Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«Տրակտորի մեջ ենք 24 ժամ, նույնիսկ մեր մաքրող տեխնիկան է մնում ձնաբքի տակ»․ սյունեցի ճանապարհաշինարարները վերջին օրերին շուրջօրյա աշխատանքի մեջ են

Հունվար 17,2024 13:46

Երեւան-Մեղրի Մ 2 միջպետական ճանապարհի սպասարկումն իրականացնող ճանշին ընկերություններն այս օրերին չնայած աշխատում են ուժեղացված ու 24-ժամյա ռեժիմով, այնուամենայնիվ անբարենպաստ եղանակից ելնելով՝ երբեմն ժամանակավորապես փակվում են ճանապարհի որոշ հատվածներ։

«Ախր քուն, տուն-տեղ մոռացել ենք, տրակտորի մեջ ենք 24 ժամ, նույնիսկ մեր մաքրող տեխնիկան է մնում ձնաբքի տակ»,-Aravot.am-ի հետ զրույցում նշեց «Գրին Ռոդ» ընկերության աշխատակից Էդգար Աբգարյանը։

 

Ընկերությունը սպասարկում է Երեւան-Մեղրի միջպետական ճանապարհի Սիսիանի տարածաշրջանով անցնող հատվածը

«8 միավոր մաքրող տեխնիկա ունենք, բոլորը GPS համակարգերով են։ Վերջին օրերին ձյան քանակը աննախադեպ էր, Սիսիանի տարածաշրջանում ձյան բարձրությունը հասել է 70 սմ–ի, չհաշված բուքը։ Տեխնիկան միշտ ճանապարհին է ու աշխատում է»,–մեր  հեռախոսազրույցում ասաց «Գրին Ռոդ» ընկերության տնօրեն Հրայր Գաբրիելյանը։

Ոլորտի պատասխանատուի խոսքով, իրականացվող աշխատանքներին խանգարում են անկարգապահ վարորդները։ «Կան ավտոմեքենաներ, որոնք ամառային անվադողերով են, եղել է՝ որ կցորդիչով մեքենաների շարժն ենք փորձել ժամանակավորապես արգելել, բայց բոլորը շտապում են՝ խանգարելով ճանշին ընկերությունների աշխատանքը»,-նշեց Հրայր Գաբրիելյանը։

Գործընկերոջ հետ համամիտ է «Ոսմար» ընկերության ճանապարհների սպասարկման պատասխանատու Սարգիս Սարգսյանը։ Այս ընկերությունն էլ սպասարկում է Մ2 միջպետական ճանապարհի Նորավան-Շինուհայր-Տաթեւ-Աղվանի հատվածը։ «Խնդրում ես, պահանջում նույնիսկ՝ որ 10-15 րոպե կանգնեն, մինչեւ մաքրենք, բայց չեն համբերում․առաջ են շարժվում՝ հայտնվում բքի մեջ»,-շարունակում է Սարգիս Սարգսյանը։

Ճանշին ընկերությունների աշխատանքն այս օրերին մշտադիտարկում են Սյունիքում գտնվող ճանապարհային դեպարտամենտի մասնագետները։ «Հասկանում եմ ուղեւորների, վարորդների զայրույթը, երբ տեսնում են մերկասառույցով կամ ձյունով պատված ճանապարհներ։ Սակայն իրենք էլ պիտի մեզ հասկանան՝ մենք ամեն ինչ անում ենք սահմանված նորմերով, մեր աշխատանքները մասնագետներն են գնահատում»,-ասելիքն է եզրափակում Հրայր Գաբրիելյանը՝ բոլորին հորդորելով համբերատար լինել ու ըմբռնումով մոտենալ։

 

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Լուսանկարները՝ ճանշին ընկերությունների ֆեյսբուքյան էջերից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031