Հունիսի 15-ից պարզ կդառնա տեղահանված արցախցիներն բնակարանով ապահովելու պետական ծրագրի կարգը, սահմանվող առաջնահերթությունները։ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրի շրջանակում մշակվում է դիմելու ընթացակարգը։
Թեմայի շուրջ «Առավոտ»-ի հարցերին պատասխանել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Կառուցվածքային ստորաբաժանումների առանձին գործառույթներ համակարգող խորհրդական Գայանե Ղարագյոզյանը։
-ԼՂ բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրի շրջանակում երբվանի՞ց կարող են բռնի տեղահանված անձինք դիմումներ ներկայացնել։
Կարդացեք նաև
– Ինչպես տեղյակ եք, ԼՂ հայրենակիցների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը դեռևս նախորդ ամսում ներկայացվեց Կառավարության նիստին և հավանության արժանացավ։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից ներկայում մշակվում է ծրագրի իրականացման կարգը, դիմումներ ներկայացնելու ընթացակարգը, ինչը առաջիկայում ևս գործադիրի հավանությանը կներկայացվի։
Կարգը հաստատվելուց հետո ծրագրի առաջին փուլով սահմանված պահանջներին բավարարող հայրենակիցներն արդեն կկարողանան դիմումներ ներկայացնել հունիսի 15-ից․ մանրամասների մասին, բնականաբար, հայտարարություններ կունենանք։
-Որո՞նք են այն հիմնական պայմանները, որոնց բավարարելու դեպքում հայրենակիցները կարող են ծրագրից օգտվել։
-Ծրագրից օգտվելու համար կան որոշ պարտադիր պայմաններ, որոնց համապատասխանելու դեպքում ընտանիքը կհամարվի շահառու։
Հիմնական պարտադիր պայմանը ՀՀ քաղաքացիություն ունենալն է, ընդ որում՝ այս պայմանը պարտադիր է ընտանիքի բոլոր անդամների համար, այդ թվում՝ անչափահասների։ Քաղաքացիության ձեռքբերման գործընթացը համակարգվում է ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից՝ տարածքային բաժինների միջոցով։
Ծրագրի շահառու դառնալու համար ընտանիքը 2023 թ. սեպտեմբերի 19-ի կամ դիմելու օրվա դրությամբ ՀՀ-ում չպետք է ունենա սեփականության իրավունքով բնակարան կամ բնակելի տուն։ Եթե տեղահանված ընտանիքի անդամներից առնվազն մեկը չբավարարի այս պայմանին, ապա ընտանիքը, ցավոք, այդ կազմով չի համարվի ծրագրի շահառու։
Կարևոր է նաև նշել, որ եթե ընտանիքը հանդիսանում է ԼՂ առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի շահառու, վերջինս չի կարող օգտվել բնակապահովության այս նոր ծրագրից։ Ընդ որում՝ անկախ նրանից ընտանիքը այդ ծրագրի շրջանակում հավաստագիրն իրացրել է, չի իրացրել, հրաժարվել է, թե ոչ, նա նոր բնակապահովության ծրագրի շահառու հանդիսանալ չի կարող։
Աջակցության չափերը տարբեր են՝ 3-ից 5 մլն դրամ՝ ելնելով նրանից, թե ընտանիքը որ բնակավայրում կնախընտրի կառուցել իր տունը կամ ձեռք բերել բնակարանը։ Բնակավայրերի ցանկում ներառված են և՛ քաղաքային բնակավայրեր, և՛ գյուղական։ Աջակցության առավելագույն չափ նախատեսված է այն բնակավայրերում, որտեղ ներկայում կամ առաջիկայում իրականացվելու են տարբեր ներդրումային ծրագրեր, այդ թվում՝ ենթակառուցվածքների զարգացում, դպրոցների, մանկապարտեզների, ամբուլատորիաների կառուցում կամ հիմնանորոգում և այլն։
– Արդյո՞ք ծրագրի պայմանները վերանայման ենթակա են։
-Մինչ ծրագիրը Կառավարության հավանությանը ներկայացնելը, ունեցել ենք բազմաթիվ հանդիպումներ, քննարկումներ միջոցառման շուրջ, որին մասնակցել և իրենց դիտարկում/առաջարկները ներկայացրել են նաև ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցները։ Առաջարկներից շատերն իրենց արտացոլումը գտել են արդեն պատրաստի ծրագրում, օրինակ՝ աջակցության չափի վերաբերյալ, հետվերադարձի պայմանի չեղարկումը և այլն։
Այս պահին նոր, էական փոփոխություններ նախատեսված չեն։


















































