Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ երկու քաղաքացի՝ ԱՄՆ պատժամիջոցների ներքո. Սիվիլնեթ

Դեկտեմբեր 12,2023 15:27 Share

Civilnet. Հայաստանի քաղաքացիներ Հերմինե ու Արամ Քոչարյանները հայտնվել են Միացյալ Նահանգների առևտրի դեպարտամենտի պատժամիջոցների տակ։ Քոչարյանների հետ միաժամանակ պատժամիջոցներ են կիրառվել նաև նրանց պատկանող «Արմ-բեկար» ընկերության նկատմամբ։ ՍիվիլՆեթին հաջողվել է պարզել, որ Հերմինե ու Արամ Քոչարյանները քույր ու եղբայր են, նախկինում էլ աշխատել են կառավարությունում։ Նրանց ընկերությունը զբաղվել է մասնավոր ինքնաթիռների պահեստամասերի ներմուծմամբ ու վերարտահանմամբ Ռուսաստան։

Ընկերությունը, ըստ Պետեկամուտների կոմիտեի, զբաղվում է ոչ մասնագիտացված մեծածախ առևտրով։ Էկոնոմիկայի նախարարության մի փաստաթղթից էլ տեղեկանում ենք, որ ընկերությունն իրականացնում է հրագործական ապրանքների արտադրություն, ներմուծում ու առևտուր։ Այս տարի «Արմ-բեկարը» ներառվել էր Պետեկամուտների կոմիտեի կողմից բարձր ռիսկայնության հարկ վճարողների խմբում, որոնց մոտ տարվա ընթացքում ՊԵԿ-ը ստուգումներ պիտի իրականացներ։

«Արմ-բեկար»-ի միակ բաժնետերը Հերմինե Քոչարյանն է։ Համացանցում առկա տեղեկություններից երևում է, որ Քոչարյանը եղել է վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի աշխատանքի վարձատրության քաղաքականության վարչության գլխավոր մասնագետ։ Սիվիլնեթի գրավոր հարցմանը պատասխանելով՝ կառավարությունից հայտնել են, որ հարցումը ստանալու օրվա դրությամբ վարչապետի աշխատակազմում այդ անուն, ազգանուն, հայրանունով անձ չի աշխատում։ Ի պատասխան Քոչարյանի՝ կառավարությունում նախկինում աշխատելու վերաբերյալ հարցին, վարչապետի աշխատակազմը մեջբերել է մի շարք օրենքներից դրույթներ, թե ինչու չի կարող այդ տեղեկատվությունը տրամադրել։ Սիվիլնեթին սակայն հաջողվեց պարզել, որ Հերմինե Քոչարյանը կառավարությունում է աշխատել մինչև 2019 թվականը։

Պատժամիջոցների ցանկում է ոչ միայն «Արմ-բեկար»-ը, այլ նաև Հերմինե Քոչարյանը՝ որպես ֆիզիկական անձ։

Պատժամիջոցների տակ է հայտնվել նաև նրա եղբայրը՝ Արամ Քոչարյանը։ Վերջինս 2005-2011 թվականներին աշխատել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում՝ որպես աշխատանքի վարձատրության բաժնի գլխավոր մասնագետ։ Արամ Քոչարյանը պետական որևէ պաշտոն չի զբաղեցնում արդեն ավելի քան 12 տարի։

Սիվիլնեթի հետ զրույցում Արամ Քոչարյանն ասաց՝ որևէ լուր չունի, թե ինչո՞ւ է իր ընտանիքին պատկանող ընկերությունը հայտնվել ԱՄՆ պատժամիջոցների տակ։ «Ես ինքս բանկից եմ իմացել սանկցիաների մասին, ասել են՝ եկեք, ձեր Visa քարտերը փակեք»,- պատմեց Քոչարյանը։

Նա ասաց, որ «Արմ-բեկար»-ը զբաղվում էր ԱՄՆ-ից մասնավոր բիզնես ինքնաթիռների (private jet) պահեստամասերի ներմուծմամբ, արտահանմամբ ու վաճառքով։ Դրանք արտահանվել են Ռուսաստան։

«Այդ գործունեությունը անցած տարի է եղել։ Մենք մեր օրենսդրության համաձայն ենք գործել, Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, անցած տարի մենք այս գործունեությունն իրականացրել ենք։ Այս տարի էկոնոմիկայի նախարարություն է պետք ներկայացնել թղթեր, ունենալ հատուկ թույլտվություն։ Մենք մաքսային ձևակերպումներն իրականացրել ենք, բոլոր փուլերը անցել ենք։ Եղել են ապրանքներ, ինքնաթիռի պահեստամասեր, որ կարող էին դիտվել երկակի նշանակության՝ և քաղաքացիական, և ռազմական, դիմել ենք փորձաքննության, ստացել ենք պատասխան, որ ռազմական նշանակության համար դա պիտանի չէ։ Փաստացի, մենք ՌԴ արտահանել ենք քաղաքացիական օդանավերի պահեստամասեր»,- ընկերության գործունեությունը ներկայացրեց Քոչարյանը։

Մինչ Արամ և Հերմինե Քոչարյանների և «Արմ-բեկար»-ի նկատմամբ կիրառված պատժամիջոցները, դրանց տակ էին հայտնվել նաև ՀՀ-ում գրանցված «Մեդիսար» և «Տակո» ընկերությունները։

Մկրտիչ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031