Լրահոս
Օրվա լրահոսը

Եզակի մարդկանցից էի՝ առաջինը տեսա ադրբեջանցիների ագրեսիան երեխաների նկատմամբ, ոնց էր 20-ամյա աղջիկը ուշաթափվում այդ ամենից, դրանց ոչ մարդկային վերաբերմունքն ու պահելաձեւը. արցախցի լրագրող

Ապրիլ 07,2024 17:01

Արցախցի լրագրող Աննա Մանգասարյանն այսօր Արցախի կանայք՝ հայկական հիմնախնդիրների մասին. աղետի և պայքարի պատմություններ թեմայով քննարկման ժամանակ հիշեց, թե ինչպես, այսպես կոչված, ադրբեջանցի էկոակտիվիստների բողոքի ցույցերն իրեն բաժանեցին իր 13-ամյա երեխայից: Ինքը մնաց Երեւանում, դուստրը՝ Արցախում:

«Մինչ Արցախի շրջափակումը եկա Հայաստան, այնպես ստացվեց, որ ես Հայաստանում էի, երբ, այսպես կոչված, էկոակտիվիստները փակեցին ճանապարհը: Իմ 13-ամյա աղջիկը Արցախում էր, իսկ ես այստեղ էի: Դժվար էր, փորձում էի ամեն կերպ գնալ, չէր ստացվում: Այդ ընթացքում աղջիկս մի տեսանյութ նկարեց, որտեղ դեռ գազերն էին անջատել, իսկ լույս կար, ասում էր՝ գազերն անջատելով չեք կարող մեզ կոտրել, մենք պայքարելու ենք: Այդ տեսանյութը հայաստանյան որոշ լրատվամիջոցներ հրապարակեցին, երբ կարդում էի՝ մեր հայ հասարակությունն ինչ արձագանք էր տալիս 23-ամյա աղջկա պարզ խոսքերին, զարմանում էի: Այդ խոսքերը քաղաքականացնում էին ու ինչ ասես ասում էին այդ երեխային, նրա ծնողներին՝ չճանաչելով: Հունվարի 17-ին Եվրատեսիլի երեխաների հետ գնացի Արցախ, եզակի մարդկանցից էի, որ առաջինը տեսա ադրբեջանցիների ագրեսիան երեխաների նկատմամբ, ոնց էին մտնում ավտոբուս, ինչ էր կատարվում, երեխաներն ինչ ապրումներ էին ունենում, ոնց էր 20-ամյա աղջիկը ուշաթափվում այդ ամենից, դրանց ոչ մարդկային վերաբերմունքն ու պահելաձեւը:

Բայց այդ ամենի մեջ ամենացավալին այն էր, որ ռուս խաղաղապահները մեզ փոխանցեցին, որ կարող է նորից վերադառնանք դեպի Գորիս, բայց ստացվեց այնպես, որ ռուսները կարողացան բանակցել, ու մենք կարողացանք գալ Ստեփանակերտ: Մութ էր, ցուրտ էր, բայց միտքը որ քո տանն ես, դա մի ուրիշ ապրում էր, մի ուրիշ աշխարհ: Հասա Ստեփանակերտ, աղջիկս դեռ չգիտեր, որ գալիս եմ , հստակ չէր, որ պետք է գնայի, չէինք ասել: Երեխայիս համար շոկ էր, երբ տեսավ ինձ տանը, լացում էր, չէր հավատում:

Դժվար էր այդ ընթացքը, բայց այդ դժվարությունների հետ կային այնպիսի դրական բաներ, որ ես այդ բլոկադայի ընթացքում ավելի շատ տեսել եմ դրականը՝ մարդկանց փոխհարաբերությունները միմյանց նկատմամբ: Այն, որ փորձում էիր քո վերջին պատառը կիսել կողքինիդ հետ: Ես փորձեցի այդ ժամանակահատվածում օգտակար լինել ու մարդկային պատմություններ գրեցի, մոտ 50 մարդկային պատմություն գրեցի, ուղարկեցի Հայաստան ու հայաստանյան լրատվամիջոցները լուսաբանեցին: Այդ պատմությունների մեջ փորձում էի պահպանել դրականն ու հուսադրողը, որ մարդիկ բոլոր դժվարությունների հետ մեկտեղ պայքարում են, չեն ցանկանում Արցախը լքել: Երեխաների համար կյանքը շարունակվում էր, բարդ էր, հաց չկար, գիշերային հացի հերթերը, բայց ապրում էին »,- պատմեց Մանգասարյանը:

Լրագրողի խոսքով, մինչեւ վերջին պահը չի հավատացել, որ կլքեն Արցախը, նույնիսկ երբ հասկանում էին, որ պետք է դուրս գան, այդ է պատճառը, որ տնից ոչինչ չի վերցրել, բացի հագուստից. «Երբ պայթյունը եղավ, աղջիկս իր ճամպրուկն էր դասավորում, մեր տանը շատ պարզ լսվեց պայթյունի ձայնը, երեխաս շատ վախեցավ, միանգամից հարցրեց՝ մամ էլի սկսվե՞ց: Երբ մի քանի րոպե հետո հասկացանք՝ ինչ էր եղել իրականում, աղջիկս ճամպրուկից հանեց շորերը, թափեց գետնին, հարցրի՝ ինչի է նման բան անում, պատասխանեց՝ մամ, ինչի՞ս ա պետք էս ամեն ինչը, թող գան իրենք մեր տուն, տեսնեն՝ մեր տունը թափած ա, կեղտոտ, մեր տուն չմտնեն, չմնան, գնան»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930