ՀՌՀ-ն վարույթ է հարուցել «Կենտրոն» ՀԸ-ի դեմ: Ըստ արձանագրության՝ հեռարձակողը յուրաքանչյուր օր իր 5 լրատվական հաղորդումներում նույն թեմայի վերաբերյալ՝ Գագիկ Ծառուկյանի տան, նրան պատկանող ընկերություններում խուզարկությունների եւ ձերբակալության վերաբերյալ լուսաբանումը գերազանցել է հաղորդման եթերաժամի 25 տոկոսը, ինչը օրենքի խախտում է:
ՀՌՀ անդամ Գոհար Մամիկոնյանը նշեց, որ հեռարձակողը ծանուցվել է հարուցված վարչական վարույթի վերաբերյալ, ներկայացրել է դիրքորոշում, որտեղ առարկություն է հայտնել հարուցված վարույթի վերաբերյալ եւ նշել, որ լուսաբանումը բացարձակապես չի վերաբերվում մեկ անձի, «Կենտրոն» ՀԸ-ն մշտադիտարկման ժամանակ լուսաբանել է պետական 6 մարմնի գործողություն՝ Քննչական կոմիտեի, ՊԵԿ-ի, ԱԱԾ-ի, քաղաքապետարանի, Կենդանաբանական այգու եւ գլխավոր դատախազության, ինչպես նաեւ «Մուլտի գրուպ» կոնցեռնի շուրջ 70 ձեռնարկությունում եւ մի շարք տնօրենների բնակարաններում իրականացված խուզարկությունները:
«Կենտրոն» ՀԸ-ի գլխավոր տնօրեն Բեթղեհեմ Արաբյանի համոզմամբ, ՀՌՀ արձանագրության մեջ առկա խախտումների վերաբերյալ մեղադրանքներն ընդունելի չեն: Նա հերթով նշեց իրենց փաստարկները. «Եթե գտնում եք, որ Գագիկ Ծառուկյանն է լուսաբանվել, քանի՞ վայրկյան է եղել այդ տեսանյութերում Գագիկ Ծառուկյանը… Այդ իրադարձություններն ես չեմ պլանավորել, դրանք պետության պլանավորած իրադարձություններն են: Եթե «Կենտրոն» ՀԸ-ի «Էպիկենտրոնը» գնար եւ լուսաբաներ, օրինակ, մասնավոր մի միջոցառում, սպորտային հանդիպում, մարզիկների պարգեւատրում Գագիկ Ծառուկյանի կողմից, եւ ես հատկացնեի այդքան մաս, այլ կլիներ»:
Բեթղեհեմ Արաբյանն ասաց, որ իրենց նախորդ անգամ նման խախտման դեպքում նախազգուշացրել են, եւ իրենք վերացրել են նշված խախտումը՝ առանց որեւէ բանավեճի ու դժգոհության, սակայն այս դեպքում իրենց ներկայացվածն արդարացված չէ. «Հուլիսի 6-ին, 7-ին եւ 8-ին պետության թոփ իրադարձությունն էր, ըստ ՍիվիլՆեթի ու մշտադիտարկում իրականացնող տարբեր ընկերությունների՝ Գագիկ Ծառուկյանը թոփ թեմա է՝ 58,7 տոկոս եւ ավելի, այսինքն՝ ավելի, քան իշխանության ղեկավարը, որի աշխատանքային պարտականությունները շատ ավելի են, հատկապես այս ժամանակահատվածում, բայց միեւնույն է՝ թոփ թեման Գագիկ Ծառուկյանն է: Օրինակ, երբ «Մուլտի Վելնեսի» լողորդը «Կենտրոն» ՀԸ-ից տեղեկանում է, որ մարզահամալիրը փակվում է, այդտեղ ես ինչո՞վ եմ Ծառուկյանին ցույց տալիս: Մարդը չպիտի՞ իմանա, որ այդտեղ փակ է եւ չպետք է գնա»:
Կարդացեք նաև
Նա ասաց, որ եթե ՀՌՀ-ն ասոցիացիա է տեսնում Գագիկ Ծառուկյանի հետ նրա փակված ընկերությունների վերաբերյալ լուսաբանումներում, ուրեմն նույն տրամաբանությամբ բոլոր նախարարներն էլ ասոցացվում են վարչապետի հետ:
Այնուամենայնիվ՝ ՀՌՀ-ն տուգանեց «Կենտրոն» հեռուստաընկերությանը 100 հազար դրամով։
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ


















































