Լրահոս
Օրվա լրահոսը

«Վարդան Նադարյանը 2015-ից Վլադիմիր Գասպարյանի ընկերոջ կարգավիճակ չունի». Կոչուբաեւը՝ դատախազին

Ապրիլ 04,2024 17:16

Այսօր Հակակոռուպցիոն դատարանում դատավոր Վարդգես Սարգսյանի նախագահությամբ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի, նրա նախկին տեղակալ Լեւոն Երանոսյանի, ոստիկանության ներքին աուդիտի վարչության նախկին պետ Վարդան Թունյանի, ոստիկանության զորքերի զորամասի նախկին հրամանատար Գուրգեն Գրիգորյանի գործով դատական նիստն էր:

Հիշեցնենք, որ Վլադիմիր Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 1997-2011 թվականներին զբաղեցնելով ՀՀ ՊՆ զինվորական կամ ռազմական ոստիկանության վարչության պետի, ապա ՀՀ ՊՆ տեղակալի պաշտոնները, կատարել է իրեն վստահված ուրիշի առանձնապես խոշոր չափերով գույքի վատնում: Նա տեղյակ է եղել, որ ՀՀ ՊՆ զորամասի 3 զինծառայողներ հրամանագրված են որպես ռազմական ոստիկան, նշանակման օրվանից չեն ներկայացել զինծառայության, այլ դրա փոխարեն նրանցից մեկը աշխատել է որպես ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր՝ Լյովա Սարգսյանի վարորդ, իսկ երկուսը՝ Ալեքսանդր Սարգսյանի թիկնապահներ, ուստի անձնական այլ շահագրգռվածությունից և խմբային շահերից ելնելով, չարաշահելով իր պաշտոնեական լիազորությունները՝ թույլ է տվել վերը նշված ծառայողներին կատարել իրենց կարգավիճակից չբխող աշխատանքներ:

Ավելին՝ Վ. Գասպարյանը 5 տարի ժամկետով երկարաձգել է նշված ծառայողներից մեկի զինծառայության ժամկետը եւ բյուջեից անհիմն վճարվել է ընդհանուր 21.691.481 ՀՀ դրամ՝պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերով վնաս:

Այսօրվա նիստում հանրային մեղադրող Տիգրան Ենոքյանը միջնորդություն ներկայացրեց որպես վկա հարցաքննության կանչել Մարատ Ավետիսյանին, որովհետեւ ըստ գործի նյութերի, Գարեգին Գասպարյանը ոստիկանության կողմից բնակարան էր ստացել որպես նվիրատվություն ու իր հերթին այդ բնակարանը նվիրել ընկերոջը՝ Մարատ Ավետիսյանին:

Վլադիմիր Գասպարյանի պաշտպան Ալեքսանդր Կոչուբաեւն ասաց, որ Սամվել Քոչարյանի քրեական գործով հաստատվել է, որ Վլադիմիր Գասպարյանը 2011-2018-ի ընթացքում ամենօրյա ռեժիմում ստորագրման է ներկայացրել 60 հրաման, սակայն դրանցից զեկուցվող հարցեր եղել են 5-ը, մնացածը մեխանիկորեն կնքվել  ու ստորագրվել են Գասպարյանի անունից:

Ինչպես հայտնել ենք, Տիգրան Ենոքյանը միջնորդեց ապացույցների մեջ ներառել Aravot.am-ի՝ «Վլադիմիր Գասպարյանը իր ընկերոջը՝ Վարդան Նադարյանին համակարգից հեռացնելու մասին» վերտառությամբ 2015-ի հրապարակումը, որտեղ նա հաստատել է, որ Շիրակի նախկին ոստիկանապետը հանդիսացել է իր ընկերը ու նշել. «Նադարյանին հեռացրել եմ, որովհետեւ շուտ-շուտ էր հիվանդանում: Իմ ընկերն է, դրա համար ազատեցի, համակարգից նույնպես ազատված է, որովհետեւ իմ ընկերն է, իսկ իմ ընկերը իրավունքներ չունի, միայն պարտականություններ ունի»:

Կոչուբաեւն ասաց, որ եթե այդ հրապարակման մեջ Վլադիմիր Գասպարյանը նշել է, որ Նադարյանն իր ընկերն է, նաեւ նրան աշխատանքից ազատելուց հետո պատճառաբանությունը եւս պետք է ուսումնասիրի դատարանում, որպեսզի արժանահավատ լինի. «Նա 2015-ից Վլադիմիր Գասպարյանի ընկերոջ կարգավիճակ չունի»:

Վկաներին հարցաքննելու հետ կապված պաշտպանական կողմը թողեց դատարանի հայեցողությանը:

Իսկ դատարանը որոշեց դատախազ Ենոքյանի միջնորդությունը բավարարել ու հաջորդ նիստին դատարան հրավիրել Ռազմական ոստիկանության նախկին պետ Սամվել Ղուկասյանին եւ Արամ Տեր-Սահակյանին: Սամվել Ղուկասյանը նախաքննության ընթացքում հարցաքննվել է, տվյալները կան, իսկ Արամ Տեր-Սահակյանի մասով տվյալները առկա լինելու դեպքում դատարանը գրություն կհասցեագրի ու ծանուցում կուղարկի: Դատարան կհրավիրվեն նաեւ Գարեգին Գասպարյանի ընկեր Մարատ Ավետիսյանը, Արմեն Մովսիսյանը, Արմեն Առաքելյանին, Հայկ Ստեփանյանը, Խաչիկ Բադեյանը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930