամօթի նուազագոյն ըմբռնողութիւնը ունենան, այդ արարածները երես չեն ունենար այդտեղ գալու իսկ:

    Թող երթան ռամկավարներուն կեդրոնները, կամ էլ թող իրենց կեդրոնները հիմնեն, կամ էլ՝ իրենց դեսպանատան մէջ հաւաքուին, եւ Դաշնակցութեան հայհոյեն:

    Մ. Հայդուկ Շամլեան

    Յ.Գ. Կը պահանջեմ նաեւ որ զիս անպայման արձանագրէք այժմու Հայաստանի persօna non grata հայերու ցանկին վրայ, խոշոր եւ հաստ գիրերով: Դա արդէն ինքնին ազգային պատիւ, շքանշան կը համարեմ: Հետեւաբար, հաճեցէք այդ որոշումի փաստաթուղթը ուղարկել ինծի, որպէսզի զայն ապագայ թոռնիկներուս ցոյց տամ, խոր հպարտութեամբ:

    @Embassy of the Republic of Armenia to Canada
    @ՀՀ արտաքին գործերի նախարարություն / Ministry of Foreign Affairs of Armenia
    @ՀՀ կառավարություն
    @ Zareh Sinanyan

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031