Լրահոս
Օրվա լրահոսը

«Հինգ րոպե ընդմիջում տվեք, հասկանամ` ի՞նչ է ասելու տիկին Սակովան, նստեմ, իմ վերաբերյալ պաշտպանական խոսք լսեմ, որն ընդհանրապես չգիտեմ՝ ի՞նչ է»․ Հրայր Թովմասյան

Սեպտեմբեր 09,2024 17:08 Share

«Ես ասում եմ՝ հինգ րոպե ընդմիջում տվեք, հասկանամ` ի՞նչ է ասելու տիկին Սակովան։ Եթե տիկին Սակովան ինձ հետ չի քննարկել իմ պաշտպանությունը, ո՞նց է իրականացնում։ Հիմա կարող է ասել՝ ես մեղքն ընդունում եմ»,- դատարանի դահլիճում իր գործով դատական նիստի ժամանակ վրդովվեց ՍԴ նախկին նախագահ, ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը։

Նախագահող դատավոր Տաթևիկ Գրիգորյանն առարկեց՝ ժամանակը կգա, կհայտարարենք․ հիմա ընդմիջում չի հայտարարվելու։ Մինչ այդ պայմանավորվեիք։

Հրայր Թովմասյանն ասաց, որ տիկին Սակովայի տվյալներն ինքը չունի ու հայտարարեց․ «Ես ուզում եմ հասկանալ՝ իմ պաշտպանությունը ո՞նց է իրականացվելու, պնդում եմ նորից՝ հանրային պաշտպանի մասնակցությունը դատաքննությանը պարտադիր չէ։ Պարտադիր է պաշտպանների ներկայությունը, ես ունեմ երկու պաշտպան, իմ պաշտպաններով իրականացնում եմ իմ պաշտպանությունը։ Դա նույնն է, որ ես հանգիստ քայլում եմ, առողջ տղամարդ եմ, բերեք՝ ինձ ձեռնափայտ տաք։ Դա ինձ խանգարելու է։ Ինչի՞ համար եք Դուք այս ամենն անում։ Վախենում եք, որ հանկարծ նիստին իմ երկու պաշտպանները չեն լինելո՞ւ»։

Այս հայտարարությունից հետո դատարանը Հրայր Թովմասյանի նկատմամբ կիրառեց դատավարական սանկցիա՝ նկատողության ձևով, դատարանի նկատմամբ նման արտահայտություն թույլ տալու համար՝ «վախենալ» եզրույթը նշելու համար։

Դատավորը նորից կրկնեց՝ ընդմիջում չի հայտարարվելու։ Հրայր Թովմասյանը վրդովվեց․ «Ես նստում եմ՝ իմ վերաբերյալ լսում եմ պաշտպանական խոսք, որն ընդհանրապես չգիտեմ՝ ինչ է։ Այսպիսի բան համաշխարհային պատմության մեջ կա՞․ եկել է մարդն ինձ պաշտպանի, ես չգիտեմ՝ ինչի է եկել ինձ պաշտպանի։ Ես ունեմ իմ պաշտպանները, իմ մարտավարությունը կազմել եմ, չգիտեմ՝ ի՞նչ է ասելու։ Նստեմ, ի՞նչը շարունակենք։ 4,5 կես տարի Դուք ասում եք՝ նստեք, շարունակենք։ Նստում եմ, շարունակում ենք, ի՞նչը շարունակենք»։

Հրայր Թովմասյանի պաշտպան Արամ Օրբելյանը ևս միջնորդեց հինգ րոպե ընդմիջում հայտարարել։ Դատավորը կրկին մերժեց, ասաց, եթե ուզում եք, քննարկեք։ Հրայր Թովմասյանն այս առիթով ասաց․ «Ձեր ձայնագրությունների ներքո ես չեմ ուզում քննարկել իմ պաշտպանությունը»։

Արամ Օրբելյանն առաջարկեց՝ չընդմիջելով դատական նիստը դուրս գա՞նք երկու-երեք րոպե, հետո հետ գանք։ Դատավորը համաձայնեց։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30