Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի նախկին արտգործնախարար. Խաղաղության հնարավորությունը սպառված չէ․ «Հրապարակ»

Ապրիլ 13,2024 11:50

«Հրապարակ»-ի զրուցակիցն է Արցախի նախկին արտգործնախարար Կարեն Միրզոյանը։

– Խնդրում եմ գնահատել ապրիլի 5-ից հետո ստեղծված աշխարհաքաղաքական ֆոնը՝ հաշվի առնելով Թեհրանից ու Մոսկվայից ստացվող մեսիջները։

– Նախ, ապրիլի 5-ի հանդիպումը, որքան էլ օրվա իշխանությունները չփորձեն դրա արդյունքները թմբկահարել, ակնհայտ է, որ չի արդարացրել այն սպասումները, որոնք մատուցվում էին հասարակությանը մինչեւ այդ հանդիպումը։ Եթե հիշում եք, հանդիպման նախօրեին բավականին մեծ սպասումներ կային, որոնք պետք է տպավորություն ձեւավորեին, որ այն շրջադարձային նշանակություն է ունենալու Հայաստանի անվտանգային ոլորտի, հետագա ճակատագրի համար։ Արդյունքում ստեղծված պատկերը կարելի է բնութագրել, մեղմ ասած, որպես շատ աղմուկ` ոչ մի բանից։ Ինչ վերաբերում է Ռուսաստանի եւ Իրանի արձագանքներին, ապա դրանք ակնկալվող էին, որեւէ նոր բան այստեղ չեմ տեսնում։ Ռուսաստանն ու Իրանն ունեն իրենց հստակ առաջնահերթություններն այս տարածաշրջանում, եւ պետք է արձանագրենք, որ ՀՀ այսօրվա իշխանությունների եւ Ռուսաստանի ու Իրանի իշխանությունների առաջնահերթությունները չեն համընկնում։

– Իսկ այսօր Հայաստանն իսկապե՞ս այն վիճակում է, որ կարելի է զուգահեռներ անցկացնել մեր ու Ուկրաինայի միջեւ, վարվող քաղաքականությունը նմա՞ն է։

– Նախ, զուգահեռներ անցկացնելն արդյունավետ ճանապարհ չէ, որովհետեւ ցանկացած իրավիճակ ունի իր առանձնահատկությունները, արմատներն ու պատճառները։ Միակ զուգահեռն այստեղ այն է, որ երկու դեպքում էլ իշխանություններն այնքան սխալներ թույլ տվեցին, որ, ի վերջո, գնացին իրավիճակի սրման, ինչը ծանր հետեւանքներ ունեցավ երկու երկրների համար էլ։

– Այսինքն, եթե քաղաքականությունը չփոխվի, Հայաստա՞նը եւս ուկրաինական սցենարի առաջ կկանգնի, որովհետեւ 44-օրյա պատերազմի ժամանակ Հայաստանն էլ ուղղակիորեն ներգրավված չէր հակամարտության մեջ, պատերազմի թատերաբեմն Արցախն էր։ 

– Դե, կարծես դրա մասին այսօր բաց խոսում են բոլորը, իհարկե՝ տարբեր նպատակներով։ Իշխանության ամենանախընտրելի զբաղմունքն է՝ հասարակությանը վախեցնել պատերազմով եւ դրանով արդարացնել այն ոչ հիմնավորված զիջումները, որոնց նա պատրաստվում է գնալ։ Այսինքն՝ իշխանությունները կարծես թե իրենք են նախընտրում պատերազմի սցենարը, որպեսզի հետագայում արդարացնեն իրենց պարտվողական քաղաքականությունը։

– Պատերազմից հնարավո՞ր է խուսափել, եթե վարվի այլ քաղաքականություն, թե՞, ինչպես ասում են, վիճակը նետված է։

– Ես կարծում եմ, որ հնարավոր է, խաղաղության հնարավորությունը սպառված չէ։ Դրա համար պետք է վարել ավելի հետեւողական քաղաքականություն, այսինքն՝ չարդարացված զիջումների վրա կառուցված քաղաքականությունը չի հանգեցնում խաղաղության հաստատման, հակառակը՝ ուժի կիրառման, բռնաճնշման ճանապարհով ավելի մեծ գերնպատակների հասնելու համար հակառակորդի մոտ ավելի մեծ ախորժակ է ձեւավորում։

– Հայաստանի վարչապետը խորհրդարանում կրկին խեղաթյուրեց արցախյան հիմնախնդրի պատմությունը, այն դեպքում, երբ նա միակն է ՀՀ ղեկավարներից, ով Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս։

– Իմ խորին համոզմունքն է, որ հատկապես վերջին շրջանի նրա դատարկախոսությունը, ինչ-ինչ փաստերի վրա հղում կատարելն ու տարօրինակ մեկնաբանություններն այլեւս չեն գտնում այն լսարանը, որը նախկինում, եկեք խոստովանենք, գտնում էին։ Մարդիկ բավականաչափ կշտացած են այդ խոսքերից եւ շատ լավ են հասկանում, թե ում պատճառով է այսօր Արցախը հայաթափված եւ ում պատճառով է, որ գոյութենական վտանգը կախված է արդեն Հայաստանի վրա։ Կարելի է երկար ժամանակ սուտ տարածել, կեղծ մեկնաբանություններ անել, բայց չի կարելի հավերժ խաբել։ Դա այլեւս ազդեցիկ չէ, ինչը գալիս են ապացուցելու հանրային կարծիքի վերջին ուսումնասիրությունները, մեր շփումները։ Մարդիկ, ի վերջո, սկսել են հասկանալ, թե կատարվածի պատասխանատուն ով է, եւ ինչպես է նա փորձում այդ պատասխանատվությունն իր վրայից հեռացնել։

Մարիաննա ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930