Լրահոս
Օրվա լրահոսը

«Մայր Հայաստանն» առաջարկում է տրանսպորտի գինը չթանկացնել, ներդնել քարտային համակարգ

Մարտ 07,2024 15:55

Երևան քաղաքում հանրային տրանսպորտի ուղեվարձի վերաբերյալ այսօր կայացած քննարկման ժամանակ ներկայացվեց ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության նախագիծը։

Ըստ «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թեւանյանի, քաղաքային տրանսպորտի հարցը քաղաքական եւ տնտեսական նշանակություն ունի, մանավանդ Երեւանի կարգավիճակը հաշվի առնելով։

Ավագանու ընդդիմադիր խմբակցությունում դեմ են քաղաքային տրանսպորտի ուղեվարձը թանկացնելու իշխանության առաջարկին, քանի որ կարծում են՝ դա սոցիալական լուրջ բեռ կարող է դառնալ մայրաքաղաքի բնակիչների համար, բայց նաեւ ներկայացված թվերի մասով լուրջ հիմնավորումներ չկան։

«Մայր Հայաստանն» առաջարկում է տրանսպորտի գինը չթանկացնել, թոշակառուներին, հաշմանդամներին տրանսպորտից անվճար օգտվելու հնարավորություն տալ։ Նաեւ առաջարկվում է քաղաքացուն ընտրության հնարավորություն տալ, եթե քաղաքացին 4 եւ ավելի անգամ է օգտվում տրանսպորտից, առաջարկում են քարտային համակարգ, որը մեկ օրվա՝ ակտիվացման պահից սկսած 24 ժամվա ընթացքում, կարժենա 400 դրամ։ 7 օրվա համար առաջարկում են 2000 դրամանոց քարտ, 30 օրվա համար՝ 5500 դրամանոց քարտ, 180 օրվա՝ կես տարվա համար՝ 20 000 դրամանոց քարտ, մեկ տարվա համար՝ 35 հազար դրամանոց քարտ՝ տրանսպորտային բոլոր միջոցներից եւ անսահմանափակ օգտվելու պայմանով։

Ուսումնասիրությունները կատարվել են Թբիլիսիի օրինակով։ Առաջարկվել է մի փոքր ավելի ցածր գին՝ հաշվի առնելով, որ համարժեք երկրներ ենք, բայց նաեւ տրանսպորտային առումով փակված լինելը եւ գրավչություն ապահովելու անհրաժեշտությունը։ Օրինակ, Թբիլիսիում, տարեկան քարտն արժե 37 հազար 500 դրամ։

Ընդդիմադիր խմբակցությունում հաշվարկել են, որ իշխանության ներկայացրած թվերով՝ տրանսպորտի ինքնարժեքը 130 դրամ է կազմում, ոչ թե 200-230, ինչպես ներկայացվում է։ Բայց նույնիսկ այդ թվերով, կարծում են, որ տրանսպորտը չի կարող դառնալ 260 դրամ, եթե իրենք շահույթ չեն հետապնդում։

Այլ մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031