Լրահոս
Օրվա լրահոսը

Կոպիրկինը շուտով կվերադառնա Երևան. ՌԴ–ն չի նախատեսում իջեցնել Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների մակարդակը

Հունիս 06,2024 23:23 Share

Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը խորհրդակցությունից հետո շուտով կվերադառնա Հայաստան, հարաբերությունների մակարդակի իջեցման մասին խոսք չկա, ասել է ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը, գրում է Ria.ru-ն։

«Դեսպանին խորհրդակցությունների կանչելը սովորական դիվանագիտական պրակտիկա է: Հենց այս պրակտիկայի շրջանակում էլ Սերգեյ Կոպիրկինը կանչվել է խորհրդակցությունների: Մենք այդ խորհրդակցություններն անցկացրել ենք: Ըստ այդմ, կարծում եմ, որ շատ շուտով կարելի է սպասել, որ Սերգեյ Պավլովիչը կվերադառնա Երևան և կվերսկսի իր պարտականությունները»,- ասել է փոխարտգործնախարարը:

Պատասխանելով երկրների միջև հարաբերությունների մակարդակի հնարավոր իջեցման վերաբերյալ հարցին՝ Գալուզինը վստահեցրել է, որ այդ մասին բացարձակապես խոսք չկա:

«Դեսպանին կանչել են խորհրդակցությունների, նա հետ չի կանչվել: Ռուսաստանը և Հայաստանը դաշնակիցներ են, ռազմավարական գործընկերներ»,–շեշտել է նա:

Ըստ փոխարտգործնախարարի՝ լինում են հակասություններ: «Բայց դա չի նշանակում, թե մենք իջեցնում ենք մեր հարաբերությունների մակարդակը»,–ասել է նա:

ՌԴ ԱԳ նախարարությունն ավելի վաղ հայտարարել էր, որ մայիսի 24-ին Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը հրավիրվել է Մոսկվա՝ խորհրդակցությունների:

 

Թարգմանությունը` «Ա1+»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել