Լրահոս
Օրվա լրահոսը

«Ընդունվել են մի շարք օրենքներ և կարգավորումներ, որոնք արդեն դժվարացրել են և դեռ կբարդացնեն ՓՄՁ ների կյանքը հաջորդիվ». ՓՄՁԱ նախագահ

Դեկտեմբեր 31,2023 10:58

Հարցազրույց Փոքր եւ միջին ձեռնարկությունների Ասոցիացիայի (ՓՄՁԱ) նախագահ Հակոբ Ավագյանի հետ

– Պարոն Ավագյան, ի՞նչպես կամփոփեք ավարտվող տարին ՓՄՁ-ների համար:

– Եթե զուտ տնտեսական իմաստով դիտարկենք, թվային ցուցանիշները դրական են եղել տնտեսության համար, բայց ձևացնել թե ամեն ինչ լավ է կամ թաքնվել տնտեսական ցուցանիշների ետևում, հնարավոր չէ, սա աղետալի տարի էր մեր երկրի համար։ 21-րդ դարում մենք ապրեցինք, վերապրեցինք ևս մեկ հայկական ցեղասպանության զգացողություններ։ Սա բառիս ուղիղ իմաստով աղետ էր մեր ազգի և երկրի համար։

– Որո՞նք են դրական ցուցանիշները հենց ՓՄՁ ների համար:

– Մենք օգտվում ենք մեր խորհրդի անդամ Մոդեքս ընկերության կողմից պարբերաբար արվող վերլուծություններից և, հաշվի առնելով, որ 2023թ-ի ՓՄՁ-ներին վերաբերող տարեկան պաշտոնական ցուցանիշները դեռ ամփոփված չեն, դիտարկենք 2022թ-ի տարեկան ցուցանիշները, մի քանի համեմատություն կարող ենք անել 2023թ-ի սեպտեմբեր ամսվա դրությամբ հրապարակված թվերի հետ։
Այսպես, օրինակ, 2022թ-ի տարեկան ցուցանիշների համաձայն, 13%-ով ավելացել է մեր երկրում գործող ՓՄՁ-ների թիվը՝ մոտ 100 հազար ՓՄՁ։ Բայց նորից, եթե նայենք այս ցուցանիշների որակական կողմը, այստեղ շարունակում է մտահոգիչ մնալ, որ մեր ՓՄՁ-ների ընդգծված մեծամասնությունը՝ 52%-ը, գործունեություն են ծավալում առևտրի ոլորտում, իսկ մշակող արդյունաբերությունում ընդամենը 12%-ն են։ Մեր երկրի ՀՆԱ-ում ՓՄՁ-ների մասնաբաժինը 2022թ-ին եղել է 28,5 %-ը: ՓՄՁ-ները շարունակում են էական դերակատարում ունենալ աշխատաշուկայում, գրանցված աշխատողներից մոտ 260,000 մարդ աշխատել է ՓՄՁ-երում, ընդհանուրի մոտ 40 տոկոսը։ Ի դեպ այս վերջին ցուցանիշի աճման միտումը շարունակվել է նաև ավարտվող տարում, եթե նայենք սեպտեմբեր ամսվա արդեն հրապարակված տվյալները, ապա այդ թիվը հասել է մոտ 300,000-ի ։

– Կառավարության կողմից իրականացված բարեփոխումների արդյունքու՞մ են այս դրական ցուցանիշները:

– Ցավոք սրտի՝ ոչ։ Նախ, նորից կրկնեմ, սրանք դրական ցուցանիշներ են, բայց ոչ՝ որակական դրական։ Այսինքն, եթե նայում ենք նույն այս ցուցանիշներին, ապա այստեղ հիմնական աճերը ապահովել են նորից մեր տնտեսության համար ոչ էական նշանակություն ունեցող, կամ ինչպես ասում են ոչ արդյունք ստեղծող ոլորտներում, դրան հակառակ, արդյունաբերության և արտահանելի ճյուղերում, եթե նույնիսկ ունեցել ենք որոշակի քանակական աճ, ապա ծավալային՝ ոչ։ Նկատեցիք, որ կտրուկ աճը եղել է հենց 2022թ-ին, որի հիմնական շարժիչ ուժը եղել է արտաքին ազդեցությունների շնորհիվ, այդ թվում՝ ռուս-ուկրաինական կոնֆլիկտի պատճառով։

Բացի դա, ցանկացած երկրի ՓՄՁ-ների զարգացմանը վերաբերող հիմնական տեսլականը արտացոլվում է ՓՄՁ զարգացման ռազմավարության փաստաթղթում։ Մեր երկրում այդ փաստաթուղթը ընդունվել է 2020թ-ի օգոստոսին և վերաբերում է 2020-24թթ-ի անելիքներին։ Մի կողմ թողնելով այդ փաստաթղթի քննադատումը՝ մենք արդեն մոտ 7-8 ամիս է, լեգիտիմ հարց ենք հնչեցնում պատասխանատուներին, թե ինչու տվյալ փաստաթղթով հաստատված միջոցառումները՝ ուղղված ՓՄՁ զարգացմանը, չեն իրականացվել, նորից շեշտեմ՝ կառավարության կողմից հաստատված փաստաթղթի մասին է խոսքը։

– Այսինքն, կառավարությունն իր իսկ հաստատած ռազմավարությունը չի՞ կատարել:

– Այո, և խոսքը գնում է ռազմավարական փաստաթղթի մասին, որից բխում են երկրում փոքր և միջին ձեռնարկությունների զարգացմանն ուղղված այն միջոցառումները, որոնք տվյալ ժամանակաշրջանի կառավարությունը ստանձնում է իրականացնել։ Մեր Ասոցիացիայի անունից մենք այս հարցը բազմիցս բարձրաձայնել ենք տնտեսության զարգացման պատասխանատուների մոտ տարբեր հարթակներում։ Հիմնականում ստացել ենք էմոցիոնալ պատասխաններ՝ ֆինանսների նախարարությունը գումար չի հատկացրել, կամ այդ փաստաթուղթը լավը չէ և այլն։ Չեմ ցանկանում այս հարցի դետալներին անդրադառնալ, բայց սա պարզապես մի օրինակ է՝ ի ցույց, թե ինչպես են ընդունվում և իրականացվում մեր օրերում որոշումները։ Ի դեպ՝ այդ փաստաթղթում որպես ելակետ նշված է, որ ՓՄՁ-ների ՀՆԱ-ում մասնաբաժինը 2018թ-ի արդյունքներով կազմել է 23,6 %, որպեսզի կարողանաք համեմատել՝ արդյոք վերը նշված 2022թ-ի 28,5% ցուցանիշը 4 տարվա համար լավ արդյունք է թե վատ։

– Իսկ ի՞նչ սպասելիքներ ունեն ՓՄՁ- ները սկսվող տարում:

– Բացի ռազմավարական փաստաթղթի վերոհիշյալ պատկերից՝ ընդունվել են մի շարք օրենքներ և կարգավորումներ, որոնք արդեն դժվարացրել են և դեռ կբարդացնեն ՓՄՁ ների կյանքը հաջորդիվ։ Բնական է, բոլորս զգում ենք, որ արտաքին ազդեցությունները, որոնք դրական էին ազդել մեր տնտեսական աճի վրա, գնալով նվազում են և նվազելու են։ Անցնող տարին մի շարք բացասական կարգավորումներ ընդունվեցին հենց գերփոքր բիզնեսների՝ միկրոձեռնարկատիրության հարկման ռեժիմում գործողների, համար։ Տարվա սկզբից ուժի մեջ մտան այդ կարգավորումները, ապա տարվա կեսից ուժի մեջ մտան մյուս վատթարացնող կարգավորումները, որով վերացվեցին միկրոձեռնարկատիրության, կամ նախկինում գործող ընտանեկան բիզնեսների համար գործող արտոնությունները։

Աշնանը մի շարք կարգավորումներ ընդունվեցին, որոնք վատթարացնելու են շրջանառության հարկի ռեժիմում գործողների միջավայրը, դրանց մի մասը ուժի մեջ են մտնելու 2025թ-ի հունվարից, մի մասն արդեն ուժի մեջ մտել են։ Հիմա արդեն քննարկվում են հանրային սննդի ոլորտին վերաբերող շրջանառության հարկի ռեժիմի վատթարացման կամ ընդհանրապես վերացման մասին փոփոխություններ։ Դրանց գումարած մի շարք կարգավորումներ, ինչպիսիք են, ասենք, հենց տարվա սկզբից ուժի մեջ մտնող էլեկտրոնային դրամարկղի և դրա համար անպատրաստ համակարգը։ Տաքսիներին՝ որպես ինքնազբաղ փոքր բիզնեսներ, վերաբերող վատթարացնող կարգավորումները որոնք ուժի մեջ են մտնելու սկսվող տարվա սեպտեմբերից և այլն։ Անմասն չեն մնացել նաև տեղական տուրքերին վերաբերող փոփոխությունները, կարգավորումները։ Շարունակվում են ընդունվել, փոփոխվել կարգավորումները՝ առանց հանրային քննարկումների, առանց դրանց ազդեցության գնահատականների։

Հաշվի առնելով ավարտվող տարում վրա հասած աղետը, մենք խնդրել էինք գույքագրել և ռեեստր վարել մեր Արցախից տեղահանված, սնանկացած ՓՄՁ-ների մասին, նրանց կարիքների և համագործակցության հարցերի համար, որը ևս այս պահին դեռ արված չէ։

– Ի՞նչ կմաղթեք փոքր եւ միջին ձեռնարկատերերին:

– Ելնելով նրանից, որ մեզ նվեր հասած տնտեսական ակտիվությունը մենք չենք կարողացել օգտագործել՝ ամրացնելու, ուժեղացնելու մեր արտահանելի ուղղությունները, սկսնակ և գործող ՓՄՁ-ների համար ներդրված չեն առարկայական աջակցության ծրագրեր, կարծում եմ որ սկսվող տարին շատ ավելի դժվար տնտեսական տարի է լինելու, և դրան պետք է մտածված պատրաստվել։

Հաշվի առնելով, որ այսօր մեր երկրում գործող ՓՄՁ-ները մնացել են մենակ, առանց պետական աջակցության՝ քանի որ 2002թ-ից ստեղծված ՓՄՁ զարգացման կենտրոնն էլ փակվեց երկու տարի առաջ, կխնդրեմ մեր ՓՄՁ-ներին լինել ավելի ուժեղ, հավաքվել և կենտրոնանալ իրենց համայնքների, միությունների և ասոցիացիաների շուրջ, ավելի շատ ջանքեր գործադրել ՓՄՁ շահերի պաշտպանության, սպասվելիք մարտահրավերները միասնական վերլուծելու և դիմակայելու համար։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031