Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ են հացադուլ արել «Սեւան» ՔԿՀ-ի ցմահ դատապարտյալները

Նոյեմբեր 27,2023 17:21

«Սեւան» քրեակատարողական հիմնարկի 7 ցմահ դատապարտյալ նոյեմբերի 27-ից անժամկետ հացադուլ են հայտարարել։ Հիմնական բողոքը վերաբերում է քրեակատարողական հիմնարկի անվտանգային գոտիներում նրանց կեցությանը։ Ըստ հացադուլավորների՝ միջին անվտանգային գոտուց ցմահ դատապարտյալներին չեն երաշխավորում տեղափոխելու ցածր անվտանգային գոտի, չնայած այն հանգամանքին, որ նրանք պատշաճ վարքագիծ են դրսեւորում։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված դիմումում նրանք նաեւ դժգոհել են պայմանական վաղաժամկետ ազատվելու գործընթացից, քանի որ 30 տարի անազատության մեջ գտնվելուց հետո էլ՝ ցմահ դատապարտյալներին դրական զեկույցներ չեն տրվում։

«Հայտնում ենք Ձեզ, որ մենք ցմահ դատապարտվածներս բախվել ենք մի խնդրի, որը հանդիսանում է ինստիտուցիոնալ, հետեւանք է ՀՀ Սահմանադրության խախտմամբ օրենքների եւ որոշումների տարաբնույթ մեկնաբանման, թերի կատարման կամ չկատարման, խտրական եղանակով կիրառման:

ՀՀ կառավարության կողմից մշակված քաղաքականությունը եւ ռազմավարությունը, որը ուղղված է մեր վերասոցիալականացմանը՝ «ռեժիմների» անվտանգային գոտիների փոփոխման եղանակով մեզ հասարակություն վերաինտեգրելուն չի գործում, կամ գործում է թերի, վերապահումներով, կամայականորեն»,-գրված է նրանց դիմումում։

Պարզաբանումների համար դիմեցինք քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանին։

 

«Այսօր՝ նոյեմբերի 27-ին, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Սեւան» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող 7 դատապարտյալ հայտարարել է անժամկետ հացադուլ՝ հաջակցություն մեկ այլ ցմահ դատապարտյալի, որի տեղափոխումը քրեակատարողական հիմնարկի միջին անվտանգային գոտու մեղմ պայմաններից ցածր անվտանգային գոտու խիստ պայմաններ մերժվել է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում գործող տեղաբաշխման հանձնաժողովի կողմից։ Հանձնաժողովի որոշումը դատապարտյալի կողմից բողոքարկվել է դատական կարգով, սակայն վերջինիս բողոքները մերժվել են ընդհանուր իրավասության եւ վերաքննիչ դատարանների կողմից, իսկ Վճռաբեկ դատարանն այն վարույթ չի ընդունել։

Դատապարտյալներն իրենց բողոքում պնդում են, որ ՀՀ նոր քրեակատարողական օրենսգրքի որոշ դրույթներ չեն գործում կամ գործում են թերի, մասնավորապես՝ դատապարտյալներին առավել ցածր անվտանգային գոտիներ տեղափոխելու հետ առնչություն ունեցող դրույթներն ու իրավական ակտերը։ Իրենց բողոքով, սակայն, դատապարտյալները փորձում են մեկ դատապարտյալին մերժելու հանգամանքն ընդհանրացնել բոլոր ցմահ դատապարտյալների համար՝ թյուր կարծիք ստեղծելով այն փաստի վերաբերյալ, որ օրենքը չի գործում։

Ի պատասխան դատապարտյալների բողոքի՝ նշենք, որ ինչպես բոլոր քրեակատարողական հիմնարկներում, այնպես էլ «Սեւան» քրեակատարողական հիմնարկում դատապարտյալների տեղափոխումն ըստ անվտանգային գոտիների իրականացվում է պատշաճ կերպով, օրենքի սահմաններում։ Մասնավորապես՝ 2023 թվականի ընթացքում 2 ցմահ դատապարտյալ տեղափոխվել է հիմնարկի բարձր անվտանգային գոտու մեղմ պայմաններից միջին անվտանգային գոտու խիստ պայմաններ, իսկ 3 ցմահ դատապարտյալ՝ միջին անվտանգային գոտու մեղմ պայմաններից ցածր անվտանգային գոտու խիստ պայմաններ։

Ներկա պահին ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում գտնվող 87 ցմահ դատապարտյալներից 2-ը պատիժը կրում են բարձր անվտանգային գոտու խիստ պայմաններում, 50-ը՝ բարձր անվտանգային գոտու մեղմ պայմաններում, 14-ը՝ միջին անվտանգային գոտու խիստ պայմաններում, 16-ը՝ միջին անվտանգային գոտու մեղմ պայմաններում, 4-ը՝ ցածր անվտանգային գոտու խիստ պայմաններում, իսկ 1-ը՝ ցածր անվտանգային գոտու մեղմ պայմաններում։

Ցմահ դատապարտյալների անվտանգային գոտիների մեղմացումները վկայում են քրեակատարողական համակարգում դրական զարգացումների մասին։ Այդ մասին արձանագրել է նաեւ Խոշտանգումների եւ անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեի պատվիրակությունն իր՝ 2023 թվականի Հայաստանի քրեակատարողական հիմնարկներ կատարած այցերի ժամանակ»,-նշված է ՔԿԾ պարզաբանման մեջ։

 

Aravot.am-ի տեղեկություններով՝ վաղը՝ նոյեմբերի 28-ին ցմահ դատապարտյալների հարազատները կառավարության դիմաց բողոքի ցույց են անելու։

 

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930