Լրահոս
Օրվա լրահոսը

90 տարվա ճանապարհ անցած գրադարանն այսօր իր կայուն և առանձնահատուկ տեղն ունի հայաստանյան մշակութային դաշտում

Դեկտեմբեր 02,2023 14:10

Այս տարի լրացավ Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի հիմնադրման 90-ամյակը։ Այս առիթով գրադարանում տոնական միջոցառում կազմակերպվեց սույն թվականի դեկտեմբերի 1-ին։

Շնորհավորելու էին եկել գրողներ, դերասաններ, մշակույթի գործիչներ, ընթերցողներ, որոնցից շատերի մանկությունն անցել է Խնկո Ապոր անվան գրադարանում։

Գրադարանի տնօրեն Ռուզան Տոնոյանը ողջունեց ներկաներին և ասաց, որ 90 տարվա ճանապարհ անցած, դժվարություններ ու խոչընդոտներ հաղթահարած, բայց և նվաճումներ արձանագրած գրադարանն այսօր իր կայուն և առանձնահատուկ տեղն ունի հայաստանյան մշակութային դաշտում։ «Գրադարանը սոսկ մանկապատանեկան գրականության գրավոր ժառանգության պահոց չէ։ Այն արդեն 90 տարի Հայաստանում կրթամշակութային բազմազան ծրագրերի միջոցով ընթերցանության քաղաքականություն է իրականացնում մանուկների և պատանիների շրջանում։ Մեր գրադարանի նպատակը մեկն է՝ որակյալ ծառայությունների մատուցմամբ ընթերցանության կազմակերպում և խթանում, իսկ առաջնահերթությունը երեխայի ընթերցելու իրավունքի պաշտպանությունն է»,- իր խոսքում նշեց Ռուզան Տոնոյանը։

Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը գրադարանին մաղթեց բեղուն գործունեություն և ընթերցողների քանակի ավելացում։ Նա ասաց․ «Գրադարանում համատեղ բազմաթիվ հանդիպումներ ու միջոցառումներ ենք իրականացրել։ Այս գործը պետք է շարունակվի։ Ով գիրք է կարդում, գրքի աշխարհում է մեծանում, չի կարող վատ կամ չար մարդ լինել։ Ուղղորդեք երեխաներին լավ գրքեր կարդալ»։

Ցուցադրվեց գրադարանի 90-ամյա պատմությունը ներկայացնող տեսաֆիլմ, որն արխիվային լուսանկարներով ու տեսանյութերով պատմում էր գրադարանի ստեղծման առաջին օրերից մինչև այժմ տեղի ունեցած իրադարձությունների, գրադարանն այցելած հայ մեծերի մասին։

Գրադարանի ակտիվ ընթերցողների մասնակցությամբ ներկայացվեց գրական ժանրերը բացահայտող թատերական ներկայացում՝ բանաստեղծ, երգահան Էդուարդ Զորիկյանի սցենարով։

Գրադարանի 90-ամյա հոբելյանի շրջանակում ընթերցասրահում կազմակերպվել էր նաև հնատիպ գրքերի, գրադարանին ընծայագրված և գրադարանի հրատարակած գրքերի ցուցահանդես։

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանն աշխարհում գործող փոքրաթիվ գրադարաններից է, որը նախատեսված է մանուկներին և պատանիներին սպասարկելու համար։

ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031