Խորհրդարանի արտահերթ նիստի ժամանակ, երբ քննարկվում էր հայտարարագրի լրացման ժամկետի երկարացման հարցը, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը զեկուցող Բաբկեն Թունյանին խնդրեց ներկայացնել, թե պարտավորություն ունեցող քաղաքացիների քանի՞ տոկոսն է ներկայացրել հայտարարագիր։
Բաբկեն Թունյանը հայտարարեց՝ մոտ 35 000 քաղաքացի է հայտարարագիր լրացրել և անկեղծորեն նշեց, որ դա փոքր տոկոս է։
Ագնեսա Խամոյանը հիշեցրեց, որ իր հարցից հետո՝ արդյոք 3-6 տարով քրեական պատասխանատվություն հնարավո՞ր է սպառնա նրանց, որոնք չներկայացնեն հայտարարագիր, կամ սխալ լրացնեն և հիշեցմանը՝ Բաբկեն Թունյանն ասել է, որ կխոսի իրավաբանների հետ, այդպես էլ պատասխան չի ստացել։ Ուստի հարցրեց․ «Խոսեցի՞ք իրավաբանների հետ, ի՞նչ է սպառնում մեր այն քաղաքացիներին, որոնք նոյեմբերի 1-ի դրությամբ հայտարարագիր չեն լրացնի կամ սխալ կլրացնեն»։
Նիստը վարող ՀՀ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը թույլ չէր տալիս, որ Բաբկեն Թունյանն արձագանքի, բայց նա պատասխանեց․ «Ոչ մեկը չի դատվելու, ևս մեկ անգամ հավաստիացնում եմ»։
Կարդացեք նաև
Հայտարարագիր լրացնելու պահանջը մինչև նոյեմբերի 1-ը հետաձգելու որոշումը ԱԺ–ն առաջին ընթերցմամբ ընդունեց։ Կողմ քվեարկեցին 63 պատգամավոր, 13-ը ձեռնպահ էին։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ