Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանի կողմից թշնամանքի բացակայությունը և բարի կամքի դրսևորումը ընդունվում է Ադրբեջանի կողմից որպես թուլության նշան». Լևոն Մազմանյան

Ապրիլ 25,2024 16:37

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ռազմավարության գծով նախկին խորհրդական Լևոն Մազմանյանի ֆեյսբուքյան գրառումը

ՀԱՅԱՍՏԱՆԻ «ԵՐՐՈՐԴ» ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ (ՈՉ ՊԱՏՄԱԲԱՆԻ ԱՉՔԵՐՈՎ)

1988-1994: Ազատամարտ, հաղթանակած նախագահ ու ժողովուրդ

Աշխարհակարգի վերափոխման և ԽՍՀՄ փլուզման ֆոնին, Ադրբեջանի իշխանությունների հայահալած քաղաքականությունը արթնացրեց Արցախյան շարժումը, որը վերածվեց հանուն Արցախի հայության կենսական շահերի պաշտպանության հաղթական ազատամարտի։ Պայքարի հաջողության վճռորոշ գործոնն էր՝ քաղաքական, հոգևոր և ռազմական համատեղ գործուն առաջնորդությունը։

Հիմնադրվեցին Հայաստանի՝ միջազգայնորեն ճանաչված և Արցախի՝ միջազգայնորեն չճանաչված հանրապետությունները։

ՀՀ օրենսդրական ամենաբարձր մակարդակում արձանագրվեց Արցախի՝ մայր Հայրենիքի հետ միանալու տեսլականը։

Պատերազմում հայկական կողմի հաղթանակով Արցախում ապրող ժողովուրդը նվաճեց սեփական հայրենիքում ազատ ապրելու իրավունքը, Արցախը պահպանվեց որպես հայկական վարչաքաղաքական միավոր։

Հայաստանը զգալիորեն բարձրացրեց սեփական բնակչության կենսական անվտանգության մակարդակը՝ բարելավելով ռազմավարական խորությունը տասնյակ և հարյուրավոր կիլոմետրերով։

Արցախը պաշտոնապես ճանաչվեց որպես միջազգային հակամարտության կողմ։

Միջազգային հանրությունը, որում որոշիչ դիրք ուներ «սառը պատերազմում» հաղթանակած Արևմուտքը, համակերպվեց ուժերի նոր դասավորության հետ՝ չկիրառելով պատժամիջոցներ կողմերից որևէ մեկի նկատմամբ։

Միջազգային բանակցային հարթակներում գերակայում էր Արցախի հիմնախնդրի հայկական կողմերի առաջարկած տարբերակները՝ Արցախի ՀՀ-ին միացումը կամ քվազի-անկախացումը։

Հայաստանն ընկավ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից ձեռնարկած տնտեսական և լոգիստիկ շրջափակման մեջ։

Հայաստանի նախագահը, ով Արցախի ազատագրական պայքարի հաղթանակած քաղաքական առաջնորդն էր և Արցախի անվտանգությունը երաշխավորող պետության ղեկավարը, համաձայնեց իջեցնել Արցախի կարգավիճակի նշաձողը՝ բավարար համարելով Ադրբեջանի կազմում Արցախի ինքնավար հանրապետության ճանաչումը։

1994-1996։ Կորցված հնարավորություն, քաղաքական բարոյալքում

Արցախյան պատերազմում պարտության ֆոնին Ադրբեջանում շարունակական բնույթ կրող ներքաղաքական ճգնաժամի, ներքին ընդվզումների և նախագահների հերթափոխի արդյունքում Ադրբեջանում որպես երրորդ նախագահ իշխանության է գալիս փորձառու և խոհեմ առաջնորդ (ԽՍՀՄ սոցիալիստական աշխատանքի կրկնակի հերոս, ԽՍՀՄ վերնախավում բարձրագույն պաշտոններ զբաղեցրած)։ Նա հմուտ կերպով օգտագործեց Ադրբեջանի տնտեսական պոտենցիալը և կարողացավ Արևմուտքի խոշոր բիզնեսի հետ ձեռք բերել ռազմավարական ներդրումային պայմանավորվածություններ, որոնք ցատկահարթակ դարձան Ադրբեջանի աշխարհատնտեսական դիվերսիֆիկացիայի և տնտեսական զարգացման, ինչպես նաև հետագա ռևանշիզմի համար։ Արևմուտքի հետ նավթային լոբբիի միջոցով ձեռք բերած պայմանավորվածությունները վճռորոշեցին միջազգային ասպարեզում բանակցային ուժերի բալանսը փոփոխությունը ի վնաս Հայաստանի։

Հայաստանի քաղաքական առաջնորդությունը բաց թողեց պատմական հնարավորությունը ամրագրելու Արցախի գոյամարտի արդար պայքարի արդյունքները, չկարողացավ օգտագործել Հայաստանի և համայն հայության ներուժը՝ վճռորոշ ռազմավարական համաձայնություններ ձեռք բերելու, ինչպես նաև տնտեսության նոր, մրցունակ մոդելի հիմքերը դնելու համար։ Փոխարենն ընտրվեց սեփական իշխանությունը պահելու նպատակով իշխանության չարաշահման ճանապարհը, ինչը խարխլեց նախագահի հանդեպ ժողովրդի վստահությունը և հող նախապատրաստեց ներիշխանական ճգնաժամի համար։

Միջազգային բանակցային գործընթացում արձանագրվեց բեկում՝ ի վնաս Արցախի ինքնորոշման։ Սկսվում է Հայաստանի երրորդ Հանրապետության՝ Ադրբեջանի համեմատ տնտեսական, ժողովրդագրական և ռազմական դիրքերի արագընթաց թուլացման շրջափուլը։

1996-2000։ Հաղթանակի մսխում, ինքնուրույնության գլխատում

Կորցնելով վերահսկողությունը սեփական կառավարության և Արցախի իշխանության նկատմամբ և չունենալով ժողովրդի անվերապահ աջակցությունը, քողարկված պետական հեղաշրջման արդյունքում Հայաստանի առաջին նախագահը պետության ղեկը զիջեց «ոչմիթիզականներին»։ Վերջիններս, Հայաստանի երկրորդ նախագահի գլխավորությամբ, օգտագործեցին «ոչմիթիզականությունը» ըստ էության որպես պոպուլիստական ներքաղաքական խոսույթ, ոչ մի կերպ չծրագրավորելով և չիրականացնելով այդ խոսույթի կյանքի կոչման անհրաժեշտ գերճիգերի ռազմավարությունը։

Արցախի իշխանությունները մերժեցին միջազգային բանագնացների կողմից առաջարկվող Ադրբեջանի կազմում Արցախի բարձր ինքնավարություն ենթադրող փաթեթային լուծումը։ Բոլոր հաջորդիվ առաջարկները կլինեն ավելի վատթար հայկական կողմի համար, իսկ Արցախը այլևս կդադարի դիտարկվել որպես հակամարտության պաշտոնական կողմ։

Հայ ժողովրդի լայն վստահությունը վայելող հմուտ և փորձառու պետական գործչի և Հայաստանի ինքնուրույնության պաշտպան սպարապետի ռազմաքաղաքական խոստումնալից առաջնորդության հայտը կանխվեց հոկտեմբերի 27-ի դավադիր ահաբեկչությամբ։

2000-2018։ Կեղեքում, ծուռ հայելիներ, զուգահեռ իրականություն

Հայաստանի երկրորդ և երրորդ նախագահների օրոք Հայաստանում շարունակեց գերակայել «ոչմիթիզականության» սին խոսույթը։ Համահայկական մարդկային կապիտալի ներուժը և Հայաստանի սահմանափակ նյութական ռեսուրսները շարունակեցին չարաշահվել իշխանության կողմից՝ արագացնելով Հայաստանի ռազմավարական դիրքերի վատթարացումը նյութական ռեսուրսներով շատ ավելի հարուստ Ադրբեջանի նկատմամբ։

Հայաստանի տնտեսությունն ու անվտանգային համակարգը լիարժեք կախվածության մեջ դրվեցին մեկ օտար պետությունից։

Ադրբեջանի երրորդ նախագահը խորացրեց սեփական պետության տնտեսական և անվտանգային դիվերսիֆիկացիան՝ հավասարակշռելով Արևմուտքի և Թուրքիայի հետ սերտ տնտեսական, ռազմական և ռազմատեխնիկական համագործակցությունը Ռուսաստանի հետ խորը և համապարփակ տնտեսական և ռազմատեխնիկական կապերի հաստատմամբ։

Ադրբեջանի չորրորդ նախագահը շարունակեց իր հոր գործը։ Հայատյացությունը դարձավ Ադրբեջանի անթաքույց պետական քաղաքականություն և գաղափարաբանություն։ Ադրբեջանը Արևմուտքի հետ կնքեց նոր խոշոր ենթակառուցվածքային գործարքներ նավթային և գազային ոլորտներում։

Հայաստանի երկրորդ և երրորդ նախագահների պաշտոնավարման արդյունքում Հայաստանից ապօրինի դուրս բերվեց ավելի քան տասնհինգ միլիարդ դոլարի կապիտալ, իսկ Հայաստանի տնտեսական հետաքրքրությունն Արևմուտքի և Ռուսաստանի համար, արտահայտված առևտրաշրջանառության ծավալներով, 1990-աններին Ադրբեջանի հետ համեմատական լինելուց դարձավ վերջինիս համեմատ ավելի քան չորս անգամ պակաս հետաքրքիր։

2018-2020։ Համաժողովրդական վարչապետ, հուսախաբություն, աղետ

Շուրջ երկու տասնամյակ Հայաստանի ժողովրդին կեղեքած և ռևանշի ձգտող Ադրբեջանի համեմատ Հայաստանի դիրքերը անգամներով թուլացրած իշխանության դեմ համահայկական ընդվզման արդյունքում իշխանության եկած հեղափոխական վարչապետը ստացավ պատմական հնարավորություն՝ Հայաստանի ռազմավարական դիրքերը կտրուկ բարելավելու համար։ Նա ուներ ժողովրդի անվերապահ վստահությունն ու աջակցությունը։

Կուտակված ներուժը համահայկական հաղթական շարժման, իսկ առաջնորդությունը՝ քաղաքական, հոգևոր և ռազմական միաբանության վերածելու փոխարեն, վարչապետը կառուցեց հերթական կուսակցապետությունը։ Ի չիք դարձան համահայկական սպասումներն ու հույսերը։ Հայաստանի իրական վերափոխումը ստորադասվեց պոպուլիզմին, որը դարձավ պետական գաղափարախոսություն։

2020 պատերազմի արդյունքներով Ադրբեջանը նյութականացրեց երկու տասնյակ տարիների ընթացքում կուտակած իր ռազմավարական առավելությունները՝ անպատիժ կերպով միջազգային օրենքների խախտմամբ ռազմական ուժով նվաճելով և պաշարելով Արցախը։

Հայաստանը պատժվեց սեփական անվտանգային կարիքների սպասարկումը օտար պետությանը պատվիրակելու, անվտանգային ռիսկերը ճիշտ չգնահատելու և անվտանգային հարաբերությունները չդիվերսիֆիկացնելու համար։

Հայաստանն առանց պայքարի և անվտանգության երաշխիքների ձեռք բերման հանձնեց իր ռազմավարական խորության ապահովման ամենակարևոր տարածքները՝ Քարվաճառն ու Քաշաթաղը։

2020 պատերազմի արդյունքներով Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ իր ռազմավարական առավելությունների պաշարը համալրեց ևս երկուսով՝ Հայաստանի անվտանգային համակարգի և պաշտպանողունակության առժամանակ փլուզումով և Հայաստանի ռազմավարական խորության կտրուկ նվազումով։

2020-2024։ Պայքարից հրաժարում, ինքնախաբեություն, հայրենիքի կորուստ

44-օրյա պատերազմում ռազմավարական օգուտներ ստանալուց հետո Ադրբեջանը շարունակեց նյութականացնել իր ռազմավարական առավելությունները՝ ռազմական ագրեսիաների միջոցով նվաճելով Հայաստանի Հանրապետության շատ ավելի խոցելի դարձած սուվերեն տարածքի կտորներ։

Թուրքիայի և Ռուսաստանի փաստացի աջակցությամբ Ադրբեջանը լուծեց իր կարևորագույն ռազմավարական խնդիրը՝ ռազմական ագրեսիայի միջոցով ամբողջապես բռնագաղթեցրեց Արցախի բնակչությանը, հայրենազրկեց հազարամյակներով կանգուն մնացած արցախցիներին՝ վերածելով Արցախը պատմական Հայաստանի հերթական հայաթափված կտորի։

Հայաստանը չկատարեց սեփական ազգային անվտանգության ռազմավարությամբ և Արցախի հանրապետության հետ ստորագրված պայմանագրով ստանձնած իր պարտավորությունը՝ Արցախի բնակչության բռնի տեղահանության վտանգի դեպքում որպես Արցախի անվտանգության երաշխավոր բոլոր՝ ներառյալ ռազմական միջոցների օգտագործումը։

Արցախի Հանրապետության քաղաքական առաջնորդների «ոչմիթիզականությունը» ավարտվեց Ադրբեջանի ուժային պարտադրանքի ներքո Արցախի վերջին ղեկավարի կողմից Արցախի լուծարման մասին անփառունակ ու անօրինական հրամանագրի ստորագրմամբ։

Արցախը հայաթափելուց հետո Ադրբեջանը շարունակեց Արցախի ցեղասպանությունը՝ թիրախավորելով հայկական պատմամշակութային ժառանգությունը։

Ադրբեջանը շարունակեց խորացնել իր աշխարհատնտեսական դիվերսիֆիկացիան՝ Ռուսաստանի և Իրանի հետ համաձայնեցնելով նոր համատեղ խոշոր ենթակառուցվածքային նախագիծ, որը զգալիորեն կմեծացնի Ռուսաստանի տրանսպորտային համակարգը Հնդկական օվկիանոսին միացնող «Հյուսիս-հարավ» մուլտիմոդալ միջանցքի թողունակությունը։

Հայաստանի կողմից 30 տարի ուշացումով սկսած անվտանգային ու տնտեսական դիվերսիֆիկացիան, ինչպես նաև տրանսպորտային խաչմերուկ դառնալու ձգտումը գործնականորեն շարունակում են մնալ սաղմնային փուլում, ռազմավարական հնարավորություններից բացի պարունակում են ռազմավարական զգալի վտանգներ։ Ադրբեջանի տարածքով անցնող նավթային, գազային և մուլտիմոդալ տրանսպորտային խաչմերուկներն ու միջանցքները ունեն արդեն հարյուր միլիարդ դոլարից ավել համատեղ զուտ ներկա արժեք և սպասարկում են Իտալիայի, Թուրքիայի, Ռուսաստանի, Իսրայելի, Հունաստանի, Հնդկաստանի, Իրանի, Վրաստանի և այլ երկրների արտաքին առևտուրը։

Միակ ասպարեզը, որտեղ Հայաստանը կարողացավ ձեռք բերել հարաբերական ռազմավարական առավելություն՝ դա տասնամյակներ շարունակ Ադրբեջանի կողմից ատելություն քարոզող քաղաքականության վերաբերյալ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին Հայաստանի ներկայացրած բողոքի քննության հուսադրող ընթացքն է։

Ի՞նչ պիտի անենք, որպեսզի կասեցնենք 1996 թվականից սկսված և 2020 թվականից հետո աղետի վերածված Հայաստանի երրորդ Հանրապետության անկման ընթացքը։

Կորցնելով նախապատերազմյան երկու տարիների Հայաստանը իրապես վերափոխելու պատմական հնարավորության պատուհանը՝ պատերազմում Հայաստանի պարտությունից հետո վարչապետը ընկավ սեփական չարորակ վերափոխման տեղապտույտի մեջ։ Սարդարապատի կոչ անող, Թուրքիային ու Ադրբեջանին ցեղասպան անվանող վարչապետից վերափոխվեց Թուրքիայի նախագահի երդմնակալության մասնակից և ցեղասպանության եզրույթից խուսափող վարչապետի։ Տավուշում դիրքերի պաշտպանության համար պայքար մղած հայ զինվորականությանը հերոսների կոչումներ շնորհող վարչապետից վերափոխվեց այդ նույն դիրքերը առանց պայքարի ու այլ դիրքերի դիմաց փոխանակման Ադրբեջանին փոխանցելու հրաման տվող վարչապետի։ Արցախը Հայաստան համարող, իսկ Հայաստանը Արցախի անվտանգության երաշխավոր համարող վարչապետից վերափոխվեց Արցախի համար պատերազմ վարելուց հրաժարվող և իր իսկ կողմից հաստատված գործող ազգային անվտանգության ռազմավարությանը հակասող վարչապետի։ Ադրբեջանի կողմից ուժի և ուժի սպառնալիքը անթույլատրելի համարող վարչապետից վերափոխվեց սեփական ժողովրդի շրջանում թշնամու հանդեպ վախ տարածող վարչապետի։

Այս անփառունակ վերափոխումների և Հայաստանի միակողմանի զիջումների անկասելի շարքը բխում է հետևյալ երեք հիմնական՝ ներքին և արտաքին պատճառներից․

1) Գործուն ռազմավարությունից և ռազմավարական մտածողությունից զուրկ, ժողովրդին միաբանելու և մոբիլիզացնելու անընդունակ հայկական իշխանություններ

2) Ադրբեջանի համեմատ Հայաստանի՝ շատ ավելի թույլ աշխարհատնտեսական ռազմավարական դիրքավորում և դրանից բխող արտաքին դիվերսիֆիկացման խորություն (տարբեր բևեռների հետ համագործակցության ծավալներ)

3) Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ ուժի և ուժի սպառնալիքի շարունակական և հետևողական կիրառում, որը բխում է Ադրբեջանի ռազմավարական նպատակներից և դիրքավորումից

Առաջին խնդիրը հնարավոր է լուծել միայն ժողովրդի լայն վստահություն վայելող քաղաքական, հոգևոր և ռազմական միասնական առաջնորդության ձևավորմամբ, որի գլխավոր՝ քաղաքական բաղադրիչը պետք է իր շարքերից բացառի Հայաստանի անկման մեջ պատասխանատու՝ 1994-ից մինչ օրս իշխանությունում եղած քաղաքական գործիչներին և ուժերին։ Ժողովրդի որևէ հատվածի ռադիկալացման կամ ատելության խոսքի տարածման միջոցով՝ թեկուզ ներկա իշխանությունների հանդեպ, ժողովրդի աներկբա վստահությունը չվայելող քաղաքական, հոգևոր կամ հասարակական առանձին առաջնորդների կամ Հայաստանը աղետալի վիճակի հասցնելու համար պատասխանատվության բաժին կրող նախկին գործիչների կողմից շարունակական իշխանափոխության փորձերը խիստ վտանգավոր են և հղի աղետը բազմապատկելու ռիսկերով։

Երկրորդ խնդիրը հնարավոր է լուծել միայն համահայկական մարդկային կապիտալի լիարժեք մոբիլիզացիայի (ֆիզիկական, մտավոր, ֆինանսական, դիվանագիտական և այլն) դեպքում, քանի որ բնական պաշարներով, աշխարհագրական դիրքով և տնտեսության ներուժով Հայաստանը առայժմ չի կարող մրցել Ադրբեջանի հետ։ Երկրորդ խնդրի լուծման համար նախապայման է հանդիսանում առաջին խնդրի լուծումը։

Երրորդ խնդիրը հնարավոր է լուծել միայն ուժային զսպման միջոցով։ Քանի դեռ չլինի ռազմական, տնտեսական, դիվանագիտական և իրավական ուժային զսպում Ադրբեջանը չունի որևէ ռացիոնալ պատճառ հրաժարվելու համար Հայաստանի նկատմամբ սեփական նվաճողական և ցեղասպան ռազմավարության անխոչընդոտ իրականացումից։ Հայաստանի կողմից թշնամանքի բացակայությունը և բարի կամքի դրսևորումը ընդունվում է Ադրբեջանի կողմից որպես թուլության նշաններ (որովհետև այդպիսիք էլ կան), և թույլ են տալիս ավելի փոքր ջանքերով շարունակել սեփական նվաճողական քաղաքականությունը։ Սեփական ռազմավարության իրականացման արդյունքում Ադրբեջանն արդեն ունի սեփական բանակի կողմից երաշխավորված խաղաղություն սեփական՝ ընդլայնված և բռնի հայաթափված տարածքում, որտեղ նա արդեն ներգրավում է լայնամասշտաբ օտարերկրյա ներդրումներ։ Եթե չլինի Ադրբեջանի զսպում և Հայաստանի շահերի հետ հաշվի նստելու ուժային ներգործություն, «Խաղաղության խաչմերուկի», սահմանների լեգիտիմիզացիայի և տարածաշրջանում խաղաղության մթնոլորտ ստեղծելու հայկական կողմի առաջարկած հնարավորություններից Ադրբեջանը կօգտվի միայն այնքանով, որքանով դա կբխի իր ռազմավարությունից, որի նպատակը ոչ կենսունակ և կախյալ Հայաստանի ստեղծումն է։ Երրորդ խնդրի լուծման համար նախապայման են հանդիսանում առաջին և երկրորդ խնդիրների լուծումները։

Առաջին խնդրի լուծման դեպքում, երկրորդ և երրորդ խնդիրները արագորեն կարելի է լուծել։ Հետևաբար բոլորով պետք է լծվել առաջին խնդրի լուծմանը։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930