Լրահոս
Օրվա լրահոսը

Չտեսնված գրքերից ու «տան տղուց», «թաղի տղուց» մինչեւ իշխանության «գրքատյաց» քաղաքականություն

Դեկտեմբեր 08,2023 14:00

Հարցազրույց «Անտարես» մեդիա հոլդինգի տնօրեն Արմեն Մարտիրոսյանի հետ

– Պարոն Մարտիրոսյան, վաղուց ծանոթ ենք ձեր հնչյունային, երաժշտական գրքերին, իսկ օրերս «Դարան» գրքի սրահում հանդիպեցինք մինչ օրս չտեսնված երեւույթի՝ Չայկովսկու «Կարապի լիճը», «Մարդուկ-Ջարդուկը» նվագապատկերներով գրքերի եւ «Հեքիաթային բալետ» գիրք-թատրոնի՝ դարձյալ նվագապատկերներով, որտեղ ներառված են «Կարապի լիճը», «Ռոմեո եւ Ջուլիետ», «Դոն Կիխոտ», «Քնած գեղեցկուհին», «Կոպելիա» եւ «Մարդուկ-Ջարդուկը» բալետների երաժշտությունները։ Իհարկե, այս ձեւաչափով գրքերն աշխարհում նորություն չեն, բայց ձեզ համար ռիսկային չէ՞ նման գրքերի արտադրությունը, այն էլ միայն դասական ստեղծագործություններով։ Հետաքրքիր է՝ արդարացվո՞ւմ են սպասելիքները՝ սպառման առումով։

– Մեր խնդիրը ի սկզբանե մի փոքր այլ է. փորձում ենք աշխարհում եղած լավագույնը բերել, տեղայնացնել եւ ստեղծել մերը՝ հայաստանյանը, որն աշխարհի նորաստեղծ նման գրքերի մակարդակին չի զիջի։ Զուգահեռ աշխատում ենք «Ալմաստ» եւ «Անուշ» օպերաների գիրք-նվագապատումների ուղղությամբ եւս։

Գիրք-նվագապատումների առաջին խմբաքանակը սպառվել է։ «Դարանում» արդեն նոր խմբաքանակն է։ Խոսքը «Կարապի լճի» եւ «Մարդուկ-Ջարդուկի» մասին է, իսկ «Հեքիաթային բալետը» մեկ-երկու օր է, ինչ վաճառքի է հանված։


– Մտադրություն չունե՞ք համագործակցել օպերային թատրոնի հետ։

– 30 տարի բոլոր տնօրենների հետ հանդիպել եմ, համագործակցության առաջարկ ներկայացրել, բայց, կարճ ասած՝ չի ստացվել։ Ներկայիս տնօրենի հետ դեռ չեմ հանդիպել, բայց հույսով եմ, որ մաեստրո Կարեն Դուրգարյանին կհետաքրքրեն  առաջարկներս, որոնք միտված են օպերային եւ բալետային արվեստների հանրահռչակմանը։ Ընդհանրապես, մարդու, քաղաքացու հիմնական ձեւավորման շրջանը նախադպրոցական եւ դպրոցական տարիներն են։ Չափազանց կարեւոր են ընտանիքում ծնող-բալիկ զրույցի թեմաները։ Ինչի՞ մասին են խոսում նրանք. զիջե՞լը, թե՞ զոռբայությունն է շնորհք, խաղաղությո՞ւնն է արժեք, թե՞ պատերազմելը… Կարեւորը ընտանիքի նիստուկացն է։ Երբեւէ մտածե՞լ եք՝ ո՞նց եղավ, որ նույն էթնոսի, տարբեր կրոնների ներկայացուցիչներ ունեն տարբեր վարքագիծ։ Ո՞նց եղավ, որ պրոտեստանտ ժողովրդի ՀՆԱ/1 շնչի ցուցանիշով ամենաառաջատարն են աշխարհում։ Ո՞նց եղավ, որ ֆրանկը՝ կաթոլիկ հայը, սկզբից ավլում է փողոցը, հետո բակը, հետո տունը, իսկ չֆրանկը ավլում է տունը ու աղբը հանում բակ։ Ո՞նց է ստացվում, որ ունենք «տան տղա», «պադեզդի տղա», «թաղի տղա», անգամ՝ «քաղաքի տղա» եւ, որպես կանոն՝ չունենք պետական այր։ Այս ամենը, միանշանակ, ձեւավորվում է ընտանիքում։ Եվ դրան նպաստում են նման գրքերը, որոնք ձեւավորում են համապատասխան արժեքներ։ Եթե կուզեք՝ ավելին ասեմ. պատերազմը խրամատում չենք պարտվել, այլ ընտանիքում եւ դպրոցական նստարանի առջեւ։

– «Անտարեսի» 31 տարիների հրատարակչական գործունեության ընթացքում հրատարակված մանկական դիտարժան, երգող գրքերից մինչեւ համաշխարհային դասականների շարքերը ազդե՞լ են հասարակության վրա, խթանե՞լ են ընթերցանությունը։

– Այդ տասնամյակների ընթացքում այնպես է ստացվել, որ պետությունը կամա թե ակամա վարում է հակագրքային քաղաքականություն, ինչի արդյունքում տարվա ընթացքում 21 հազար մարդ է գիրք գնում (հետազոտությունն անցկացվել է 5 տարի առաջ)։ Վրաստանում, 2022թ. տվյալներով, մեկ շնչին ընկնում է 2 գնված գիրք, մինչդեռ Հայաստանում՝ 7 շնչին մեկ գիրք։ Ստացվում է՝ մեկ շնչի կտրվածքով վրացին 14 անգամ ավելի շատ է սպառում…

– Դա ինչի՞ հետեւանք է կամ ինչո՞վ է պայմանավորված։

– Ես դա կապում եմ նրանց իշխանությունների վարած պրոգրքային քաղաքականության հետ։ Այնտեղ սպառողը գիրք գնելուց չի վճարում ԱԱՀ, այնինչ մեզ մոտ վճարում է 20 տոկոս։ Ավելին՝ վրացալեզու գրքերի հրատարակիչները ազատված են շահութահարկից։ Այդուհանդերձ, մեզ մոտ դրական տեղաշարժ նկատվում է։ Կարծում եմ, ավելի ճիշտ՝ վստահ եմ, որ դա մեր մանկական գրքերի շնորհիվ է։ Իսկ մեր գրքերում պայքարում ենք, այսպես կոչված՝ լեզվական անեծքների դեմ։ Նկատի ունեմ ասացվածքները կամ հաճախ օգտագործվող մտքերը, օրինակ՝ «խելոք մնա, թե չէ ոստիկան կկանչեմ», «խելոք մնա, թե չէ բժիշկը կգա կսրսկի»… Հենց սրա արդյունքում է, որ ոստիկանի հետ հակադրվում ենք, կանխարգելիչ նպատակով բժշկի չենք այցելում, չենք պատվաստվում։ Կամ հաճախ հնչող մյուս մտքերը՝ «որտեղ հաց՝ այնտեղ կաց», «գլուխդ կախ գործդ արա», «եղունգ ունես՝ գլուխդ քորի» եւ այլն։ Նշեցի, թե մեր մանկական գրքերի շնորհիվ է դրական տեղաշարժը։ Այդ առիթով ընդամենը մեկ փաստ ներկայացնեմ. վերջերս «Դարանում» աշակերտների հետ հանդիպման ժամանակ ուրախություն ապրեցի, երբ երեխաներից ոչ մեկը չգիտեր, օրինակ՝ «որտեղ հաց՝ այնտեղ կաց» արտահայտությունը։ Այո, ուրախացա, որովհետեւ վստահ եմ՝ այս երեխաներից ոչ մեկը վաղը չի գաղթելու…

– Ձեր հնչեցրած մտահոգություններով ինչո՞ւ չեք կիսվել նախկին եւ ներկա իշխանությունների հետ, մանավանդ որ դրա հնարավորությունը ունեցել եք, ուղիղ ասած՝ մոտ եք եղել նրանց հետ։

– Ուրեմն իմացեք. թե նախկին, թե այսօրվա իշխանությունների ընդդիմադիրն եմ, չնայած դրան՝ միշտ փորձել եմ ոլորտի խնդիրները բարձրաձայնել։ Ցավում եմ, որ այդ հարցում այսօրվանները նախկիններից չեն տարբերվում, գրքին ու ընթերցանությանը չեն նպաստում, ավելին՝ մանկական գրքի ԱԱՀ-ի փոփոխման գործընթացն այս իշխանությունը վիժեցրել է…

Զրույցը՝

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
07.12.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031