Լրահոս
Օրվա լրահոսը

«Սահմանամերձ գյուղերում դպրոց փակելը հանցագործություն է»․ ՀՅԴ-ական պատգամավորը՝ Շիրակի մարզում 48 դպրոց փակելու մասին

Հունվար 24,2024 15:21

Շիրակի մարզից ընտրված ՀՅԴ-ական պատգամավոր Մհեր Մելքոնյանն ահազանգում է կրթության որակի բարելավման անվան տակ՝ կառավարության կողմից մինչև 2026 թվականը Շիրակի մարզում 48 դպրոց փակելու մասին։ Դրանց ցանկում քիչ չեն նաև սահմանամերձ գյուղերի դպրոցները, որոնք, ըստ պատգամավորի, կազդարարեն գյուղերի կործանումը։

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի՝ 2023 թվականի սեպտեմբերի N 11-ի 1790 Ա/2 հրամանով հաստատվել է «ՀՀ կրթական որակյալ ծառայությունների ապահովման հասանելիության ծրագրում ներառված պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների ցանկը»։ Այդ ցանկում ՀՀ 232 դպրոցներ են ընդգրկված, որոնցից 48-ը Շիրակի մարզի դպրոցներ են։

Մհեր Մելքոնյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ իր ահազանգը հնչեցրել է թե՛ Ազգային ժողովի ամբիոնից և թե՛ գրավոր դիմում է հղել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը, սակայն ոչ մի նորմալ պատասխան չի ստացել։

«Շատ լուրջ խնդիր է դպրոցների օպտիմալացումը, որովհետև Շիրակի մարզում 40-ից ավելի դպրոցներ են փակվելու և մեծ թիվ են կազմում սահմանամերձ գյուղերի դպրոցները, որոնք ազգային անվտանգության խնդիր են պարունակում։ Շատ օրինակներ կարող ենք բերել, որ գյուղում դպրոց փակվելու պատճառով մարդիկ ուղղակի արտագաղթել են, չեն ցանկացել մնալ, ապրել, արարել ու շարունակել իրենց կյանքը մի տեղում, որտեղ կրթություն ունենալու հնարավորություն չունեն։

Ես հարցը բարձրացրեցի Ազգային ժողովում, նաև գրավոր դիմել եմ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին, բայց լուրջ պատասխան չստացա։

Նույնը Ազգային ժողովում․ հարցուպատասխանի ժամանակ տիկին նախարարը նկարագրեց, որ ավելի բարելավված պայմաններում են աշակերտները հաճախելու դպրոց, որին ես շատ խիստ կասկածում եմ և շարունակում եմ պնդել, որ դա իր մեջ պարունակում է ազգային անվտանգության խնդիր։

Սահմանամերձ գյուղերում դպրոց փակելը հանցագործություն է, գիտեմ, որ ծանր ֆինանսական բեռ է պետության համար, բաց կարելի է պարգևավճարները կրճատել և այդ գումարներն ուղղել սահմանամերձ գյուղերում դպրոցները պահելու, պայմանները բարելավելու և գյուղերը դեպի կործանում չտանելու համար»,-ասաց պատգամավորը։

Մեր հարցին՝ տեղյա՞կ եք՝ ո՞վ է ուսումնասիրություն կատարել, որ արդեն իսկ որոշել են՝ որ դպրոցը որին միավորել, երբ բողոքի ցույցերի ժամանակ լսում ես, թե գյուղի դպրոցը նորակառույց է, բոլոր պայմաններով ապահովված, հարևան գյուղինն ավելի վատ պայմաններ ունի, սակայն հաշվի չեն առնում, օրինակ՝ նման բողոք ներկայացրել են խոշորացված Ամասիա համայնքի սահմանամերձ Մեղրաշատի բնակիչները, որոնց դպրոցը միավորելու են հարևան Բյուրակնի դպրոցին, պատգամավորն ասաց․ «Կառավարությունը պնդում է, որ որոշակի ուսումնասիրություններ են կատարել ՝ հաշվի առնելով թե՛ ենթակառուցվածքները, թե՛ շենքային պայմանները, թե՛ մանկավարժական կոլեկտիվի կարողությունը, բայց օրինակ՝ Մեղրաշատի դպրոցի մասին ես զրուցեցի ու պարզեցի, որ ոչ մեկը չի եկել, չի ուսումնասիրել այդ ենթակառուցվածքների առկայությունը, ճանապարհների վիճակը, ոնց են աշակերտներին տեղափոխելու Բյուրակնի դպրոց։ Չեն ուսումնասիրել, ծրագիր է, որոշել են, որ անպայման անելու են ու չակերտավոր լավության տեսքով մատուցել են մեր ժողովրդին»։

Պատգամավորը նշում է նաև, որ կան դպրոցներ, որոնք մոտ երկու տարի է՝ տնօրեն չունեն, օրինակ՝ Արթիկի թիվ 4 հիմնական դպրոցը։

«Մեկ տարուց ավել է՝ Արթիկի թիվ 4 հիմնական դպրոցը տնօրեն չունի, դպրոցը կառավարվում է ժամանակավոր պաշտոնակատարի մակարդակով։ Ես բազմիցս անդրադարձել եմ այս դպրոցի տնօրենի ընտրությանը, թույլ չտվեցին, ծրագրավորված ձախողեցին տնօրենի ընտրությունները։ Իսկ հիմա, ինչքան տեղյակ եմ՝ արդեն 8-րդ անգամ է մրցույթ անցկացվել և նորից տնօրեն չի ընտրվել, շարունակվում է ժամանակավոր պաշտոնակատարի մակարդակով կառավարվել։

Իմ համար ընդունելի չէ, որ մեկ տարուց ավել հիմնարկությունը, որ կրթում է մեր երեխաներին, ապագա սերնդին, տնօրեն չունի»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031