Լրահոս
Օրվա լրահոսը

Մեզ համար ընդունելի է միայն միջազգային երաշխիքներով ապահով և արժանապատիվ վերադարձը Լեռնային Ղարաբաղ և պատմական Գարդմանի, Շիրվանի, Նախիջևանի տարածք․ հայտարարություն

Մարտ 31,2024 20:23

Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միության հայտարարությունը

Եվրախորհրդարանի պատգամավոր Միրիամ Լեքսմանը վերջերս տեղեկացրել է Եվրոպական Խորհրդարանի մի խումբ պատգամավորների նախաձեռնության մասին, որով վերջիններս դիմել են ԵՄ առաջնորդներին՝ առարկայական քայլեր կատարելու Լեռնային Ղարաբաղի հայկական մշակութային ժառանգության պահպանության ուղղությամբ։

Միրիամ Լեքսմանն իր համապատասխան գրառման մեջ խորը անհանգստություն է հայտնել առ այն, որ «Լեռնային Ղարաբաղում հազարամյա հայկական մշակութային և կրոնական ժառանգությունը գտնվում է ոչնչացման, պղծման և յուրացման անմիջական սպառնալիքի ներքո՝ միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի իրավաբանորեն պարտադիր որոշման խիստ խախտմամբ»։ Պատգամավորը նաև արձանագրել է, որ 2020 թ․ 44-օրյա պատերազմից հետո իր վերահսկողության տակ անցած տարածքներում Ադրբեջանն արդեն իսկ իրականացրել է հայկական հոգևոր կրոնական և ազգային մշակութային իրեղենների խեղման, պղծման և յուրացման լայնամասշտաբ արշավ։

Որպես հայկական մշակութային ժառանգության պահպանության խնդրի լուծում՝ Եվրախորհրդարանի պատգամավորները առաջարկել են ԵՄ առաջնորդներին աջակցել հայկական մշակութային կոթողների վրա տեսախցիկների տեղադրմանը։

Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունը ողջունում է Եվրախորհրդարանի պատգամավորների անհանգստությունը՝ կապված Լեռնային Ղարաբաղում հայկական ժառանգության և մշակութային միջավարի պահպանության հետ։ Սակայն հարկ ենք համարում հիշեցնել, որ ադրբեջանական էթնոցիդի քաղաքականությունը սկսվել է ոչ թե 2020 թ․ պատերազմից հետո, այլ շատ ավելի վաղ։ 1988-1992 թթ․ պատմական Գարդմանի, Շիրվանի, Նախիջևանի տարածքից հարյուր հազարավոր հայերի բռնի տեղահանման և էթնիկ զտումներից հետո Ադրբեջանը համակարգային կերպով պղծել, խեղել և ոչնչացրել է այդ տարածքների հազարամյա հայկական պատմամշակութային միջավայրը, բացահայտ և անամոթաբար քարակույտերի վերածել համաշխարհային քրիստոնեական մշակույթի բազմաթիվ հազվագյուտ նմուշներ։ Այս քայլերի համար Ադրբեջանը երբևէ պատասխանատվություն չի կրել, ինչը միջազգային իրավապաշտպան համակարգի խոշոր թերացումն է։

Մյուս կողմից Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային կոթողների վրա տեսախցիկների տեղադրումը չի կարող երկարաժամկետ լուծում լինել այդ կոթողների հարատև կանգունությունը ապահովելու տեսանկյունից։ Այս առումով մենք խիստ կարևորում ենք Լեռնային Ղարաբաղում, ինչպես նաև պատմական Գարդմանի, Շիրվանի, Նախիջևանի տարածքում հայկական մշակութային ժառանգության պարբերական մշտադիտարկումը և այդ օբյեկտների նկատմամբ միջազգային վերահսկողության և խնամակալության հաստատումը, քանի որ ադրբեջանական անվտանգային հավաստիացումները զրոյական են։ Իսկ իրականում հայկական ժառանգության միակ հուսալի պաշտպան կարող է լինել իր հայրենի բնակավայրեր վերադարձած հայությունը։

Որպես հայկական ժառանգության պահպանության վերջնական լուծում՝ մեզ համար ընդունելի է միայն միջազգային երաշխիքներով ապահով և արժանապատիվ վերադարձը Լեռնային Ղարաբաղ և պատմական Գարդմանի, Շիրվանի, Նախիջևանի տարածք։ Ուստի, կոչ ենք անում Եվրախորհրդարանի պատգամավորներին, ԵՄ առաջնորդներին օգտագործել իրենց մանդատը ապահովելու հայ փախստականության անվտանգ և միջազգայնորեն երաշխավորված վերադարձը իրենց հայրենիք»։

ԳԱՐԴՄԱՆ-ՇԻՐՎԱՆ-ՆԱԽԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031