Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանի գլխին նոր պատերազմի հիմքում փաշինյանական իշխանությունն է՝ քանի իրենք կան, նոր զիջումներն ու պատերազմը երաշխավորված են»․ Տիգրան Աբրահամյան

Փետրվար 06,2024 17:17

«44-օրյա պատերազմից հետո իշխանությունը համառորեն պնդում ու հասարակությանը համոզում էր, որ եթե 2021 թվականի ընտրություններում ընդդիմությունը հաջողության հասնի, ապա դա նոր պատերազմական գործողությունների է բերելու։ Դա այն ժամանակներն էր, որ իշխանությունը առաջ էր մղում տխրահռչակ «խաղաղության դարաշրջան» ձևակերպումը»,- ԱԺ հայտարարությունների ժամին ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

Նրա խոսքով՝ 2022 թվականին իշխանությունն ասում էր, որ «եթե Արցախի հարցով նշաձողը չիջեցնենք, ապա նորից կռիվ կսկսի»։ Ձեռքի հետ էլ պայքարի դուրս եկած անձանց, խմբերին մեղադրում էր պատերազմ հրահրելու մեջ: 2023 թվականին նույն իշխանությունը Ադրբեջանի իշխանությունների հետ սինխրոն համոզում էր հանրությանը, որ ռեւանշիստական ուժերն են խանգարում խաղաղության գործընթացին, իսկ իրենք սլանում են դեպի այսպես կոչված խաղաղության պայմանագրի ստորագրմանը: «Իսկ ի՞նչ տեսավ հասարակությունը 2020-2023 թվականներին՝ պատերազմ, զիջումներ, մարդկային եւ տարածքային կորուստներ, Արցախի հանձնում, ուրացում, դավաճանություն: Ո՞ւր է ձեր խոստացած խաղաղությունը, որն այդպես էլ չի գալիս: 2024 թվականին իշխանությունը հանրությանը փորձում է մանիպուլացնել՝ այլ թեմա հանրային օրակարգ բերելով՝ Սահմանադրությունը փոխենք, մեր արմատները ուրանանք, պատմությունը խմբագրենք, ժողովրդի իղձերն ու նպատակները թաղենք, հայկականությունը խորտակենք, որպեսզի պատերազմ չլինի: Մեռաք ձեր ասած 29 800 քառակուսի կմ տարածքը հանձնելով, թե բա՝ կարմիր գիծ է, տարածքային ամբողջականություն, ինքնիշխանություն: Ո՞ւր է: Այս հասարակությունը, որը տեսել է, թե ինչպես իշխանությունը խոստացել-ֆռռացրել-խաբել ու արել ճիշտ հակառակը, արդեն ամեն ինչ գիտի նույն իշխանության վարքի ու որակների մասին»,- ասաց նա։

Ըստ պատգամավորի՝ բանակցային գործընթացը բերել են հասցրել մի կետի, երբ արդեն հստակ չի, թե ինչի՞ շուրջ են իրական բանակցությունները, որո՞նք են այն փաստաթղթերը, որոնք գոյություն ունեն կամ չունեն: «Այդքան չարչրկված նոյեմբերի 9-ի փաստաթուղթը գոյություն ո՞ւնի, թե՞ չունի: Եթե ունի, ապա ո ՞ւր են Արցախում ապրող հայերն ու այդ փաստաթղթով նրանց տրված անվտանգային երաշխիքները: Եթե դա գոյություն չունի, ապա ինչո՞ւ և ո՞ւր են Հայաստանի իշխանությունների պաշտոնական դիրքորոշումները: Ակնհայտորեն իշխանությունը խճճվել է ստի, կեղծիքի ու չիրականցված խոստումների ճահճում, իսկ նրա գործունեության ցանկացած օր երկիրը մոտեցնում է նոր պատերազմի: Մեր իրականությունում մարդիկ արդեն հստակ գիտեն, որ Հայաստանի գլխին նոր պատերազմի հիմքում փաշինյանական իշխանությունն է՝ քանի իրենք կան, նոր զիջումներն ու պատերազմը երաշխավորված են»,- հայտարարեց նա։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829