Լրահոս
Օրվա լրահոսը

Քրոնիկ զիջողական թմբիրի մեջ

Հունվար 17,2024 12:00

Պաշտոնական Երեւանը շարունակական դիվանագիտական պարտություններ ու ձախողումներ է արձանագրում

«Վերջին օրերին Բաքվից հնչող հայտարարությունները համարում եմ լրջագույն հարված խաղաղության գործընթացին», – Գավառում, կուսակիցների հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանն այսպես արձագանքեց ընդդեմ Հայաստանի պետականության գոյության Իլհամ Ալիեւի ելույթին:

Փաշինյանի բնութագրմամբ` ամենաբարձր մակարդակով Ադրբեջանից հնչող հայտարարությունները հակասում են ձեռք բերված պայմանավորվածություններին. «Առաջին տպավորությունն այն է, որ, ի հեճուկս այս պայմանավորվածությունների, Ադրբեջանը փորձում է տարածքային պահանջներ գեներացնել Հայաստանի նկատմամբ, ինչն անընդունելի է»։ Խոսելով խախտված պայմանավորվածությունների մասին՝ Փաշինյանն ընդգծեց՝ սահմանների դեմարկացիան եւ դելիմիտացիան պետք է հիմնված լինեն 1991-ի Ալմաթիի հռչակագրի վրա, այսինքն՝ նոր սահման ստեղծել պետք չէ։

Հիշեցնենք, անցյալ շաբաթ Ալիեւը մերժեց հայելային հետքաշման՝ Երեւանի առաջարկը, դեռ ավելին, պնդեց, թե սեփական բանակը մեկ քայլ անգամ ետ չի գնալու վերջին տարիներին Հայաստանից օկուպացրած տարածքներից։ Ընդ որում, Ալիեւը Հայաստանի հանդեպ այդ հարձակումները բնորոշել էր որպես «սահմանի ճշտում»։ «Իհարկե, մենք մեկ քայլ անգամ ետ չենք գնա թե՛ 2021-ի մայիսի, թե՛ 2022 սեպտեմբերի մեր դիրքերից, քանի որ պետք է այդ սահմանը հաստատվի», – ասել է Ադրբեջանի ղեկավարը։

Փոխարենը Ալիեւը Երեւանից էր պահանջել «օկուպացված ութ գյուղերը», նշելով, որ մշտապես քննարկում է այդ հարցը Հայաստանի վարչապետի հետ։ Ըստ նրա՝ ինքն ու Փաշինյանն այդ թեմային անդրադարձել են նաեւ անցած ամիս Սանկտ Պետերբուրգում՝ ոտքի վրա տեղի ունեցած հանդիպման ժամանակ. «Ակնկալում եմ, որ սահմանազատման հանձնաժողովների այս ամսվա նիստում հստակություն կմտցվի այս հարցում»։ «Կան անկլավային ու ոչ անկլավային գյուղեր։ Ոչ անկլավային չորս գյուղերը անխոս պետք է վերադարձվեն Ադրբեջանին։ Ինչ վերաբերում է անկլավներին՝ այս դեպքում պետք է փորձագիտական խումբ ստեղծել ու քննարկել։ Մենք կարծում ենք, որ բոլոր անկլավները պետք է վերադարձվեն, այդ անկլավներում մարդկանց բնակեցնել, եւ հատուկ պայմաններով ճանապարհներ ստեղծել՝ այդ անկլավներ հասնելու համար։ Սա է մեր դիրքորոշումը, իսկ թե որն է Հայաստանի դիրքորոշումը, չենք կարողանում հասկանալ», – հայտարարել է Ալիեւը։

Այսպիսով, պաշտոնական Երեւանի դիրքորոշումը, որ` Ադրբեջանը Հայաստանից տարածքներ ու վարելահողեր է գրավել անկախացումից հետո, եւ որ այս հարցը պետք է քննվի սահմանագծման ու սահմանազատման ընթացքում, եւ Երեւանի առաջարկը` այդ գործընթացն անել 1975թ. քարտեզների հիման վրա, Ալիեւը մերժեց։ Ըստ Ալիեւի. «…Նրանք ուզում են մի կողմ թողնել 1960 ականների, 50-ականների, 40-ականների քարտեզները եւ հղում անել հենց՝ 70 ականներին, քանի որ մեր պատմական հողերն այդ ժամանակ արդեն նրանց էին տրվել։ Ուստի, մենք վճռականորեն ընդդիմացել եւ ընդդիմանում ենք դրան»։

Անընդունելի համարելով Բաքվի կողմից Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ գեներացնելու փորձերը՝ Փաշինյանը նաեւ Հայաստանի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության նկատմամբ նկրտումներ որակեց «Զանգեզուրի միջանցքի» մասին Ալիեւի հայտարարությունները։ «Որպեսզի այս բառային խաղերից դուրս գանք, մենք ի՞նչ ենք ասում՝ ասում ենք՝ ինչ պայմանով Իրանի Իսլամական Հանրապետությունը տրամադրում է կապ Նախիջեւանի եւ Ադրբեջանի մյուս հատվածի միջեւ, նույն պայմաններով մենք էլ ենք պատրաստ տրամադրել էդ կապը՝ ե՛ւ երկաթուղային, ե՛ւ ավտոճանապարհային», – ասաց Փաշինյանը: Նա եւս մեկ անգամ վերահաստատեց Հայաստանի դիրքորոշումը՝ ճանապարհները եւ սահմանները պետք է բացվեն, բայց հիմնվելով երկրների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության եւ իրավազորության սկզբունքների վրա. «Ընդ որում, Ադրբեջանն ասում է՝ մենք ուզում ենք անխոչընդոտ տեղաշարժ։ Մենք դեմ չենք անխոչընդոտ տեղաշարժին, բայց անխոչընդոտ տեղաշարժը չի նշանակում օրենսդրության շրջանցմամբ տեղաշարժ»։

Այս թեմայով Ալիեւի դիրքորոշումը հետեւյալն է` եթե «Զանգեզուրի միջանցքը» չբացվի, Ադրբեջանը Հայաստանի հետ սահմանը որեւէ այլ կետում չի բացի: Ալիեւը մանրամասնել էր, թե ինչ պայմաններ է պահանջում Բաքուն այդ ճանապարհի համար. «Նախ եւ առաջ՝ նրանք մեզ պետք է անխոչընդոտ անցում տան Զանգիլանի ու Օրդուբադի միջեւ, դա նրանց պարտավորությունն է։ Բեռները, քաղաքացիները եւ ավտոմոբիլային միջոցները, որոնք կերթեւեկեն Ադրբեջանից Նախիջեւան, պետք է ազատորեն անցնեն, առանց որեւէ զննության ու մաքսային վարչարարության»։ Ալիեւը ավելի հեռուն էր գնացել ու պնդել, թե Ադրբեջանի համար կարեւոր է ոչ միայն այդ ճանապարհի բացումը, այլեւ անվտանգությունը. «Ես բազմիցս եմ ասել Հայաստանի իշխանություններին, որ Հայաստանի տված երաշխիքները մեզ համար բավարար չեն։ Նոյեմբերի 10-ի հայտարարության մեջ ասվում է, որ ճանապարհի 42-43 կմ հատվածի անվտանգությունն ու վերահսկողությունը պետք է իրականացնեն ռուս սահմանապահները, եւ այդ պարտավորությունը պետք է կատարվի»։

Փաշինյանը կուսակիցների հետ հանդիպմանը չշրջանցեց նաեւ անկլավների թեման, ինչի մասին խոսել էր Ադրբեջանի նախագահը։ Վերջինս Հայաստանից պահանջել էր վերադարձնել «օկուպացված ութ գյուղերը», նշելով, որ մշտապես քննարկում է այդ հարցը Հայաստանի վարչապետի հետ։ «Հայաստանն էլ բարձրացնում է 32 գյուղերի հարցեր, որոնց կենսական նշանակության տարածքներն օկուպացված են, այդ թվում՝ Գեղարքունիքի մարզում։ Մենք քանի որ հավատարիմ ենք Ալմա-Աթիի հռչակագրի հիման վրա փոխադարձաբար միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելուն, մենք ի՞նչ ենք ասում, ասում ենք՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ օկուպացված տարածքներ պետք է չլինեն, հետեւաբար այնտեղ, որտեղ պարզվի, որ Հայաստանն է ինչ-որ տարածքներ հսկողության տակ պահում, որը դե յուրե պատկանում է Ադրբեջանին, Հայաստանը պետք է այդ տարածքներից դուրս գա, իսկ այն տարածքները, որոնք դե յուրե պատկանում են Հայաստանին եւ Ադրբեջանն է պահում տիրապետության տակ, Ադրբեջանը պետք է դուրս գա։ Բայց սա գործնականում հնարավոր չէ իրագործել՝ առանց փոխադարձ համաձայնեցված քարտեզի, որովհետեւ ինչպե՞ս որոշենք՝ էս տարածքը Հայաստանի՞ տարածքն է, թե՞ Ադրբեջանի։ Դրա համար մի ձեւ կա՝ քաղաքական առումով հենվել 1991 թվականի Ալմա-Աթիի հռչակագրի վրա», – ասաց Փաշինյանը։

Փաշինյանը նաեւ հակադարձեց Հայաստանի կողմից Ֆրանսիայից կամ Հնդկաստանից զենք ձեռք բերելու շուրջ Բաքվից հնչող քննադատություններին, պնդելով՝ ցանկացած երկիր ունի բանակ ունենալու իրավունք եւ ոչ ոք չի կարող դա կասկածի տակ դնել։ Ըստ նրա՝ կողմերի մտահոգությունները փարատելու համար պետք է խաղաղության այնպիսի պայմանագիր կնքել, որը կկանխի պատերազմի հնարավորությունը. «Բայց երբեմն Ադրբեջանի առաջարկներին ծանոթանալով, տպավորություն ենք ստանում, թե փորձ է արվում ստեղծել մի փաստաթուղթ, որով պետք է լեգիտիմացվի հետագա պատերազմները։ Սա տրամաբանությունից դուրս է»։

«Խաղաղության պայմանագրի» ստորագրման փաստով ինչպե՞ս է ապահովելու խաղաղություն, այս հարցի պատասխանը Հայաստանի իշխանությունները չունեն: Ակնհայտ է, որ Բաքուն մերժում է խաղաղության պայմանագրի համար երաշխավորներ ամրագրելու պահանջը: Ալիեւը հրապարակավ ասաց, որ դեմ է հայկական կողմի այդ պահանջին եւս. «Մենք կարծում ենք, որ դրա անհրաժեշտությունը չկա։ Դա պետք է լինի խաղաղության պայմանագիր, որը կստորագրեն երկու ինքնիշխան երկրներ, մեզ երաշխավորներ պետք չեն»։ Փաշինյանը, մինչդեռ, բազմիցս նշել է՝ խաղաղության հասնելու համար կարեւոր է ոչ միայն պայմանագիր ստորագրել, այլեւ ամրագրել դրա երաշխավորների կամ երաշխիքների մեխանիզմը. «Հակառակ դեպքում՝ ստորագրման հաջորդ օրը կարող է պատերազմ բռնկվել կամ նոր էսկալացիա տեղի ունենալ»։

Այսինքն, Ալիեւի պայմանը հետեւյալն է՝ կա՛մ ստորագրում են Բաքվի պայմաններով, կա՛մ չեն ստորագրում. «Սա մեր երկու երկրներին վերաբերող հարց է, մենք ինքներս էլ պետք է այն լուծենք։ Եթե գանք համաձայնության, խաղաղության պայմանագիրը կստորագրվի, եթե չգանք, ուրեմն՝ բանակցությունները կշարունակվեն կամ կդադարեցվեն։ Երկու տարբերակն էլ հնարավոր է»։

Ի՞նչ է ստացվում… Բաքուն բացեիբաց ասում է` Հայաստանը չպետք է զինվի, Հայաստանը բանակ չպետք է ունենա, եւ եթե փաստաթուղթ են ուզում ստորագրել` ապա բացառապես մեր թելադրած պայմաններով:

Այս բոլոր պայմաններով հանդերձ` Բաքուն պաշտոնապես ազդարարեց, որ ադրբեջանական բանակը «շարունակելու է վերափոխվել թուրքական մոդելով»: «Ադրբեջանական բանակը Թուրքիայի Զինված ուժերում կիրառվող մոդելին համապատասխանեցնելու ուղղությամբ տարվող աշխատանքները շարունակվելու են», – օրերս Բաքվում կադրային խնդիրներին նվիրված խորհրդակցության ժամանակ հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը։ «Ադրբեջանի բանակը թուրքական մոդելին ադապտացնելու ուղղությամբ արդեն իսկ մի շարք բարեփոխումներ իրականացվել են», -նշել է վերջինս։

Վաղուց ժամանակն է ամփոփելու, գնահատական տալու եւ որոշում կայացնելու` պատասխանելով մեկ պարզ հարցի` ինչի՞ հանգեցրեց պաշտոնական Երեւանի` «պատրաստ են խաղաղություն հաստատել» դիրքորոշումը, որով այսքան ժամանակ ՀՀ իշխանությունն անտեսեց Բաքվի կողմից նախկինում ստանձնած բոլոր պարտավորությունների ոտնահարումը:

Քրոնիկ զիջողական այս կեցվածքն է, ի վերջո, սպառնում Հայաստանի պետականությանը:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 15.01.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031