Երկու ամսով կալանավորված «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերությունների, որոնք կապարակնքվել են եւ դադարեցրել են գործունեությունը, աշխատակիցները ի աջակցություն գործարարի եւ բարերարի բողոքի ակցիաներ են իրականացնում Կոտայքի մարզում եւ Երեւանում։
«Euromotors» ընկերության տնօրեն Աբրահամ Դանագյոզյանը «Կենտրոն TV»-ի հետ զրույցում ասաց. «Մենք՝ որպես «Euromotors» կազմակերպություն, ներկայացնում ենք «BMW»-ն, Vini Coupe»-ը եւ «Rolls Royse», իրականացնում «Vini» մեքենաների, պահեստամասերի վաճառք եւ սերվիս ծառայություններ, իսկ «Rolls Royse»-ի պարագայում՝ միայն սերվիս։
Ես ուզում եմ մեր զորակցությունը հայտնել պարոն Ծառուկյանին, իր ընտանիքին, տիկնոջը, մորը եւ զավակներին։ Մենք՝ որպես «Euromotors», ունենք պարտնյորներ`«Princesss Caars»-ը Աբու Դաբիում։ Իրենք նույնպես աջակցում, զորակցում են պարոն Ծառուկյանին եւ պատրաստ են տեղական մարմինների եւ իրավական ու միջազգային ատյաններ այս հարցը հետապնդել մինչեւ վերջ։
Ինչ հետեւանքներ կարող է ունենալ ընկերությունը փակելը։ Երկուշաբթի անակնկալ, ժամը 08։00-ին լուր ստացանք, որ այստեղ ինչ-որ քննչական գործողություններ են գնում։ Մի քանի հոգով եկանք, մասնակցեցինք ընդհանուր գործողություններին։ Մեր մոտից վերցրին երեք սերվերներ, 19 կոմպյուտերներ, լափթոփ եւ բոլոր աշխատակիցների անձնական հեռախոսները։ Նաեւ իմ անձնականը՝ ոչ աշխատանքայինը, որի մեջ երկու համար կա։ Ու ոչ մի պատճառաբանություն։
Կարդացեք նաև
Որպես տասը տարվա տնօրեն, կարող եմ վստահեցնել, որ «Euromotors»-ը Հայաստանում իր ծավալի մեջ ամենաթափանցիկ եւ արդար կազմակերպություններից մեկն է, որը ներկայացնում է իր հարկերը օր օրի, աշխատում է որպես լրիվ թափանցիկ համակարգ։ Այնպես որ, ոչ մի իրավական պատճառ չկար՝ գալու եւ փակելու «Euromotors»-ը։
Բայց, ինչպես տեսնում ենք, այս ամբողջը գնում է մի վերնագրի տակ, որովհետեւ պարզապես սեփականատերը պարոն Ծառուկյանն է։ Ես անձնապես այլ բան չեմ տեսնում»։
Հարցին, թե սա ինչքանով կվնասի ընկերությանը, ինչ տույժեր կարող են լինել միջազգային ընկերությունների կողմից, տնօրենը պատասխանեց. «Մեր մոտ աշխատում է երեք համակարգ՝ երեք կազմակերպությունների հետ։ Եվ երբ մեր սերվերները, վերցվեցին, մեր աշխատանքն ամբողջությամբ խափանվեց «Vini»-ի, «BMW»-ի եւ «Rolls Roys»-ի հետ։ Մենք չենք կարողանում ոչ մեքենաների պատվերներ դնել եւ ոչ էլ այլ աշխատանք կատարել։
Հիմա մենք սերվիսում ունենք տարբեր մարդկանց 17 մեքենա, որ բերել են այստեղ՝ օգտվելու մեր սերվիսից։ Այդ մեքենաները հիմա այստեղ կալանքի տակ են։ Եվ փաստորեն այդ մարդիկ մեկ շաբաթ է՝ չեն կարողանում վերցնել իրենց մեքենաները։ Ունենք Չինաստանի դեսպանատան մեքենա, որը կանգնած է այստեղ, եւ մենք չենք կարողանում հանձնել։ Ունենք 20 մեքենաներ, որոնք պատվեր տրված են Գերմանիայում եւ չենք կարողանում բերել։ Ունենք թրեյլերներ՝ ուղարկված Գերմանիա, որպեսզի փոխադրեն մեքենաները։ Վճարումները համակարգի միջոցով չեն եղել եւ այդ մեքենաները այնտեղ են։
Եթե վաղն առավոտյան վերադարձվեն մեր սերվերները, մեր աշխատանքը վերականգնելու համար առնվազն 15 օր է պետք գալու։ Փաստորեն, այսօր իր ծավալով, իր աշխատանքային մակարդակով տարածաշրջանի ամենամեծ կազմակերպությանը՝ «Euromotors»-ը, որն իր յուրահատուկ տեղն ունի Գերմանիայում, մեր պարտնյորների մոտ որպես միջազգային բրենդ, նաեւ ամբողջ Հայաստանի իմիջին է հարված հասցվում։ Ես վստահ եմ, որ բոլոր դեսպանատները այս ամենը որպես զեկույց ներկայացնում են իրենց երկրներին, ինչը Հայաստանի վարկը օրեցօր գցում է, քանի որ այս մակարդակի անարդար որոշումներով միջազգային բրենդները կասեցվում են»։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































