«ԹՐԻՓՓ-ը միայն ՀՀ տարածքով 42 կմ ճանապա՞րհն է, թե՞ Երասխով անցնող ճանապարհին էլ է վերաբերում։ Եթե այո, նույն ռեժիմը, որը գործում է Հայաստանի հատվածի վրա, Երասխով անցնող ճանապարհի վրա գործո՞ւմ է, թե՞ ոչ»,- ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (ԹՐԻՓՓ) վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը վավերացնելու մասին նախագծի քննարկման ժամանակ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանին հարցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։
Արարատ Միրզոյանն ասաց, որ Ադրբեջանը իրավունք է ստանալու անցնել Հայաստանի տարածքով Նախիջեւան, իսկ Հայաստանը ստանալու է փոխադարձ առավելություններ՝ օգտագործելու Ադրբեջանի տարածքը՝ կապվելու Երասխից Մեղրի, եւ Ադրբեջանի տարածքի ենթակառուցվածքներով՝ երրորդ երկրների հետ։
«Որքան խաղաղությունն ամրապնդվում է ու սկսում է գործել, այնքան զգայուն հարցերը պակաս զգայուն են դառնում։ Օրինակ՝ մենք որեւէ մեկս չենք կարող հերքել, որ ՀՀ քաղաքացիները կարող են հոգեբանական բարդությունների ունենալ՝ Ադրբեջանի համապատասխան մարմինների հետ շփումներում եւ հակառակը։ Կոնֆլիկտը նոր է ավարտվել, վերքերը թարմ են, հասարակությունները շատ զգայուն են։ Եվ հասկանալի է նաեւ այս կոնտեքստում այս շփումը հնարավորինս նվազեցնելը, էլ չասած, որ աշխարհում նորագույն տեխնոլոգիաները հեշտացնում են այդ գործընթացը։ Ֆիզիկական շփման տենդենցը աշխարհում վերանում է։ Այս բոլոր գործոնների համադրության արդյունքում եղել է գաղափար սպասարկման այսպիսի ձեւ՝ «Ֆրոնտ օֆիս», «Բեք օֆիս»։ Որոշումների կայացումը կատարվում է «Բեք օֆիսում»։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Քրիստինե Վարդանյանն ասաց․ «Մենք ձեր ասածից հասկացանք, որ «Բեք օֆիս», «Ֆրոնտ օֆիս»-ի անհրաժեշտությունը բխել է նրանից, որ ադրբեջանցիները հայեր չտեսնեն, հայերն էլ ադրբեջանցիներ չտեսնեն»։
Պատգամավորը նաեւ հարցրեց՝ ԹՐԻՓՓ ուղին ի՞նչ լայնություն է ունենալու։
«Ես չեմ կարող ասել՝ ինչքան է լայնությունը։ Մենք հողօգտագործման իրավունքը կտանք, փաստաթղթերը կհրապարակվեն»,- արձագանքեց Միրզոյանը։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Լուսանկարը՝ արխիվային





















































