«Ցավոք, ինքս եմ ականատես եղել, որ երբեմն աշխարհաքաղաքական խաղերը, էներգետիկ կարիքները և Ռուսաստանից դիվերսիֆիկացումը սխալ ուղղությամբ է գնում։ Եվրոպական Միությունն այս հարցում ուժեղ դիրքերում չէ, քանի որ, իմ կարծիքով, ԵՄ-ն սխալ ճանապարհով է գնացել։ Փաստացի՝ մեր շահերից ելնելով, էներգետիկ կարիքներից ելնելով՝ ԵՄ-ն աչք է փակում քաղբանտարկյալների հարցով, մինչդեռ մենք կարող էինք հակառակն անել։ Կարող էինք ուժեղացնել ԵՄ-ի դիրքերը՝ Ադրբեջանի հետ համագործակցության միջոցով՝ էներգետիկ հարցերի հետ կապված, և այդպիսով այդ երկրի կառավարության վրա ճնշում գործադրեինք, որպեսզի բաց թողներ Բաքվում պահվող քաղաքական բանտարկյալներին»,- Բրյուսելում՝ Եվրոպական խորհրդարանում անցկացված «Ադրբեջանում հայ քաղբանտարկյալները և ԵՄ ներգրավվածության հրամայականը» թեմայով քննարկման ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց Եվրոպական խորհրդարանի (ԵԽ) պատգամավոր Միրիամ Լեքսմանը (EPP, Սլովակիա)։
Նա վստահեցրեց՝ այսօր այստեղ են իրենց ձայնը բարձրացնելու Ադրբեջանում պահվող հայ բանտարկյալների համար․ «Մեր բարոյական պարտքն է պահանջել, որ Բաքվում պահվող բանտարկյալներն ազատ արձակվեն»։
Նաև տեղեկացրեց, որ Սլովակիայի կառավարությունը ևս դիմել է Ադրբեջանին՝ պահանջելով բաց թողնել հայ ռազմագերիներին։
Կարդացեք նաև
Անդրադառնալով Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի՝ հայաստանյան այցին՝ Եվրոպական խորհրդարանի պատգամավորը նկատեց․ «Իհարկե, այս ամենը պետք է արվի ՀՀ կառավարության հետ համատեղ։ Ցավոք, Ուրսուլա ֆոն դեր Լայենը, այցելելով Հայաստան, չօգտագործեց իր հնարավորությունը լինելու այն ուժեղ ձայնը՝ ընդդեմ Ադրբեջանում մարդու իրավունքների համատարած խախտումների»։
Միրիամ Լեքսմանը վստահեցրեց՝ պետք է Ադրբեջանի նկատմամբ ճնշումը շարունակել, որպեսզի ազատ արձակի քաղաքական բանտարկյալներին։
ԵԽ պատգամավորը նաև հայտնեց, որ հանձնաժողովի նիստերի ընթացքում այս օրերին քննարկումներ են ունենում առևտրային հարցերի հետ կապված, թե ինչպես կարող են օգնել Հայաստանին, որպեսզի հայ ընկերությունների համար եվրոպական շուկան բացվի և աջակցություն տրամադրեն Հայաստանին՝ ռուսական պատժամիջոցների դեմ պայքարի հարցում։
Եվրոպական խորհրդարանում «Ադրբեջանում հայ քաղբանտարկյալները և ԵՄ ներգրավվածության հրամայականը» թեմայով քննարկումն ամբողջությամբ՝ տեսանյութում։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































