Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարությունն առաջարկում է խստացնել սպանդանոցային գործունեության կանոնակարգմանն ուղղված վերահսկողությունը

Ապրիլ 09,2024 15:59

Պետական վերահսկողություն իրականացնող պաշտոնատար անձը սպանդանոցներում ստուգումների դեպքում կունենա իրավական հիմք կասեցնելու կամ դադարեցնելու սպանդանոցային գործունեությունը, ինչպես նաեւ սահմանելու լիազորող նորմեր:

Սպանդանոցներում վերահսկողության հետեւանքով խախտումներ հայտնաբերելիս տնտեսավարողի գործունեությունը հնարավոր կլինի կասեցնել կամ եթե վեց ամիս գործունեություն չի իրականացրել, ապա դադարեցնել այն: Օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ կենդանիների առողջության եւ մարդկանց զոոնոզային վարակներից պաշտպանության համալիրում անասնաբուժական վերահսկման ենթակա ապրանքներ ներմուծող եւ արտահանող, մթերատու կենդանիներ պահող, կենդանական ծագման հումքի եւ մթերքի, կենդանական ծագման կողմնակի արտադրանքի, կերատեսակների, անասնաբուժական դեղամիջոցների արտադրությամբ, վերամշակմամբ, պահպանմամբ, փոխադրմամբ, առեւտրով կամ իրացմամբ զբաղվող ֆիզիկական եւ իրավաբանական անձինք պարտավոր են անասնաբուժական ծառայությանն անհապաղ տեղեկացնել կենդանիների հանկարծակի եւ զանգվածային հիվանդացության կամ անկումների մասին: Միաժամանակ լիազոր մարմինն իրականացնում է կենդանիների հիվանդացության ու վարակիչ հիվանդություններից անկումների պատճառների վերլուծություն: Այս համատեքստում օրենքում կսահմանվեն «անասնագերեզմանոց» հասկացությունը եւ անասնագերեզմանոցներին ներկայացվող պահանջները լիազորող նորմը:

Վերոնշյալ փոփոխությունները գործադիրն առաջարկում է «Անասնաբուժության մասին» օրենքում եւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում: Հարցն առաջին ընթերցմամբ ԱԺ նիստում քննարկման է ներկայացրել ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթեւիկ Սարգսյանը:

Պատգամավոր Արման Ղազարյանը հետաքրքրվել է գործող սպանդանոցների ցանկով: Նա առաջարկել է ոլորտը կարգավորելուց հետո միայն կիրառել խստացումներ:

Փոխնախարարը տեղեկացրել է, որ ըստ օպերատիվ վերլուծության եւ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) տվյալների՝ կա ծառայություն մատուցող 62, ծառայություն մատուցող եւ սեփական կարիքների համար գործող 18 եւ սեփական կարիքների համար գործող 23 սպանդանոց:

Տաթեւիկ Սարգսյանը տեղեկացրել է, որ սպանդանոցային գործունեությունը կանոնակարգելու եւ աջակցելու նպատակով Էկոնոմիկայի նախարարությունը մի շարք ծրագրեր է իրականացնում: Նախարարությունում քննարկվում է «Սպանդանոցային ծառայություն մատուցող տնտեսավարողների աջակցության ծրագիրը հաստատելու մասին» Կառավարության որոշման նախագիծը, որով առաջարկվում է ԱԱՀ դաշտում գործող, սպանդանոցային ծառայություն մատուցող տնտեսավարողներին տրամադրել ֆերմերային տնտեսություններից գնված գյուղատնտեսական կենդանիների սպանդանոցային մորթից ստացված մսեղիքի իրացման համար հաշվարկված ԱԱՀ-ի 15 տոկոսի չափով վերադարձի մեխանիզմը:

Նշվել է, որ 2018 թվականից մինչեւ 2024 թվականի փետրվարը սպանդանոցների 6 հայտ է գրանցվել, գումարը կազմել է շուրջ 165,4 մլն դրամ: Հեշտացվել է սպանդանոցների կառուցման գործընթացը:

Պատգամավոր Արմեն Խաչատրյանը եւս կարծիք է հայտնել, որ սպանդանոցային տնտեսությունների ոլորտը թերի է կարգավորված: Ըստ նրա՝ խրախուսական նորմեր պետք է սահմանվեն, որ մարդիկ օգտվեն այդ ծառայություններից: Միայն խստացումներն օգտակար լինել չեն կարող:

Պատգամավոր Հասմիկ Հակոբյանի հարցին ի պատասխան՝ փոխնախարարը տեղեկացրել է, որ անասնագերեզմանոցների խնդիրը մինչ այժմ կարգավորված չի եղել: Ներկա պահին անասնագերեզմանոցներին ներկայացվող կարգը մշակման փուլում է:

Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովը հարցի վերաբերյալ տվել էր դրական եզրակացություն: Հարակից զեկույցում հանձնաժողովի անդամ Սերգեյ Բագրատյանը, համաձայնելով, որ առաջարկվող կարգավորումներն ամբողջովին չեն լուծում դաշտում առկա խնդիրները, ընդգծել է, որ փոփոխությունները շարունակական են լինելու, եւ այս փաթեթը կարեւոր ու առանցքային լուծումներ է նախատեսում:

ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել