Լրահոս
Օրվա լրահոսը

«Փոխանակ Երեւան քաղաքը շենանա, բռնաբարվում է». Անդրանիկ սարկավագ Մանուկյան

Դեկտեմբեր 06,2023 14:24

Անդրանիկ սարկավագ Մանուկյանը տեւական ժամանակ է՝ հանգիստ չունի իր իսկ տանը: Կառուցապատողը բազմաբնակարան շենք է կառուցում, որը ըստ փաստաբանի, մի մասով համընկնում է Անդրանիկ սարկավագին սեփականության իրավունքով պատկանող հողամասի հետ: Արվեստագետը դիմել է հնարավոր բոլոր այրերին ու կառույցներին, սակայն ապարդյուն:

«Ես անհարմար եմ զգում, որ պետական այրերի, պետության պատճառով հայտնվել եմ այս կարգավիճակում՝ հավանաբար ազգային մտածելակերպ ունենալու համար: 40 տարուց ավելի է, ես «Սասուն» ազգագրական երգի-պարի խմբերն եմ ղեկավարել եւ ղեկավարում, իսկ վերջին 15-20 տարիներին «Գաթա» բենդի հիմնադիրն եմ: Աշխարհին ուզում եմ ցույց տալ, հասկացնել հատկապես հիմիկվա՝ 2018 թվականի հեղափոխականների կողմից հայ ազգի էթնիկ ընտանիքների էթնիկ զտումների մասին»,-«Հայելի» ակումբում ասաց Անդրանիկ սարկավագը:

Նա տարակուսած է. «Ես ինձ հարց եմ տալիս, այն, որ Քրիստոսին խաչում էին, ասում էր՝ իրենք չգիտեն, թե ինչ են անում… Հիմա այս մարդիկ հասկանո՞ւմ են, թե ինչ են անում: Ավետարանն ասում է՝ մարդիկ գործերով են ի հայտ գալիս՝ լավ, վատ, բարի, չար: Եթե դուք այսօր եկել եք եւ ուզում եք արդարություն քարոզել, ուզում եք ամբողջ աշխարհին հասկացնեք, դասեր տալ, թե ինչ բան է մարդը, ազգը, ինչ է բռնությունը, մեղք գործելը, ուզում եմ հասկանալ՝ ինձ նայե՞լ եք, ինձ տեսնո՞ւմ եք, դուք պատկերացնո՞ւմ եք, թե ես ով եմ: Տեղյա՞կ եք իմ իրական գործունեությունից, այն աշխարհից, որում ես եմ ապրում»:

Ինչ վերաբերվում է իր՝ այդպես էլ չլուծվող խնդրին, այս մասին էլ արվեստագետը նշում է. «Եթե մեր երկրում կան պետական ինստիտուտներ, խոսում են անվտանգությունից, եթե կան տեսչական, հրշեջ մարմիններ, կա՞ն, գործո՞ւմ են: Եթե ամբողջ աշխարհը խոսում է անվտանգությունից, ինչի՞ մասին է խոսքը, ուզում եմ հասկանալ, երբ էդ ինստիտուտը գալիս եւ տեղում զննություն է անում, եզրակացություն է տալիս, բարձրաձայնում է, որ այստեղ անվտանգային խնդիր կա, կանխեք, որովհետեւ այսօր էլ, վաղն էլ, մյուս օրն էլ եւ ընդհանրապես վտանգի առաջ է կանգնած թե բակը, թե Անդրանիկ սարկավագ Մանուկյանը, որն ապրում է այդ տան մեջ, որը սոսկ տուն չէ, այլ մշակութային օջախ է, կրթահամալիր, ինչու ոչինչ չի փոխվում:

Բազմիցս դիմել եմ շատ այրերի, որոնք գիտեն, ճանաչում են ինձ, ովքեր էլ չգիտեն, եկեք, տեսեք ձեր անզեն աչքով եւ դրանից հետո գնացեք, դատեք… Բակ կառուցելու, բնակիչների կենցաղը բարելավելու անվան տակ դուք 12 հարկանի բազմաբնակարան տուն եք կառուցում: Գոյություն ունեն նորմեր, ձեր գրած օրենքը կա՝ քաղաքաշինության մասին, ինչո՞ւ ինքներդ չեք հարգում ձեր իսկ գրած օրենքը: Ո՞ւմ համար եք գրել այդ օրենքը, եթե չեք հարգում: Եթե օրենքը չի գործում, իմաստը ո՞րն է Քաղաքաշինական կոմիտեի, հրշեջ տեսչական մարմնի պահելու, հանցագործ քաղաքապետարանի… Փոխանակ Երեւան քաղաքը շենանա, Երեւան քաղաքը բռնաբարվում է, ո՞ւր են ձեր մասնագետները, ինչո՞ւ պետք է խոսքը գնա, հասնի վարչապետին, կառավարություն եւ ազգային Ժողով…Անուններով հատիկ-հատիկ գիտեմ, թե ովքեր եք, որ մեկդ ինչ հանցագործություն է արել…Գոնե գաք մեղքերի թողության, գաք շտկեք, բայց ամոթ չունեք…»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031