Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

«Ես նման եմ մարդու, ում կարելի է վախեցնե՞լ». Ալեն Սիմոնյանը՝ եղբոր կնոջը կալանավորելու ու Փաշինյանի հետ խոսակցության մասին

Փետրվար 27,2024 14:27

«Ես հավատում եմ իմ բարեկամի անմեղությանը եւ չեմ ուզում որեւիցե ձեւով խառնվել իրավական գործընթացին: Նման հարցերը պետք է ստանան իրավական լուծում: Իրավականից այն կողմ մնացած քննարկումներն անտեղի են: Չի կարող, ենթադրենք, իմ եղբայրը կամ ես հանցագործություն գործենք եւ երկրի վարչապետը, ՍԴ նախագահը կամ որեւիցե պաշտոնյա կանչի՝ կուլիսում քննարկի ու ասի՝ գիտես ինչ, քանի որ դու ես կամ քո եղբայրն է, արի ծածկադմփոց անենք ու ոչ մի բան չանենք: Ես վստահ եմ, որ մեղադրանքը սխալ է եւ իմ բարեկամի վերաբերյալ այդ գործի մասը, ժամանակի ընթացքում պարզ կլինի, որ այդտեղ սխալմունք է տեղի ունեցել, բայց դա չի նշանակում, որ համակարգը կուլիսային արդարադատություն պետք է իրականացնի, դա անթույլատրելի է»- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ իր եղբոր կնոջ՝ Անի Գեւորգյանի կալանավորման հետ կապված:

ՔՊ-ական պատգամավորները երաշխավորագիր էին ներկայացրել՝ Ալեն Սիմոնյանի բարեկամուհու խափանման միջոց կալանք փոխելու համար: Ուստի հարցին՝ դրանով օրենսդիր մարմինը կասկածի տակ չդրե՞ց դատական մարմնի որոշումը՝ Ալեն Սիմոնյանը պատասխանեց, որ ԱԺ պատգամավորները ուրիշ գործերով էլ են երաշխավորագրեր ներկայացրել՝ խափանման միջոց փոխելու. «ՔՊ-ն չի խառնվել՝ գործը արդար է, արդար չի, ճիշտ է, թե ճիշտ չի, ով է մեղավոր եւ այլն: ՀՀ-ում անընդունելի է, որ դատարանը որոշում է կայացնում որեւիցե մանկահասակ երեխայի մորը կալանք ընտրել՝ որպես խափանման միջոց: Խոսակցություններ կան, ես իմացա, որ էլի են նման դեպքեր եղել, ես ներողություն եմ խնդրում, չեմ իմացել դրա մասին: Կանեի նույնը, ինչ հիմա եմ ասում: Անկախ նրանից թե ով է՝ մանկահասակ երեխա ունեցող կնոջը կալանք ընտրելը անթույլատրելի է»:

Այս պատմությունը չի՞ նշանակում, որ իրեն թիրախավորել են, ինչ-որ բան է արել, որից Փաշինյանը դժգոհ է՝ Ալեն Սիմոնյանը վստահեցրեց, որ նման մոտեցումը սխալ է. «Եթե վարչապետը կկարծի, որ որպես կուսակցության ղեկավար, որպես երկրի ղեկավար ասելիք ունի, մենք մշտապես շփման մեջ ենք: Նման մտածելակերպը ենթադրում է, որ արդարադատությունը պետք է ցուցումով գործի: Նման բան ՀՀ-ում ես չեմ տեսել, առավել եւս՝ իմ հետ կապված: Իմ եւ ՀՀ վարչապետի հարաբերությունները ինստիտուցիոնալ հիմքի վրա են, ընկերական հիմքի վրա են եւ նման բան պնդելը նշանակում է չիմանալ մեր հարաբերությունների մասին»:

Հարցին՝ հնարավոր է ուզում են սրանով վախեցնել՝ Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Ես նման եմ մարդու, ում կարելի է վախեցնե՞լ»:

Ալեն Սիմոնյանն ասաց, որ այդ թեմայով ինքը զրուցել է վարչապետ Փաշինյանի հետ. «Զրուցել ենք երկուսով: Երկուսիս կարծիքը համընկել է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Լուսանկարում՝ Ալեն Սիմոնյանն ու նրա եղբոր կինը՝ Անի Գեւորգյանը, ազատ արձակվելուց հետո:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829