Լրահոս
Օրվա լրահոսը

Այս պահին որևէ բան տեղի չի ունենում որևէ բուհի կամ ինստիտուտի հետ. մենք իրական ու խորքային քննարկման պրոցեսում ենք․ Ժաննա Անդրեասյան

Մարտ 23,2024 22:34

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ֆեյսբուքյան գրառումը

Սիրելի դասախոսներ, գիտաշխատողներ, ուսանողներ,

Ուզում եմ երկու բան հստակեցնել.
այս պահին որևէ բան տեղի չի ունենում որևէ բուհի կամ ինստիտուտի հետ. մենք իրական ու խորքային քննարկման պրոցեսում ենք, որ հասկանանք՝ ինչպես ավելի արդյունավետ դարձնենք բարձրագույն կրթությունն ու գիտությունը, ավելի փոխկապված, ավելի որակյալ, ավելի մրցունակ՝ առաջին հերթին մեր ուսանողների և հանրության համար։ Հետևաբար բոլոր այն ահագուժող դիտարկումները, թե այսօր-վաղը ինչ-որ բան է պատահելու, անտեղի են, մոլորեցնող ու շփոթեցնող։ Ինչ-որ բանը պատահելու է մեր համատեղ աշխատանքով, քննարկումներով և դրա արդյունքով։

Ակադեմիական քաղաքն ամենևին միայն ենթակառուցվածքի ու միջավայրի մասին չի. այն նախևառաջ կրթության բովանդակության մասին է, որտեղ դասախոսը դասատու չի և ստիպված չի օրական անհնար ժամեր դասավանդել՝ մի բուհից մյուսը հաճախ վազելով, այլ առաջին հերթին բարձր որակավորված մասնագետ է՝ իր աշխատասենյակով, դասավանդման օպտիմալ ժամերով, հետազոտության համար հարմար պայմաններով, որտեղ իր աշխատանքը փոխկապված է գիտությանը ու դրանով իսկ զարգացող ու զարգացնող աշխատանք է։ Ակադեմիական քաղաքը ուսանողի կրթության մասին է, որը դպրոցից տարբեր կրթություն է. չի սկսվում և ավարտվում սահմանված դասացուցակով. ուսանողն է ընտրում դասընթացները նախընտրած դասախոսների մոտ՝ ունենալով տվյալ մասնագիտության պարտադիր և ընտրովի դասընթացների ցանկը։ Ինքն է ընտրում հաջորդականությունը, ինտենսիվությունը, ժամկետը։ Ընտրում և պատասխանատվություն է վերցնում իր ուսումնառության համար։ Այդպիսով գուցե մի դաս առավոտյան է ունենում, մի դաս՝ ցերեկը, ընթացքում էլ՝ հրաշալի միջավայր ու հնարավորություններ՝ իր կրթությունը իր ուզած ձևով կազմակերպելու՝ գրադարաններում, այլ հարմար միջավայրերում, գուցե ընթացքում մի թեթև աշխատելու՝ գրպանի գումարը հոգալու համար, ընկերների հետ շփվելու և միասին պատրաստվելու ինչ-որ թեմայի կամ դասի, քննության։ Այս բովանդակությունն անհնար է առանց միջավայրի։

Ակադեմիական քաղաքն իրականում անվանումն է մի ծրագրի՝ բովանդակության և միջավայրի, որ պետք է լինի առաջին հերթին ձեզ համար, սիրելի դասախոսներ և ուսանողներ։ Քննարկենք միասին, գտնենք լավագույն լուծումները

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031