Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր պետականությունն ապագա չի ունենա, եթե չձերբազատվենք ստամոքսային մտածողությունից․ «Փաստ»

Նոյեմբեր 25,2023 10:50

Օրերս հերթական բողոքի ակցիաներն էին կառավարության մոտ. այս անգամ դժգոհողները ավտոներկրողներն ու ձկնաբույծներն էին։ Դե, ըստ էության, դրանում ոչ մի արտառոց բան չկա, քանի որ Հայաստանում միշտ էլ տարբեր խնդիրների ու հարցերի շուրջ բողոքի ակցիաներ են տեղի ունեցել։ Պարբերաբար որոշակի շրջանակի պատկանող քաղաքացիներ կամ տնտեսվարողներ դժգոհում են կառավարության այս կամ այն նախաձեռնությունից կամ ընդհանրապես անգործությունից։ Բայց ուշագրավն այն է, որ բողոքի ակցիա իրականացնողներն իրենց պահանջները ներկայացնելիս հատուկ շեշտում են, որ իշխանության ներկայացուցիչներն իրենց քվեով են հայտնվել այդ աթոռին, ու իրենք չեն թողնի, որ նրանք իրենց տները քանդեն։ Այստեղ են ասել՝ լուրջ եք ասո՞ւմ, չեք թողնի՞ ձեր տները քանդեն։

Իշխանությունները պատերազմում խայտառակ պարտության, հազարավոր երիտասարդների զոհվելու կամ անդամալույծ դառնալու, հայրենիքի հանձնման պատճառ դարձան, այդ ժամանակ ինչո՞ւ չէիք խոսում տների քանդման մասին, ինչո՞ւ փողոց դուրս չեկաք՝ պահանջելով իշխանությունների հրաժարականը՝ կործանարար քաղաքականությանը վերջ դնելու նպատակով։ Դեռ ավելին, այսօր արդեն «տների քանդման» մասին խոսողները (լավ, գուցե ոչ բոլորը), ինչպես իրենք են խոստովանում, 2021 թվականին հանգիստ խղճով գնացին ու նորից քվե տվեցին Փաշինյանին, կարծես թե ոչինչ տեղի չէր ունեցել։ Իսկ դրա արդյունքում Փաշինյանը հնարավորություն ստացավ շարունակել իր կործանարար քաղաքականությունը։ Ունեցանք նոր կորուստներ ու զոհեր, ինչի արդյունքում քանդվեցին նոր ընտանիքներ ու տներ։

Իսկ հարյուր հազարից ավելի արցախցիներ բռնագաղթի ենթարկվեցին՝ իրենց տներն ու ունեցվածքը թողնելով թշնամուն։ Նրանց տները տներ չէի՞ն: Ու կասկած չկա, որ Փաշինյանը շարունակելու է նույն քաղաքականությունը այնքան ժամանակ, քանի դեռ մեր երկրում մարդիկ կան, ովքեր տեղի ունեցածից հետո մտադիր չեն պահանջել իշխանությունների հեռացումը, ու նոր ընտրությունների անցկացման դեպքում պատրաստ են նորից քվեարկել Փաշինյանի օգտին։ Այլ կերպ ասած՝ Փաշինյանը պողպատե մանդատ է ստացել միայն մեր ունեցածը հանձնելու, քանդելու, զիջելու և ամեն կերպ հակառակորդին գոհացնելու համար։ Նրա իշխանությունն ուղղակի ընդունակ չէ երկրի շահերից բխող քայլեր ձեռնարկել։

Խնդիրն այն է, որ շատերն իրենց մեր պետության ու հայրենիքի մասնիկը չեն դիտարկում, նրանց չի հուզում այն, որ հազարավոր երիտասարդների տանում են անհավասար մարտերի զոհվելու, իսկ հակառակորդի հավակնությունները ամենաբարձր մակարդակով շարունակաբար լեգիտիմացվում են։ Զարմանալի է, թե երբվանի՞ց մեր հասարակության շրջանում այսքան խորը արմատավորվեց ստամոքսային մտածողությունը։ Դժվար է ասել: Բայց այն, որ մեր պետականությունը ապագա չի ունենա, եթե չձերբազատվենք ստամոքսային մտածողությունից, փաստ է…

Արթուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930