Լրահոս
Օրվա լրահոսը

Իդլիբի օրինակը հիմք է տալիս ենթադրելու, որ «Զանգեզուրի միջանցքի» գործարկմամբ այնտեղ ևս համատեղ պարեկություն կիրականացնեն ռուսական և թուրքական զորքերը, դրա մուտքը կփակվի հայկական զորքերի առջեւ. Հակոբ Չաքրյան. «Ազգ»

Փետրվար 08,2024 11:09

Իրանական անցուղին  համարժեք չէ «Զանգեզուրի միջանցքին», հետեւաբար միջանցքը շարունակելու է պահպանել իր դերն ու նշանակությունը Ադրբեջանի եւ Թուրքիայի աշխարհաքաղաքական ծրագրերում: Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա  ավանդաբար ռուսական գերազդեցության տարածք համարվող Հարավային Կովկասը նրան որպես յուրատեսակ կամուրջ է ծառայում Մերձավոր եւ Միջին Արեւելք ներթափանցելու ճանապարհին, որտեղ ԱՄՆ-ի ու Եվրոպական միության հարաճուն ակտիվությունը սպառնալիքի տակ է դրել նրա ռազմաքաղաքական ներկայությունը: Թերեւս դրա չեզոքացման հրամայականը գործարման առումով Հայաստանի տարածքով անցնող «Զանգեզուրի միջանցքը» Ռուսաստանի համար ավելի «կենսական» է դարձնում, քան Նախիջեւանը Ադրբեջանին կապող իրանական անցուղին:

Ինչպես երեւում է, Արցախի Հանրապետության լուծարումից հետո Ռուսաստանը սկսել է նաեւ Արցախում տեղակայված ռուս խաղապահներին  Զանգեզուր տեղափոխելու հաշվարկներ  անել, որ սեպտեմբերի 11-ին վարչապետ Փաշինյանը  հայտարարեց. «Եթե ՌԴ խաղաղապահները հեռանան Լեռնային Ղարաբաղից, նրանք չեն կարող տեղափոխվել Հայաստան, այլ պետք է տեղափոխվեն Ռուսաստան»:

Ակնհայտ է, որ 5 կմ լայնություն ունեցող, 44 կմ երկարությամբ «Զանգեզուրի միջանցքի» գործարկման պարագային, այն էլ ՌԴ վերահսկողության ներքո, այնտեղ կհաստատվի ո՛չ թե մաքսային, այլ ռազմական ռեժիմ, դրանով Հայաստանը կզրկվի Իրանի հետ առանց այդ էլ ռուս սահմանապահների իրավազորությանը ենթակա ընդհանուր սահմանից եւ ակամա կվերածվի կամազուրկ պետության:  Հատկանշական է, որ այս հանգամանքը ոչ թե չի հետաքրքրում Ռուսաստանին, այլ` չափազանց  շահագրգռում, որովհետեւ մեր, այսպես կոչված, ռազմավարական դաշնակիցը Հայաստանը տնտեսապես կազմալուծված տեսնելուց զատ, ուզում է նաեւ արտաքին աջակցությունից զուրկ եւ միջազգայնորեն մեկուսացված տեսնել, ընդ որում այդ ուղղությամբ չի հրաժարվում  համագործակցել ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Թուրքիայի հետ, որքան էլ, թուրք հեղինակի բնութագրությամբ, վերջինի դիրքերի ամրապնդումը Ադրբեջանում շարժի ռուսական կողմի նախանձը:

Այս համագործակցունը ենթադրում է «Զանգեզուրի միջանցքի» ռուս-թուրքական համատեղ գործարկումը: Դրա նախադեպը դեռեւս 2020 թ.-ին ստեղծվել էր Սիրիայում, երբ նույն թվի մարտի 5-ին Մոսկվայում նախագահ Էրդողանը ռուս գործընկերոջ` Վլադիմիր Պուտինի հետ ստորագրեց Հալեպը Լաթաքիային կապող եւ Իդլիբով անցնող M4 մայրուղու վրա միջանցք ստեղծելու համաձայնագիր, որ նույնպես 5 կմ  լայնություն ունի:

Այդ համաձայնագրով միջանցքում սահմանվեց պարեկություն, հյուսիսային հատվածի իրավազորությունը ստանձնեցին թուրքական, իսկ հարավայինի՝ ռուսական զորքերը: Որքան էլ Իդլիբը լինի Սիրիայի տարածք, միջանցքը լիովին փակվեց սիրիական զորքերի առջեւ, ավելին` ռուս-թուրքական պարեկազորին տրվեց «միջանցքի վրա ոտնձգության» դեպքում սիրիական զորքերին հակահարված  տալու իրավունք: Մարտի 15-ին ռուս-թուրքական զորքերն անցան պարեկության պարտականությունների կատարմանը: Դրանով թերեւս ոտնահարվեց Սիրիայի ե՛ւ անկախությունն ու ինքնիշխանությունը, ե՛ւ տարածքային ամբողջականությունը, էլ չենք խոսում սիրիական զորքերի դեպի Թուրքիայի կողմից հովանավորվող ահաբեկիչների վերահսկողության տակ գտնվող Իդլիբ առաջխաղացումը կասեցնելու մասին:

Ի դեպ՝ նախնական տարբերակով Իդլիբում նախատեսվում էր երկու միջանցք, ինչի մասին 2020 թ. մարտի 14-ին մամուլում հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար գեներալ Հուլիսի Աքարը: Նրա վկայությամբ, մոսկովյան համաձայնագրով Պուտինն ու Էրդողանը որոշել էին M 4 մայրուղու հյուսիսում եւ հարավում 6-ական կմ խորությամբ «անվտանգության» երկու միջանցք անցկացնել: Ըստ ամենայնի, ռուսական կողմը, զգալով որ դա էլ ավելի կամրապնդի Թուրքիայի դիրքերը Սիրիայում, մանավանդ որ 2016-17 թթ. Ջերաբլուսի, Ազազի, Ալ Բաբի եւ Աֆրինի գրավումից հետո  Թուրքիան այս քաղաքներում կառավարիչներ նշանակելուց, դատարաններ հիմնելուց, թուրքական համալսարանների մասնաճյուղեր բացելուց զատ, շրջանառության մեջ դնելով թուրքական լիրան, սկսել էր յուրացնել գրավյալ տարածքը, հրաժարվեց զույգ միջանցքից, եւ կողմերը սահմանափակվեցին 5 կմ լայնությամբ մեկ միջանցքով:

Իդլիբի օրինակը բոլոր հիմքերը տալիս է ենթադրելու, որ «Զանգեզուրի միջանցքի» գործարկմամբ այնտեղ եւս համատեղ պարեկությունը իրականացնեն ռուսական եւ թուրքական զորքերը, դրա մուտքը փակվի հայկական զորքերի առջեւ, մանավանդ որ Ռուսաստանը հետզհետե դուրս է մղվում Հարավային Կովկասում ընթացող գործընթացներից, Հայաստան-Ադրբեջան բանակցությունների նախաձեռնությունն անցնում է Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելին, իսկ Միրզոյան-Բայրամով հանդիպումներինը՝ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին, Հայաստան-Թուրքիա հարաբերություններիի նորմալացման գործընթացինը՝ նմանապես:

Դա Մոսկվայի տեսանկյունից ենթադրում է Հարավային Կովկասից Ռուսաստանի վտարումը, որից խուսափելու ամենաարդյունավետ միջոցը, թերեւս, ամուր դիրքեր ստեղծելու համար Զանգեզուրը ռուսական զորանոցի վերածելն է, ինչի մասին Ռուսաստանը երազում է, իսկ Թուրքիան Մեղրին Հայաստանից պոկելու հույսեր է փայփայում: Այդ մասին, ի դեպ, դեռեւս 1993թ., երբ թուրքական սահմանը փակվեց Հայաստանի առջեւ, Թուրքիայի ազգային մեծ ժողովում արտահայտվել էր Ձախ ժողովրդավարական կուսակցության առաջնորդ, «Կիպրոսի նվաճող» Բյուլենթ Էջեւիթը, պայմանավորված Նախիջեւանից Մեղրիի տարածքով Ադրբեջանի հետ ցամաքային ուղիղ կապ հաստատելու դեռեւս անցյալ դարի սկզբներին Օսմանյան կայսրությունում շրջանառության մեջ դրված վաղեմի ծրագրով:

Հակոբ ՉԱՔՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829