Լրահոս
Օրվա լրահոսը

«Արցախի դրոշը հունից հանեց Զարեհ Սինանյանին». Մանուկ Մալխասյանը՝ Ցյուրիխի միջադեպի մասին

Մարտ 11,2024 20:22

Ցյուրիխում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ Սփյուռքի գործերով հանձնակատար Զարեհ Սինանյանի եւ համայնքի ներկայացուցիչ Կարո Օհանյանի միջեւ միջադեպ  էր գրանցվել: Զարեհ Սինանյանը Արցախի դրոշն ուսերին գցած սփյուռքահային պիտակավորել էր որպես «մերժված» եւ «30 տարի չընտրված իշխանության ներկայացուցիչ»։ Պատճառն այն էր, որ Կարո Օհանյանը նրան հարցնում էր, թե ինչպես կարող էին սկզբում ասել «Արցախը Հայաստան է եւ վերջ», իսկ հիմա ասում են «Արցախն Ադրբեջան է եւ վերջ»:

Միջադեպը փորձել էր հարթել համայնքային գործիչ Մանուկ Մալխասյանը:

Aravot.am-ը Մանուկ Մալխասյանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ էր ծագել միջադեպը: «Միջադեպի պատճառը Արցախի դրոշն էր, որը հունից հանեց Զարեհ Սինանյանին: Մնացածն արդեն իսկ տեսել եք։ Ես ստիպված էի միջամտել, որովհետեւ խոսակցությունն արդեն ուրիշ ուղղությամբ էր գնում, ներքաղաքական աստառ էր ստանում»,-ասաց մեր զրուցակիցը:

Խնդրեցինք ներկայացնել Ցյուրիխի փոքրիկ հայկական համայնքը եւ հարցրինք, թե ինչ սպասելիքներ ունեին Սփյուռքի հանձնակատարի հետ հանդիպումից: «Մեր համայնքը մեծ չէ, սակայն տարակազմ է՝ բաղկացած հայաստանցիներից եւ դասական բազմաշերտ սփյուռքից։ Այսպես ասած՝ կոնգլոմերատ է: Կան համայնքային տարբեր կառույցներ, Հայ առաքելական եկեղեցու ծխական խորհուրդը, 3 տարի է, ինչ գործում է կիրակնօրյա հայկական դպրոցը:

Ինչ վերաբերում է հանդիպմանը, կոնկրետ ես ակնկալում էի գոնե նվազագույն հետաքրքրվածություն Ցյուրիխի ներհամայնքային կյանքի, կառուցվածքի եւ խնդիրների վերաբերյալ։ Սակայն պարոն Սինանյանի կողմից նմանատիպ ոչ մի անդրադարձ չեղավ։ Հանդիպումը լի էր կոնֆլիկտներով եւ ըստ իս՝ անարդյունավետ։ Շատ մտահոգիչ էր նաեւ թե՛ Ժնեւում եւ թե՛ Ցյուրիխում Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչների բացակայությունը, ինչն, անկասկած, Հայաստանի ներկայիս իշխանությունների վարած հակաեկեղեցական քաղաքականության հետեւանք է»,-ասաց Մանուկ Մալխասյանը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ orer.eu-ից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031