Լրահոս
Օրվա լրահոսը

«Անդրանիկ Քոչարյանի կերպարով պայմանավորված՝ որեւէ նիստ էֆեկտիվ չեմ համարում, նրան լուրջ չեմ վերաբերվում». Տիգրան Աբրահամյանը՝ բացակայությունների մասին

Նոյեմբեր 21,2023 20:25

«Տիգրան Աբրահամյանը, չի եկել նիստին, 23 անգամ փախել է նիստերից: 23 բացակա ունեցող մարդը առավոտից իրիկուն խոսում է անվտանգությունից»,- օրերս մեզ հետ զրույցում «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղարի բացակայություններից բողոքեց ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

Դիտարկմանը, որ Տիգրան Աբրահամյանը լծված է գործի՝ նա արձագանքեց՝ «Ի՜նչ եք ասում, բա մենք էլ բան չենք անում հա՞, մենք գործի լծված չենք, պարապ ենք: Մեղա քեզ, տեր Աստված: Ո՞րն է այդ գործը, եթե իր գործը պաշտպանության հանձնաժողովի անդամի կարգավիճակն է, որտեղ պիտի աշխատանք անի: Ինչի բոլորն անում են, բացի իրանից, ինքը էդ ո՞վ ա: Էդ գործի լծվածները առավոտից իրիկուն գալիս են լրատվամիջոցներում ինչ-որ թեմաներից են խոսում, որից պատկերացում չունեն»:

Թե ինչու է բացակայում ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստերից, Aravot.am-ի հետ զրույցում Տիգրան Աբրահամյանը այսպես պատասխանեց. «Անդրանիկ Քոչարյանին՝ որպես կերպար, գործիչ, որպես հանձնաժողովի նախագահ լուրջ չեմ վերաբերվում: Եվ առավել մեկնաբանելու կարիք չեմ տեսնում: Անվտանգային այն ուղղությունները, որտեղ ես իմ անելիքը տեսնում եմ, միանշանակ իրականացնում են: Հատկապես այս փուլում դրանք կապված են ուղիղ առաջնագծի հետ եւ ես առաջնագիծ կատարած իմ այցերով փորձում եմ ե՛ւ օպերատիվ իրավիճակը հասկանալ, ե՛ւ նաեւ Զինված ուժերի գլխավոր շտաբին իմ հարցադրումներով, դիտարկումներով, գրավոր հարցումների միջոցով փորձում եմ դա ապահովել: Հանձնաժողովում հնարավոր կարեւոր հարցերի քննարկման համար, որպես իմ համար այս պահին էֆեկտիվ միջոց, ԳՇ-ի հետ գրագրութամբ քննարկումներն են: Եթե կան կարեւոր հարցեր, որտեղ անհրաժեշտություն կա դիրքորոշում ձեւակերպելու, ես իմ դիրքորոշումներն ու առաջարկները ուղիղ ներկայացնում եմ ԳՇ-ին: Հանձնաժողովում հենց առաջին հերթին Անդրանիկ Քոչարյանի կերպարով պայմանավորված՝ որեւէ նիստ այս տեսանկյունից  էֆեկտիվ չեմ համարում:

Այսինքն, ոչ միայն քաղաքական որոշում կա բոլոր հանձնաժողովների նիստերին չմասնակցելու, այլեւ Անդրանիկ Քոչարյանի ներկայությունը հա՛մ լրացուցիչ անլրջացնում է, հա՛մ ոչ էֆեկտիվ է դարձնում այդ հանձնաժողովի աշխատանքները: Մնացած ուղղություններով  ես իմ աշխատանքները շարունակում եմ: Անվտանգության մասով ուշադրությունս սահմանային կետերի սահմանային ուղեկալների մասով է, որը ԱԱԾ սահմանապահ ուժերն են իրականացնում: Նաեւ հնարավորություն ունեմ այդ ուղեկալներ, ՀՀ տարբեր հատվածներ այցելելու եւ իմ դիտարկումները ուղիղ ներկայացնելու: Հանձնաժողովն ու Անդրանիկ Քոչարյանն այստեղ որեւէ դերակատարում չունեն: Այնպես որ, իր ցանկացած մեկնաբանություն շատ ավելի ընդգծում է իր գաղափարների սնանկությունը եւ առհասարակ իր կերպարը»:

Հարցին՝ առաջ գնում էիք այդ հանձնաժողովի նիստերին, մասնակցում էիք, ի՞նչ փոխվեց՝ Տիգրան Աբրահամյանը պատասխանեց, որ իրավիճակից է կախված. «Եթե կա հարց, որտեղ անհրաժեշտություն կա տեսակետ հնչեցնելու, մենք այդ ֆորմատն օգտագործում ենք: Որտեղ էֆեկտիվություն չի ապահովում կամ նպատակահարմարություն չի ապահովում, բնականաբար, այս իրավիճակում մենք շարժվում ենք լրիվ այլ ուղղությամբ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930