Լրահոս
Օրվա լրահոսը

«Թույլ չենք տալու, որ մեր երկրի օրինական իշխանությանը տիրանա ադրբեջանաթուրքական ռեժիմը». Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքը

Փետրվար 20,2024 19:30

Այսօր Ազատության հրապարակում ղարաբաղյան շարժման տարեդարձին նվիրված եւ վարչապետ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքը մեկնարկեց լռության րոպեով:

ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար, նախկին դեսպան Էդգար Ղազարյանը հիշեցրեց, թե 1988-ին այդ նույն հրապարակում ինչ մթնոլորտ էր. «Երբ հայ ժողովուրդը հավաքվել էր այս հրապարակում, նրանք ունեին մի լուսավոր տեսիլք՝ վերամիավորված տեսնել հայ ժողովրդին Հայաստանում եւ Արցախում: Այդ պայքարն այդ ժամանակ անհնարին էր թվում, սակայն մեր ժողովուրդը կարողացավ ամբողջ աշխարհին ապացուցել, որ արժանի է ազատ հայրենիքում ապրելու իր դարավոր երազանքին»:

Նա նշեց, որ Շուշիի ազատագրումը թագն ու պսակը դարձավ այդ պատերազմական սխրանքների. «Լռեցվեցին Արցախին սպառնացող բոլոր կրակակետերը, հուսալի կապ ստեղծվեց Հայաստանի եւ Արցախի միջեւ: Դրան հաջորդեց մեր պայքարի մյուս փուլը՝ խաղաղության հաստատումն ու ամրապնդումը, Հայաստանի եւ Արցախի շենացումն ու զարգացումը, հայկական բանակի կազմավորումը եւ նրա օր-օրի զարգացումը: Մենք տեսել ենք մեր երկու մայրաքաղաքների գեղեցիկ զորահանդեսները, որտեղ ցուցադրվում էր հայկական բանակի հաղթական ոգին: Այդ երջանկությունը մեր ժողովրդից խլվեց 2018-ին՝ այդ պայքարից ընդամենը 30 տարի անց Հայաստանում տեղի ունեցած ադրբեջանաթուրքական զավթիչների կողմից:

Զանգվածային խաբեությամբ, խաբելով մեր ողջ ժողովրդին, ավելի լավ ապագայի տեսլականով, ավելի ամուր Արցախ տեսնելու երազանքով մարդիկ դուրս եկան փողոց՝ պայքարելու, ավելի շենացնելու իրենց երկիրը: Նրանք չգիտեին, որ իրենց առջեւ կանգնած են սովորական խաբեբա շառլատաններ, որոնք եկել են կատարելու մեր թշնամիների պատվերներն ու պահանջները: 2018-ին նրանք զավթեցին առաջինը իշխանությունը մեր մայրաքաղաքում՝ ապօրինաբար զավթելով Երեւանի ավագանին: Մի քանի ամիս անց, զավթած լինելով արդեն գործադիր իշխանությունը, օգտագործելով այդ ռեսուրսը, 2018-ին թշնամին զավթեց խորհրդարանական երկրի գլխավոր իշխանությունը: 2019-ից թշնամին գրոհեց ՀՀ դատական իշխանության վրա, թիրախում հայտնվեց ՀՀ ՍԴ-ն՝ սահմանադրական այն մարմինը, որը բացառիկ լիազորություն ունի քննության առնելու միջազգային բոլոր պայմանագրերի սահմանադրության համապատասխանության հարցը: Թշնամական ուժերը գիտեին, որ իրենք տանում են մեզ պատերազմի, իսկ այդ պատերազմի կապիտուլյացիոն համաձայնագրերը պետք է ունենային իրավական ամրագրում ՍԴ-ում»:

Էդգար Ղազարյանի դիտարկմամբ՝ 2018-ից մինչեւ 2020-ի սեպտեմբեր փաստացի տապալվել է խաղաղ բանակցելու գործընթացը, անտեսվել ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափը. «Թշնամական երկու գործիչները՝ Իլհամ Ալիեւն ու Նիկոլ Փաշինյանը անցել են ուղիղ շփումների՝ պայմանավորվել եւ մեր ժողովրդի գլխին բերել պայմանավորված պատերազմ, իրենց համար տեսանելի, մեզ համար՝ կապիտուլյացիոն ելքով»:

Էդգար Ղազարյանը խոսեց Արցախի ՊԲ-ի կազմաքանդման մասին. «Իրականացվեց միայն զորացրում՝ առանց զորահամալրման: Արցախը չէր մատակարարվում անհրաժեշտ սպառազինություններով, որի մասին չկար ոչ մի սահմանափակում: Եվ հիմա թշնամական գործողությունը բերել է Հայաստանի պետականության վերջնական կորստի: Ընդամենը երկու օր առաջ են Փաշինյանն ու Ալիեւը հանդիպել Մյունխենում: Այդ հանդիպումից անմիջապես հետո Ալիեւը մեկնել է Անկարա եւ հանդիպել Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ: Նիկոլ Փաշինյանը եկել է Երեւան եւ անմիջապես հանձնարարել սկսել այսպես կոչված նոր Սահմանադրության ընդունման քննարկումներ: Մենք երբեք թույլ չենք տալու, որ մեր երկրի օրինական իշխանությանը տիրանա ադրբեջանաթուրքական ռեժիմը եւ կատարի նրանց պահանջը՝ կործանելու մեր պետականությունը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829