Լրահոս
Օրվա լրահոսը

Արտակ Քյուրումյան․ «Սինեմարտ» ՍՊԸ-ից ծառայությունների ձեռքբերման դեպքում Երեւանի քաղաքապետարանի գործելաոճը հնարավոր կոռուպցիոն ռիսկերի մասին ազդարարող կարմիր դրոշակ է»

Մարտ 06,2024 16:37

Վերջին տարիներին մեկ անձից գնումների (ՄԱ) ընթացակարգերի քանակը ավելանում է․ 2020-ին՝ 46․4 հազար, 22-ին՝ 52 հազար ընթացակարգ, իսկ տեսակարար կշիռը բոլոր կատարված գնումներում կազմում է 44․5% -47․0%։

Պետական գնումների փորձագետ Արտակ Քյուրումյանը ուսումնասիրել է պետական գնումների ընթակարգերը։

Արտակ Քյուրումյան

Փորձագետի հետազոտության համաձայն՝ դրամային արտահայտությամբ ՄԱ ընթացակարգով գնումների համար նախատեսվող միջոցներն ավելացել են․ 2020-22 թվականներին 142․5 մլրդ դրամից հասնելով 148․2 մլրդ դրամի, իսկ դրանց տեսակարար կշիռը պլանավորված ընդհանուր մեծության մեջ նվազել է՝ 2020-22 թվականներին 44.1%-ից հասնելով 36․7%-ի։

Չնայած կնքված պայմանագրերի ծավալը դրամային արտահայտությամբ մեծացել է, դրանց տեսակարար կշիռը բոլոր կատարված գնումների ծավալում նվազել է։

Հետազոտության հեղինակի ներկայացմամբ՝ մեկ անձից ընթացակարգերի դեպքում այլ ընթացակարգերի համեմատ հանրային ֆինանսական միջոցների խնայողություն գրեթե չի լինում։ Եթե գնանշման հարցման արդյունքում տնտեսումները 2020-22-ին կազմել են պայմանագրի արժեքի համապատասխանաբար 11․2%, 11.7% եւ 9․5%, բաց մրցույթի արդյունքում՝ 7․8%, 5.7%, 8.9%, էլեկտրոնային աճուրդի արդյունքում՝ 1.7%, 4.2%, 3.0%, ապա մեկ անձից գնման դեպքում կազմել են 1․0%, 0․5% եւ 0․5%։

Ըստ փորձագետի՝ մեկ անձից գնման ընթացակարգն ապահովում է բյուջետային միջոցների նվազ արդյունավետ եւ խնայողական օգտագործում։

Բաց մրցույթի ընթացակարգը շրջանցելու նպատակով պատվիրատուներն օգտվում են 2017 թվականի մայիսի 4-ի №526-Ն որոշմամբ տրվող նոր հնարավորություններից։

Հղում կատարելով որոշման 23-րդ կետի 4-րդ ենթակետով սահմանված ցանկի 33-րդ տողին ՝ 2022 եւ 2023 թվականների տոնական ձեւավորման կամ միջոցառումների հետ կապված ծառայություններ ձեռք բերելու նպատակով Երեւանի քաղաքապետարանը մեկ անձից գնման պայմանագիր է կնքել «Սինեմարտ» ՍՊԸ-ի հետ, առանց բացատրելու, թե ինչո՞ւ տոնական ձեւավորման ծառայությունները չի կարող կազմակերպել որեւէ այլ կազմակերպություն եւ ի՞նչն է «Սինեմարտ» ՍՊԸ-ին դա անելու հատուկ կամ բացառիկ իրավունք տալիս:

 

 

Քյուրումյանի հետազոտության համաձայն՝ 2022-ին Երեւանի քաղաքապետարանը նախ հոկտեմբերի 28-ին 191,006,000․0 դրամի պայմանագիր է կնքել «Սինեմարտ» ՍՊԸ-ի հետ, որից առկա ֆինանսական միջոցներով ապահովված էր միայն 176,006,000․0 դրամի չափով։ Մեկ ամիս հետո, 2022-ի դեկտեմբերի 1-ին, Երեւանի քաղաքապետարանը պայմանագրի գինը 15,000,000․0 դրամով նվազեցնելու վերաբերյալ համաձայնագիր է կնքել «Սինեմարտ» ՍՊԸի հետ, ծառայության գինը սահմանելով մինչեւ 176,006,000․0 դրամ, այսինքն` այնքան գումար, որքան նախատեսված էր գնումների պլանով։

Հղում անելով Fip.am-ին, փորձագետը նշում է՝ «Սինեմարտ» ՍՊԸ-ն նախկինում երբեւէ պետական գնումների մրցույթի չի մասնակցել։ Սա նշանակում է, հանրային հատվածում չկար ինստիտուցիոնալ գիտելիք այդ ընկերության կարողությունների վերաբերյալ եւ ընկերության գործունեության վերաբերյալ գիտելիքները հիմնվում են մասնավոր տեղեկատվության վրա։ «Սինեմարտ» ՍՊԸ-ի հետ ՄԱ-ով պայմանագիրը կնքելու որոշում կայացրել է Երեւանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանի ղեկավարած աշխատանքային խումբը։ Փոխքաղաքապետը հայտարարել էր, որ օրենքը հնարավորություն է տալիս միջոցառումների կազմակերպիչ ընկերություն ընտրել առանց մրցույթի։ Սուրեն Գրիգորյանը հայտարարել է, որ անձնական կամ այլ փոխկապակցվածություն «Սինեմարտ» ՍՊԸ-ի հետ չունի եւ, որ մինչեւ 2022-ի միջոցառման կազմակերպումը «Սինեմարտ» ՍՊԸ-ի միակ բաժնետեր եւ տնօրեն Ռուբեն Շահինյանին, որը Հանրային հեռուստատեսության ռազմավարական ծրագրերի պատասխանատուն է՝ չի ճանաչել։ Քաղաքապետի տեղակալը չի բացատրել, թե այդ դեպքում 2022-ին ինչպե՞ս է իմացել «Սինեմարտ» ՍՊԸ-ի գոյության մասին, ինչպե՞ս է վերջինիս ներկայացուցիչների հետ հաղորդակցության մեջ մտել, ի՞նչ տեխնիկական առաջադրանքով են գնման հետ կապված հարցեր քննարկել եւ ինչպե՞ս է որոշել, որ նախկինում պետական գնումներին չմասնակցած ընկերությունը կարող է որակյալ եւ ժամանակին ծառայություններ մատուցել, ի՞նչ քննարկումներ է ունեցել այլ ընկերությունների հետ, ի՞նչ առաջարկներ են ներկայացրել վերջիններս եւ այլն։

Հանրային կառավարման տեսակետից, ինչպես նկատում է փորձագետը, նաեւ անհրաժեշտ է հասկանալ Հանրային հեռուստաընկերության ռազմավարական ծրագրերի պատասխանատուի կողմից մասնավոր ձեռնարկատիրությամբ զբաղվելու հանգամանքի հետ կապված հարցերը։ «Սինեմարտ» ՍՊԸ-ի հետ 2022-ի հոկտեմբերի 28-ին ՄԱ գնման ընթացակարգի կիրառման միջոցով ծառայությունների մատուցման պայմանագրի կնքումը խնդրահարույց է նաեւ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ընկերության նկատմամբ կիրառված է եղել արգելանք։ 2021-ի մարտի 15-ից ի վեր պետական բյուջեի նկատմամբ 130,000․0 դրամ պարտավորության պատճառով ընկերության նկատմամբ կիրառված արգելանքից ՍՊԸ-ն ազատվել է 2022-ի հոկտեմբերի 12-ին, Երեւանի քաղաքապետարանի հետ 191 մլն դրամ մեծությամբ պայմանագիրը կնքելուց 16 օր առաջ։ Երեւանի քաղաքապետարանի գնումների պլանի 2022-ի հոկտեմբերի 26-ին հաստատված տարբերակում միջոցառումների հետ կապված ծառայությունների ձեռքբերում նախատեսված չի եղել։ Տոնական ձեւավորման ծառայությունների 202,406,000․0 դրամ ձեռքբերումը գնումների պլանում է հայտնվել 2023-ի նոյեմբերի 9-ին, դրանում 2023-ի կատարված 88-րդ փոփոխությունից հետո։ Այսինքն, մինչեւ 2023-ի նոյեմբերի 9-ը Երեւանի քաղաքապետարանը չէր ծրագրում ամանորյա միջոցառումներ կազմակերպել։

 

 

«Երեւանի քաղաքապետարանի կողմից 202․4 մլն դրամ գումարով տոնական ձեւավորման ծառայությունների ձեռքբերումը ՄԱ ընթացակարգի իրականացնելու հանգամանքն անհրաժեշտ է ենթարկել իրավական փորձաքննության՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Երեւանի փոխքաղաքապետը իր բացատրություններում հղում էր կատարում նրան, որ օրենքը թույլ է տալիս։ Իրականում «Գնումների մասին» օրենքը ՄԱ-ից նման գնում կատարել թույլ չի տալիս։ Ենթադրաբար, փոխքաղաքապետը հղում է կատարում Ն․ Փաշինյանի կառավարության կողմից 2019-ի հոկտեմբերի 10-ին 2017թ․ մայիսի 4-ի №526-Ն որոշման մեջ կատարված փոփոխությանը, որով կարգի 23 կետի 4-րդ ենթակետի ցանկում ավելացվել էր 33-րդ տող, որի համաձայն մեկ անձից ապրանքներ, աշխատանքներ եւ ծառայություններ կարելի է ձեռք բերել մշակութային եւ (կամ) գեղարվեստաստեղծագործական միջոցառումների (բեմադրությունների, ցուցադրությունների, ցուցահանդեսների, համերգների, փառատոնների, կինոարտադրության, հեռուստահաղորդումների, ռադիոհաղորդումների արտադրության) կազմակերպման շրջանակում։ Սակայն ՀՀ կառավարության որոշման այս տողին հղում կատարելը խնդրահարույց է, քանի որ 23 կետի 4-րդ կետը նշում է, որ ցանկում ներառված գնումները կարող են կատարվել «Գնումների մասին» ՀՀ օրենքի 23 հոդված 1-ին մասի 1-ին կետի հիման վրա։ «Գնումների մասին» ՀՀ օրենքի 23 հոդվածի 1-ին մասի 1-ին կետը կարգավորում հեղինակային եւ հարակից իրավունքներով, հատուկ կամ բացառիկ իրավունքի առկայության դեպքում միջոցառումերի կազմակերպումը։ Նշվող կարգավորումը ՀՀ կառավարության 2017-ի հոկտեմբերի 10-ի նիստի ժամանակ ներկայացնելիս ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը ցանկություն էր հայտնել առանձնացնել՝ «մշակութային եւ գեղարվեստաստեղծագործական միջոցառումների մասը, որովհետեւ դա էլ մշտապես քննարկվում է, որ այս դեպքում, որպես կանոն մրցութային գործընթաց կամ մրցակցային գործընթաց կիրառելը գործնականում հնարավոր չի, որովհետեւ կոնկրետ տվյալ արդյունքն է ուզում ստացվել, այսինքն` տվյալ հեղինակի արդյունքն է ուզում ստացվել։ Դա այստեղ առաջարկվող փոփոխություններով ենթադրվում է, որ առանց լրացուցիչ գործընթացի կարող է մեկ անձից գնման եղանակով կատարվել, բայց այստեղ մի բացառություն այնուհանդերձ կա։ Դա շինարարական աշխատանքներին վերաբերող մասն է»։

Երեւանի քաղաքապետարանի եւ «Սինեմարտ» ՍՊԸ միջեւ կնքված պայմանագիրը չի նշում «Սինեմարտ» ՍՊԸ-ի ունեցած հեղինակային եւ հարակից իրավունքի, կամ հատուկ կամ բացառիկ իրավունքի առկայության մասին։ «Սինեմարտ» ՍՊԸ-ից ծառայությունների ձեռքբերման դեպքում Երեւանի քաղաքապետարանի գործելաոճը հնարավոր կոռուպցիոն ռիսկերի մասին ազդարարող կարմիր դրոշակ է»,-նկատում է Քյուրումյանը։

Երեւանի քաղաքապետարանի եւ «Սինեմարտ» ՍՊԸ-ի միջեւ մեկ անձից գնման պայմանագիրը անհրաժեշտ է դիտարկել հաշվեքննիչ պալատի՝ մեկ այլ պայմանագրի վերաբերյալ եզրակացության համատեքստում։ Հաշվեքննիչ պալատն արձանագրել է, որ նման դեպքերում անհրաժեշտ է ներկայացնել բացառիկ իրավունքներ վերապահված լինելու փաստը հավաստող փաստաթղթեր:

 

Պատրաստեց՝ Նելլի ԲԱԲԱՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031